Ի՞նչն է վիրավորանքը
Wed, 12 Aug 2026 17:15:14 +0400
44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո պետական կառույցները մեկը մյուսի հետեւից հանձնվեցին անձամբ Նիկոլին: Զարմանալի բան էր՝ գերագույնը, ի դեմս որի մենք չպետք է «շշկռվեինք», ԶՈՒ բունկերում թաքնված, վրեժի էր կոչում իր կողմնակիցներին: Իսկ զինված ուժերի հրամանատարությունը լեթարգիական խոր քնից արթնացավ ընդամենը 3 ամիս անց: Բայց ԶՈՒ ԳՇ համարձակությունը բավարարեց միայն հայտարարության համար՝ առանց որեւէ գործողության, եթե, իհարկե, դա չհամարենք գործողություն: Դրանից կես տարի անց ՀՀ Սահմանադրական դատարանը կարող էր իրականություն փոխել, բայց այն եւս հանձնվեց վարչապետի ողորմածությանը: Արդյունքում, պարտությունից 5 տարի անց դրա հետեւանքները շարունակում են զգացնել տալ իրենց ավերիչ ազդեցությամբ: Ինչի «զարդն ու պսակը» կարելի է համարել հունիսի 7-ի ոչ պակաս խայտառակ, աննախադեպ ընտրախախտումներով հագեցած ընտրությունները:
Տարեսկզբին սկսված ու ինչ-որ ժամանակ դադարեցված հակաեկեղեցական արշավը կարող է նոր շունչ ստանալ Վեհափառի եւ Հոգեւոր խորհրդի անդամների նկատմամբ սկսված դատական գործընթացով: Բայց դեռեւս չսկսված՝ այն կանգ առավ դատավորի ինքնաբացարկով: Դրա վրա կանգ չառնենք. այն արդեն քննարկվել է խորությամբ: Իսկ մինչ այդ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբինյան Ռուբենը խորը փիլիսոփայական մտքեր էր հայտնում: Ներկայացնեմ մի հատված. «Վիրավորանքը սուբյեկտիվ բան չէ, օբյեկտիվ է: … Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգեւորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է»:
Ռուբինյանը, իհարկե, մոռանում է, որ մարդուն դիմում են այն անուն-ազգանունով, որը կրում է պաշտոնապես: Իսկ եկեղեցականին էլ դիմում են ոչ թե ավազանի, այսինքն՝ քաղաքացիական կյանքում նրան տրվածով, այլ եկեղեցու կողմից ստացած անունով: Այնպես որ, դա որեւէ դիրքորոշման հարց չէ՝ ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ եկեղեցական: Դա ընդամենը նորմալ դիմելաձեւ է, իսկ եթե Ռուբինյանը, այնուամենայնիվ, ցանկանում է դիրքորոշում փնտրել այդտեղ, ապա դա ընդամենը բարեկրթության խնդիր է: Հատկապես որ կաթողիկոսին վերջինիս առաջնորդը չի կոչում տվել, որպեսզի փորձի դա հետ վերցնել:
Ավելին, արքեպիսկոպոս Մակարիոս III-ը, օրինակ, Կիպրոսի հունական եկեղեցու առաջնորդն էր: Բայց միաժամանակ քաղաքական գործիչ էր ու դարձավ Կիպրոսի Հանրապետության առաջին նախագահը: Սակայն նույնիսկ քաղաքական պաշտոն ձեռք բերելով՝ նա չվերադարձավ իր աշխարհիկ անվանը՝ Միխայիլ Խրիստոդուլու Մուսկոսին: Որպես նախագահ նա մնաց Մակարիոս III: Ու եթե փորձում ենք Վիքիպեդիաում նրան որոնել իր աշխարհիկ անունով, չենք կարողանում: Համացանցում եւս նա ներկայանում է հենց իր եկեղեցական անունով: Եվ միայն ԱԲ-ն է արձագանքում, երբ համացանցում որոնումը տալիս ես աշխարհիկ անունով:
Այնպես որ, մարդուն իր ավազանի անունով դիմելը, երբ վերջինս գործող հոգեւորական է եւ ոչ թե կարգալույծ արված, հենց վիրավորանք է, որ կա: Առավել եւս, որ Գարեգին Բ-ն աշխարհիկ որեւէ պաշտոն չի զբաղեցնում, ինչն առկա էր հույն արքեպիսկոպոսի դեպքում: Ավելին, կարգալույծ արված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի ավազանի անունն Արման է, բայց Նիկոլենք շարունակում են նրան կոչել կորսված եկեղեցական անունով: Ու այդ պարագայում, այո, դա վերածվում է քաղաքական հարցի: Հատկապես որ նախկին եպիսկոպոսը մեղա գալու փոխարեն, ինչը կարող էր հանգեցնել ներման, եկեղեցական ներքին հարցը տեղափոխեց աշխարհիկ դատարան՝ դրանով հանդես բերելով եկեղեցական կանոնների եւ հնազանդության ուխտի կոպիտ խախտում ու ներեկեղեցական խնդիրները վերածելով քաղաքականի: Դա շատ մոտավոր նման է այն բանին, որ վարչապետի խորհրդական նշանակված անձն աշխատանքի գծով խնդիր ունենա ու դատարան դիմի, երբ նրան ազատեն աշխատանքից:
Ինչպես տեսնում ենք, եկեղեցու ներքին կանոնական հարցը վերածվում է քաղաքականի, երբ գործող իշխանությունը, խախտելով Սահմանադրությունը, քիթը խոթում է այնտեղ, որտեղ նրան չեն սպասում: Ու դա վերածվում է հենց վիրավորանքի ու բարեկրթության հարցի: Եվ դա՝ այն իշխանության պարագայում, որի ներկայացուցիչն ԱԺ-ում հայտարարում է բարեկրթությամբ առաջնորդվելու անհրաժեշտության մասին: Բայց այս առումով զարմանալն իմաստ չունի, քանի որ գործող իշխանությունն այնքան անհեթեթություն գեներացրեց, որ աշխարհիկ դատարանով նույնիսկ զանցանք չկատարած Վեհափառ դատելն արդեն չափից ավելի չի դիտարկվում:
Որպես տարիքով ու փորձառությամբ ավագ գործընկեր՝ մի խորհուրդ տամ լրագրողներին: Կարիք չկա անընդհատ պարզելու ՔՊ-ականների վերաբերմունքը Վեհափառի եւ մյուս հոգեւորականների նկատմամբ իրականացվելիք դատական գործընթացի առումով, քանի որ ստանալու եք բազմաթիվ անգամ կրկնված պատասխանը՝ «Կտրիճ Ներսիսյանի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու» մասին, եւ չեք հասցնելու տալ երկրորդ հարցը, թե ում միջոցով էր Նիկոլը փորձում «բարենորոգել» Եկեղեցին, որովհետեւ մինչ այդ իրենք արդեն կհեռանան: Անմիջապես տալիս եք «բարենորոգման» հարցը՝ ձեռքի տակ ունենալով տիրադավ եպիսկոպոսների ցուցակը՝ իրենց «առաքինություններով»: Ինչ վերաբերում է Ռուբինյանի խոսույթին, թե «կուսակրոնության ուխտը խախտած անձին հնարավոր չէ դիմել այդ (այսինքն՝ եկեղեցական) անունով», ապա չեմ հիշում, որ «բարենորոգիչ» հոգեւորականներին, որոնց մամուլում հենց նույն մեղադրանքն է ներկայացվում, Ռուբինյանն ու մյուսները դիմեին ավազանի անուններով: