Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները
Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, որի հայրը եւ եղբայրը Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված են, ասուլիս է տալիս մի սրահում, որտեղ կախված է Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծադիր լուսանկարը, որտեղ նրանք ջերմ զրուցում են, եւ պահանջում է, որ եվրոպացի դեսպանները կամ նրանց կառավարություններն արձագանքեն փաշինյանական վայրագություններին: Մի՞թե պարզ չէ, որ այդ կալանավորումները եւ քաղաքական հետապնդումները տեղի են ունենում հենց այդ երկրների համաձայնությամբ եւ հավանությամբ, եւ դրա պատճառը նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի մտերմությունն է:
«Ես փորձում եմ պատկերացնել` ինչ կլիներ, եւ ինչ կանեին եվրոպական կառույցները, դեսպանատները, երբ, օրինակ, 10 տարի կամ 20 տարի առաջ երկրի առաջին դեմքը կանգներ եւ ասեր՝ էս մեկը պետք ա նստի, էս մեկին պետք ա ունեզրկեմ, դու ինչի չես զոհվել, մի խոսքով, էն, ինչ ինքը անում ա, եւ հետո էլ հետեւեին այդ գործողությունները: Բոլորս կարող ենք շատ լավ պատկերացնել, թե ինչ կանեին այդ կառույցները: Հիմա չկա` զրո արձագանք: Այն իշխանությունը, որը, թվում ա, ամենաշատն ա փորձում դառնալ ԵՄ անդամ, օրենք են ընդունել նույնիսկ, ու էս կարգի ժողովրդավարության եւ օրենքի խախտումներն էդ մարդիկ կարծես չեն նկատում: Մենք այս հարցերը մշտապես բարձրաձայնում ենք մասնավոր զրույցներում, իրենց հետ հանդիպումների ժամանակ, շատ ժամանակ կիսում են այդ մտահոգությունները, բայց հանրային ոչ մի արձագանք չի լինում: «Հայաստան» խմբակցությունը դիմել է նաեւ եվրոպական դեսպանատներ՝ դեսպանների հետ եւ համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպումներ կազմակերպելու համար՝ էս խնդիրները բարձրաձայնելու եւ սրա շուրջ խոսելու համար, բայց դեռ արձագանք չկա»,- ասում է Լեւոն Քոչարյանը:
Իսկ ի՞նչ արձագանքի է սպասում․ որ եվրոպական դեսպանները պետք է իրեն անկեղծորեն խոստովանեն, որ այն, ինչ անում է Փաշինյանը, իրենց սրտո՞վ է, թե՞ պետք է դերասանություն անեն, թե դատապարտում են, բայց դե՝ ոչնչով չեն կարող օգնել, Հայաստանն այնքան ինքնիշխան երկիր է, որ նրա ներքին գործերին միջամտելը կարող է մեր կողմից երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում դիտվել:
Մի՞թե պարզ չէ, թե ինչի համար են կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թեւանյանը, տասնյակ, հարյուրավոր այլ քաղաքական բանտարկյաներ: Ճիշտ է, որ Փաշինյանն ագահ եւ անկուշտ է` ուզում է ունեզրկել նրանց, տիրանալ նրանց ունեցվածքին, ոչնչացնել նրանց՝ որպես քաղաքական հակառակորդների: Բայց կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք․ բոլոր կալանավորվածները Ռուսաստանի հետ նորմալ, գործընկերային հարաբերություններ կառուցելու քաղաքականության կողմնակիցներ են, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը` ՌԴ նախագահի, իսկ Գագիկ Ծառուկյանը` Բելառուսի նախագահի հետ ջերմ, գուցե նաեւ ընկերական հարաբերություններ ունեն: Իսկ դա արդեն հանցանք է, ծանր հանցանք:
Ուշադրություն դարձրեք` որքան մեծ է եղել այդ մարդկանց` Ռուսաստանի հանդեպ բարեկամության արտահայտման դրսեւորումը, այնքան ավելի դաժան է Հայաստանի իշխանության հակազդեցությունը: Անդրանիկ Թեւանյանին մեղսագրվում են այնպիսի հանցանքներ, որի համար ռեժիմը նրան կարող է դատապարտել ցմահ ազատազրկման, չէ՞ որ նա հանդգնել է հումանիտար օգնություն տանել Դոնբաս, Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ բացահայտորեն խոսում էր այն մասին, որ Փաշինյանի կողմից վարվող հակառուսական քաղաքականությունը վտանգում է տասնյակ հազարավոր հայ ֆերմերների տնտեսական գործունեությանը, ռուսական շուկան փակում է հայ արտադրողների առաջ, որ եվրոպական շուկաները չեն կարող այլընտրանք լինել, Վլադիմիր Պուտինը շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Սամվել Կարապետյանի դեպքում ամեն ինչ պարզ է` նրան հռչակել են Կրեմլից ուղարկված գործակալ: Եվ այս մարդիկ ուզում են, որ եվրոպական կառավարությունները կամ նրանց ներկայացուցիչ դեսպաններն ինչ-որ կերպ արձագանքեն ապօրինություններին եւ խոշտանգումներին: Նրանք, իհարկե, արձագանքում են, միայն թե հավանությամբ եւ խրախուսման ձեւով, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:
Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց ազատ արձակումը հնարավոր է չորս դեպքում: Առաջինը շատ պարզ է. եթե ընդդիմությանը հաջողվի իշխանափոխություն իրականացնել եւ երկրում վերականգնել սահմանադրական կարգն ու օրինականությունը, բոլոր քաղկալանավորներն ազատություն կստանան: Երկրորդ տարբերակն այն է, որ երեք ընդդիմադիր կուսակցությունների նախագահները եւ կուսակցականները հայտարարեն, որ Ռուսաստանը համաշխարհային չարիք է, իսկ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատմության մեջ երբեւէ գոյություն ունեցած ամենամեծ մարդասպանը եւ ոճրագործը, որ իրենք եւս կողմ են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած հարաբերությունների վերջնական խզմանը եւ Հայաստանի թուրքական ինտեգրմանը։ Անդրանիկ Թեւանյանը պարտավորվի հումանիտար օգնություն տանել ուկրաինական ազգայնականության հիմնադիրներ Ստեփան Բանդերայի եւ Սիմոն Պետլյուրայի գաղափարական հետեւորդներին եւ գործի շարունակողներին: Որոշ ժամանակ հետո եվրոպացի դեսպաններն անպայման կարձագանքեն եւ իրենց ստորադաս Փաշինյանից կպահանջեն անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանավորվածներին: Երրորդ տարբերակն այն է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ զբաղվի կալանավորների ազատ արձակմամբ, բայց այս պահին նա նման լծակների եւ լիազորությունների չի տիրապետում, իսկ թե հետո ինչ կլինի` ցույց կտա կյանքը:
Չորրորդ տարբերակն էլ այն է, որ վերջնական ունեզրկումից հետո Փաշինյանը որոշի իրեն բնորոշ մարդասիրություն դրսեւորել եւ այդ մարդկանցից գործուն զղջում պահանջի` գրավոր եւ հրապարակային տեսքով, որ նրանք խոստանան այլեւս չմասնակցել քաղաքական գործընթացներին՝ որպես ինքնուրույն միավորներ, այլ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արձագանքելով թոշակի հերթական բարձրացմանը. հայտարարեն, որ կողմ են քվեարկելու աշխարհի ամենաժողովրդական եւ հոգատար իշխանությանը: