Ի՞նչ ընտրության մասին է խոսքը…
Thu, 13 Aug 2026 17:15:45 +0400
2018-ի գարնանային օրերին, երբ ժողովուրդը Սերժ էր մերժում, չէր պատկերացնում, թե ուր է հասցնելու այն: Չէինք պատկերացնում նույնիսկ մենք՝ ժողովրդի կրթված ու գրագետ հատվածը: Մեզ թվում էր, թե մենք ավելի խելացի ենք մեր հարեւան վրացիներից, ինչպես նաեւ՝ ո՛չ հարեւան ուկրաինացիներից: Մտածում էինք, որ չենք կրկնի նրանց՝ մեկի 2008-ի արկածախնդրությունը եւ մյուսի 2014-ի երկրորդ Մայդանը: Պարզվեց, որ ոչ միայն ավելի խելացի չենք, այլեւ … Լավ, չասեմ, որ կրկին իրական ու կեղծ հայրենասերների քննադատությունների ու հայհոյանքների տարափի տակ չընկնեմ:
Ինչեւէ, մեզ ղեկավար կարգեցինք մեկին, որը 2026-ին փորձում է կրկնել այն ուղին, որ մեր երկրի ղեկավարությունն ընտրել էր 2000-ականների սկզբին: Խոսքը «քոմփլեմենթարիզմի», «եւ … եւ»-ի գաղափարախոսության մասին է: Որոնցից երկրորդը տապալվեց 2013-ին, չնայած դրա առաջին եւ լուրջ նախանշանը բացահայտվեց 2007-ի անվտանգության մյունխենյան գագաթնաժողովում, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը բացահայտ քննադատության ենթարկեց ԱՄՆ-ի միաբեւեռ քաղաքականությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք եւ արեւմտյան երկրների միակողմանի ուժային միջամտությունները: Այդ ելույթը, ըստ ԱԲ-ի, համաշխարհային քաղաքականության մեջ շրջադարձային կետ դարձավ. արեւմտյան վերլուծաբաններն այն որակեցին որպես «Սառը պատերազմի» ավարտից հետո Մոսկվայի ամենակոշտ ուղերձը, որով Ռուսաստանը հստակ հայտարարեց գլոբալ գործընթացներում իր շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին։
Այնպես որ, երբ 2008-2013 թթ․ ՀՀ երրորդ նախագահը եվրոպամետ խաղեր էր տալիս, չէր պատկերացնում, որ դրա վերջը Մաքսային միությունն է, որ հետո վերածվեց ԵԱՏՄ-ի: Անկեղծ ասած, մենք էլ չէինք պատկերացնում, բայց, որպես շարքային քաղաքացի, կարող էինք վերը նշվածը չիմանալ ու չպատկերացնել: Սակայն Սարգսյանը պարտավոր էր, քանի որ գործող նախագահն էր: Սերժին մերժելով հանդերձ՝ արտաքին հարցերում Նիկոլը շարժվում է մինչեւ 2013 թվականը վերջինիս անցած՝ «եւ … եւ»-ի ճանապարհով, չնայած արդեն ունի վերջինիս փորձառությունը: Այնուամենայնիվ, օգտվելով ԵԱՏՄ անդամ լինելու արտոնություններից՝ Նիկոլը փորձում է շարժվել դեպի Արեւմուտք: Այնինչ, ի տարբերություն 2013 թվականի, 2026-ին ՌԴ-Արեւմուտք փոխհարաբերությունները դարձել են թշնամական, եւ բացարձակ անմտություն է այդ պայմաններում փորձել կրկին խաղալ 2013-ից առաջ խաղացված խաղը: Դա ուղղակի մեզ չեն թույլատրի: Ու որքան էլ Նիկոլն ասի՝ որեւէ հիմք չկա ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ ընտրություն կատարելու, դրան բանի տեղ դնող չի լինելու:
Արդյունքում կրկին տուժելու է ժողովուրդը, որը հունիսի 7-ին Նիկոլ էր ընտրում, իսկ այսօր կանգնած է կոտրված տաշտակի առջեւ:
Դա՝ մեկ, եւ երկրորդ. արեւմտյան ուղղությամբ շարժվելուն ռուսական հակազդեցությունը որեւէ ձեւով չի հավասարակշռվում եվրոպական ջանքերով: Ավելին, դրանք քարոզչական միջոցներից այն կողմ չեն անցնում: Էլ ավելի․ իրենց սիմվոլիկ բնույթով դրանք վերածվում են մեր հասցեին ուղղված ձեռառնոցիի: Ինչի՞ նման է, ասենք, մի տուփ ծիրան ուղարկելը Բրյուսել կամ մեկ ֆուռ ծիրան բելգիական մեկ այլ՝ ինչ-որ անհայտ բնակավայր առաքելը: Կամ, ասենք, 10 հազար հատ ծաղիկ Լատվիա ուղարկելը, երբ սահմանափակումներից զերծ 2024 թվականին օրական ՌԴ էր առաքվում միջին հաշվով 170 հազար հատ ծաղիկ: Էլ չասած վրացականի, իրանականի կամ ուզբեկականի անվան ներքո դեպի ՌԴ հայկական գյուղմթերք առաքելու փորձերն ու դրանց տապալումը: Արդյունքում ստացվում է, որ թշնամանում ենք ՌԴ-ի հետ՝ այն պարագայում, երբ ԵՄ-ն բացարձակ միտք չունի մեր երկիրն ընդունել իր կազմում: Ու երբ նրան դեմ են տալիս պատին, իրեն մնում է միայն ասելու, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ ընտրություն կատարելու հիմք չկա: Ինչպե՞ս լինի, եթե գտնվում ենք ԵԱՏՄ-ում, իսկ ԵՄ-ից նույնիսկ հրավեր չկա ու հույս չկա, որ կարող է լինել տեսանելի ապագայում: