«Արցախը պետք է վերջնականապես վերանա Երևանում»․ Բաքվի ախորժակը բացվել է
Thu, 13 Aug 2026 19:45:36 +0400
Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանախմբի արցախատյաց, արցախուրաց քաղաքականությունը, Բաքվում հանիրավի բռնադատված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մեր մյուս հայ բանտարկյալների դեմ շարունակվող ապօրինությունների և նրանց ճակատագրի նկատմամբ ազգադավ կեցվածքը հասցրել է նրան, որ Բաքվում հերթական հայատյաց ու թշնամական թեզերն են հրապարակ նետում և նոր վայնասուն բարձրացնում։
«Ադրբեջանն ու Հայաստանը նոր գլուխ են բացել իրենց հարաբերություններում։ Սա հնարավոր դարձավ, առաջին հերթին, Բաքվի հետևողական դիրքորոշման և նախագահ Իլհամ Ալիևի հեռատես քաղաքականության շնորհիվ, ով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո առաջարկեց ոչ թե առճակատման անվերջ շարունակություն, այլ նոր տարածաշրջանային իրականություն՝ խաղաղություն, ինքնիշխանության փոխադարձ ճանաչում և տարածքային պահանջներից հրաժարում»,-հերթական հրապարակման մեջ նշում է ադրբեջանական իշխանամերձ կայքերից մեկը՝ Մինվալ-ը։ Հոդվածագիրը պնդում է՝ «Այժմ Երևանը պետք է ապացուցի իր հավատարմությունն այս նոր իրականությանը»։ Այստեղ իհարկե ողջամիտ հարց է առաջանում, 2018 թվականից ի վեր իշխանության եկած ուժն այդ ե՞րբ չի ապացուցել իր անվերապահ հավատարմությունը պաշտոնական Բաքվին ու անձամբ` բռնապետ Իլհամ Ալիևին։
«Հայկական լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ օգոստոսի 18-ին Հայաստանում՝ Արցախի ներկայացուցչությունում նախատեսվում է հանդիպում լուծարված անջատողական կազմավորման նախկին պաշտոնյաների և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների միջև, որտեղ նրանք ենթադրաբար պատրաստվում են քննարկել նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, բնականաբար հարցեր են առաջացնում»,-ահաբեկվածի շեշտում է հոդվածագիրը՝ կարծես այդ նույն արցախցիներին ու մեր կորսված հայրենիքի այդ հատվածի ներկայացուցիչներին իրենք չեն դարձրել վտարանդի, բռնությամբ վտարել սեփական հայրենիքից, նրանցից մի մասի դեմ շինծու դատավարություններով շարունակել իրենց մարդասպան և ցեղասպան քաղաքականությունը։ Շարունակելով հայատյաց ու արցախատյաց մաղձը, ադրբեջանական իշխանամետ քարոզչակայքը նշում է․ «Այստեղ է, որ խոսակցությունն ավարտվում է, և սկսվում է Երևանի` խաղաղության օրակարգին իրական հավատարմության փորձությունը։ Տարիների հակամարտությունից հետո Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն՝ փակելու տարածքային պահանջների էջը։ Կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությունը բյուրեղյա պարզ է՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ պահանջներից հրաժարում և հարևան պետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող գործողությունների կանխարգելում։ Հետևաբար, հայկական տարածքում այնպիսի կառույցների գոյությունը, որոնք շարունակում են իրենց անվանել նախագահ», խորհրդարան, կառավարություն կամ գոյություն չունեցող հանրապետության ներկայացուցչական գրասենյակ, Երևանի կողմից իր սեփական պարտավորությունների կատարման հարց է»։
Բաքվում նաև հոխորտում են՝ «Եթե Հայաստանն իսկապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, եթե Հայաստանի ղեկավարությունն իսկապես տարածքային հարցը փակված է համարում, ապա ի՞նչ է արցախյան ներկայացուցչությունը Երևանում։ Ի՞նչ միավոր է այն ներկայացնում: Ի՞նչ հիմքով կարող են քննարկվել հարևան պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասին հավակնող միավորի նախագահի» ընտրությունները հայկական հողում։ Պատասխանն ակնհայտ է: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների նոր գլուխը պահանջում է ոչ միայն նոր հայտարարություններ, այլև նոր վարքագիծ»:
Այն, որ Արցախ ու արցախցի բառից խրտնում են ոչ միայն Փաշինյանն ու իր վերարտադրված խումբն ու Ալիևյան ռեժիմը` միաժամանակ ու, թերևս, վաղուց գաղտնիք չէ, որ Ադրբեջանում սկսել են նոր «ակնարկներ» ու «առաջադրանքներ» փոխանցել պաշտոնական Երևանին, նոր զարգացումների են սպասում: Բացառված չէ, որ արդյունքում ՀՀ գործող իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք սկսեն արցախցիների ու նրանց աջակցող ընդդիմադիր ուժերի դեմ։ Այնպես որ, ներհայաստանյան քաղաքական աշունը կարող է թեժ լինել, վախենամ՝ նույնիսկ բախտորոշ, մանավանդ որ Բաքվում սպառնում են՝ «մենք մտածելու և ապացուցելու բան չունենք, գնդակը Երևանի դաշտում է»։