«Հրապարակ». Ճամբարային սկանդալի կուժն ու կուլան կոտրել են մի շարքային աշխատողի վրա

«Հրապարակ». Ճամբարային սկանդալի կուժն ու կուլան կոտրել են մի շարքային աշխատողի վրա

Wed, 19 Aug 2026 11:15:00 +0400


Ծաղկաձորում՝ շքեղ հյուրանոցների ու թանկարժեք քոթեջների հարեւանությամբ, եկեղեցու մոտ ծվարել է անապահով երեխաների համար նախատեսված եւ կառավարության աջակցությամբ գործող «Աղբյուր» ճամբարը։ Ճամբարի տարածքի եւ գույքի սեփականատերը Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Արթուր Հարությունյանն է։ Այս տարի ճամբար էր մեկնել մոտ 250 երեխա Թալինից, Սյունիքից, Շիրակից, Արմավիրից ու Արագածոտնից, եւ հենց այս կառույցի շուրջ մոտ 20 օր առաջ՝ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած ռեպորտաժից հետո, մեծ աղմուկ բարձրացավ, եւ ճամբարը փակվեց:

Լրատվամիջոցն արձանագրել էր, թե ինչ խայտառակ պայմաններում է անցնում վարչապետի, կառավարության աջակցությամբ կազմակերպված՝ ծնողազուրկ, նպաստառու, զոհվածի ընտանիքների երեխաների հանգիստը: Նրանք քնում են հին սովետական ճռռացող մահճակալների վրա, ապրում են գորշ, դարերով ներկ չտեսած պատերի մեջ, կեղտոտ, հակահիգիենիկ, «անհատակ» սենյակներում, սոված են մնում, քանի որ սնունդը բավարար չէ, անգամ լողանալու, ոտք ու ձեռք լվանալու հնարավորություն չունեն: Այսինքն, անապահով պայմաններից երեխաներին տեղափոխել են ավելի անապահով բնակավայր, որտեղ տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ չկան:
Ասում են՝ սկանդալային ռեպորտաժը դիտել է Փաշինյանը, ու կառավարությունում ոչ աշխատանքային օրով բոլոլա է սկսվել: Ռեպորտաժը հրապարակվել է հուլիսի 3-ին` ուրբաթ օրը, իսկ մեկ օր անց` շաբաթ օրով երեխաներին տեղափոխել են: Մինչ այդ Սննդի տեսչությունն է այցելել, խոհանոցը փակել: «Մեր ծրագիրն աշխատում էր մինչեւ հուլիսի 8-ը: Էդ 3-4 օրվա համար մենք երեխաներին տեղափոխեցինք Հանքավանի մյուս ճամբարներ՝ «Հանքավան», «Արագած», «Հեքիաթների կիրճ», «Զեփյուռ»: Մենք էլ իրենց հետ միասին, ջոկատավորներով տեղափոխվել ենք ու հանգիստը բարեհաջող ավարտել ենք»,- ասում է ջոկատավար Գոհար Մկրտչյանը:

Պատմում է, որ «Աղբյուր» ճամբարը երկար ժամանակ է, ինչ գործում է, ինքը 17 տարի այնտեղ է աշխատել, եւ միշտ են ստուգողներ եկել ու տեսել այն, ինչ արձանագրել է «Ազատությունը»: «Բայց եկեք՝ ինձ էլ հարցեր մի տվեք, ես մանկավարժ եմ, ուղղակի սա էն հարցը չէր, որ մեր տարիների աշխատանքը հասցնեն զրոյի, ու խառը պատմություններ լինեն այսպիսի»:

Մեր տեղեկություններով, «Աղբյուրի» դեպքով միաժամանակ 2 ծառայողական քննություն է սկսվել: Մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը՝ ճամբարների աշխատանքները վերահսկող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ կառավարությունում: Այս քննություններով պետք է պարզեին, թե ինչու այդ կառույցներն ու պաշտոնյաները չեն կատարել իրենց պարտականությունները, նաեւ՝ հսկելու գործառույթը, ով է թերացել, ինչպես պատժել մեղավորներին: Աբսուրդն այն է, որ այս ամբողջ բոլոլայի արդյունքում կուժն ու կուլան կոտրվել են հանրակրթության վարչության մի շարքային աշխատողի գլխին, որին ազատել են աշխատանքից, ինչից մարդիկ վրդովված են, որովհետեւ «սլաքավարի» վրա մեղքը բարդելը շատ բնորոշ է մեր ժամանակներին: Համակարգում մինչ օրս դեպքի շուրջ խոսակցություններ ու ներքին քննարկումներ են ընթանում:

Ծառայողական քննությունների արդյունքների մասին ԿԳՄՍՆ-ում նախընտրում են լռել: Ի վերջո, հենց այս կառույցն էլ ընտրել է չարաբաստիկ «Աղբյուրը», որտեղ կենցաղային պայմաններն անցյալ դարից չեն փոխվել: Ստանալով մեր հարցերը՝ ԿԳՄՍՆ խոսնակ Նելլի Վահանյանը նախ խոստացավ, որ կճշտի եւ կզանգահարի, իսկ հետո, թե բա՝ ժամանակ չունեմ, քննարկման եմ, գրավոր հարցում ուղարկեք: Նույնը նա պատասխանել էր «Ազատությանը»:
Պետական «հանգստի» ծրագիրը կառավարությունը խոցելի խմբերի երեխաների համար իրականացնում է արդեն մոտ 20 տարի: Այն վերահսկելու համար վարչապետի որոշմամբ ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով` տարածքային կառավարման փոխնախարարի ղեկավարությամբ, կրթության նախարարությունն էլ մրցույթով ընտրում է այն ճամբարները, որտեղ պետք է հանգստանան այս փոքրիկները:

«Աղբյուր» ճամբարի հետ ԿԳՄՍՆ-ն գնման պայմանագիր է կնքել՝ 32 միլիոն 500 հազար դրամի: Պայմանագրով նախատեսված էին երեխաների կեցության համար բոլոր պատշաճ պայմանները ՝ շուրջօրյա տաք ու սառը ջուր, ննջարաններ, բարվոք շենքային պայմաններ, կահավորված խոհանոց եւ այլ կետեր, որոնք փաստացի մնացել են թղթի վրա: 1 երեխայի համար պետությունն այստեղ ծիծաղելի գումար է վճարում՝ 5 հազար դրամ, որի մեջ մտնում են ե՛ւ սնունդը, ե՛ւ լույսն ու ջուրը, ե՛ւ պահպանման ու անձնակազմի ծախսերը:

Արդյո՞ք այս գումարը բավարար է մեկ երեխայի հանգիստն ապահովելու համար՝ հարցրինք «Լուսաբաց» մասնավոր ճամբարի ղեկավար Աշոտ Ավետիսյանին: Նա ճշտում է՝ պետությունը մեկ երեխայի համար ոչ թե օրը 5 հազար դրամ է տրամադրում, այլ՝ 6 հազարից քիչ ավելի: «Ճամբարները մրցույթը շահել են այդ գումարի սահմաններում: Տրված գումարը նախատեսված է 3 հոդվածի համար` սնունդ, աշխատավարձ, տնտեսական ծախսեր, որի մեջ մտնում է հոսանքը եւ մյուսները»: Այսինքն՝ նույնկերպ, ինչպես նորոգվում են դպրոցներն ու մանկապարտեզները, պետք է նորոգվեն նաեւ ճամբարնե՞րը: «Եթե նորոգվեն, մենք շատ ուրախ կլինենք, բայց դրանք սեփական, մասնավոր ճամբարներն են, որոնց նորոգման համար պետությունը չի նախատեսում ոչ մի գումար»,- ասում է Ավետիսյանը եւ շեշտում, որ ճամբար կառավարելը, պահելը հեշտ չէ: «Երկու երեխա ունենալու դեպքում հե՞շտ է այդ երեխաներին տանը պահելը: Պրոբլեմներ չե՞ն առաջանում: Դե, պատկերացրեք՝ 250-300 ուրիշի երեխա ես պահում ու օրը 4 անգամ սնում ես: Բավականին բարդ պրոցես է դա, որը պետք է ղեկավարել ճիշտ, որպեսզի հանգիստն էլ ճիշտ կազմակերպվի»:

Աշոտ Ավետիսյանը երկար տարիներ եղել է «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ նախկին թիվ 15 հատուկ դպրոցի տնօրենը, որը գտնվում էր Նորքի անտառներում: 2019 թվականից ազատվել է աշխատանքից, իսկ մեզ հետ զրույցի պահին Հանքավանում էր՝ իր «Լուսաբաց» ճամբարում, որտեղ այս տարի էլ՝ մինչեւ հուլիսի 8-ը երեխաներ են հանգստացել: Այժմ վերականգնում է տնտեսությունը: Հարցին, թե ինչու են մեր մանկական ճամբարները հիմնականում Հանքավանում ու Ծաղկաձորում, պատասխանում է. «Եթե ճամբարներն իրար մոտ են գտնվում, դրանք ղեկավարելը հեշտ է լինում՝ բժշկական սպասարկումը, մատակարարումը, վերահսկողությունը: Խոսքը պետական ծրագրի շրջանակում աշխատողների մասին է: Օրինակ, Հանքավանում կա կենտրոնական մանկական պոլիկլինիկա, որը սպասարկում է երեխաներին ամռան հանգստի ժամանակ»: Վերահսկողության մասին էլ ասաց, որ ինչքան տեսչություն կա, հերթով գալիս են եւ բոլոր ճամբարները ստուգում: Ստացվում է՝ այն, ինչ հայտնաբերեցին լրագրողները, ստուգողներն էլ պետք է տեսած լինեին եւ ինչո՞ւ են լռել:

ՀԳ. Ամառային սեզոնը չի ավարտվել, եւ դեռ հայտնի չէ, թե քանի երեխա է 2026 թվականին հանգստացել ճամբարներում: Բայց ունենք միջին վիճակագրություն, ըստ որի՝ տարեկան 3000-3500 երեխայի հանգիստն այդ ճամբարներում պետական ծրագրերով է կազմակերպվում: Դրանց ավելանում են բազմաթիվ մասնավոր, բակային, եկեղեցական եւ վրանային նախագծեր: Սա իրականում բավականին մութ եւ չվերահսկվող ոլորտ է, մանավանդ՝ պետական համարվող ճամբարները, որտեղ իրավիճակը շատ չի տարբերվում «Աղբյուրի» վիճակից, պարզապես ամեն տեղ չէ, որ մուտք է գործում լրագրողական տեսախցիկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կասպից ծովի հատակով կապուղի կգործարկեն

Կասպից ծովի հատակով կապուղի կգործարկեն Wed, 19 Aug 2026 18:30:33 +0400 Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ…

12 րոպե ago

Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին

Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին Wed, 19 Aug 2026 18:15:35 +0400 Երեկ գրել…

26 րոպե ago

Իրանի կառավարման համակարգի բարեկարգումը անխուսափելի է․ Փեզեշկիան

Իրանի կառավարման համակարգի բարեկարգումը անխուսափելի է․ Փեզեշկիան Wed, 19 Aug 2026 18:00:48 +0400 Իրանի նախագահ…

41 րոպե ago

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին Wed, 19 Aug…

56 րոպե ago

Դա պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ փտի քրեակատարողական հիմնարկում

Դա պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ փտի քրեակատարողական հիմնարկում Wed, 19 Aug…

58 րոպե ago

Պայթյուն՝ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Wed, 19 Aug 2026 17:30:35 +0400 Օգոստոսի 19-ին՝…

1 ժամ ago