Հյուսիս-Հարավի շինարարությունը փակել է Կոշ-Արուճ ճանապարհը․ հողագործների բերքը դաշտում փչանում է
Wed, 19 Aug 2026 14:45:22 +0400
Հյուսիս–Հարավ մայրուղու շինարարական աշխատանքներից հետո տևական ժամանակ փակ է Կոշ–Արուճ ճանապարհի այն հատվածը, որով Արագածոտնի մարզի Կոշ համայնքի հողագործները հասնում են իրենց մոշի և դեղձի այգիներ։ Արդյունքում գյուղացիներն ու հողագործները հայտնվել են լուրջ խնդրի առաջ․ բերքը դաշտում է մնում, իսկ դրա տեղափոխումը դարձել է գրեթե անհնար։
«Հրապարակ»-ին ահազանգել են կոշեցիները, հողագործ Դավիթ Գալստյանը, որ երկար տարիներ զբաղվում է մոշի մշակությամբ և բավականին մեծ տարածքներ ունի, ասում է, որ այս տարի ճանապարհի փակ լինելու պատճառով իր և մյուս հողագործների համար բերքը հավաքելն ու շուկա հասցնելը լուրջ խնդիր է դարձել։
Դավիթ Գալստյանը պատմում է, որ այգիներին մեքենայով հասնել այլևս հնարավոր չէ, և բերքը հավաքելուց հետո այն մոտ 400-500 մետր պետք է ձեռքով տեղափոխեն մինչև մեքենաները։
«Եվ բերքը հավաքողին ենք փող տալիս, և հիմա արկղերով կրելու համար, որպեսզի հասցնեն 400-500 մետր տարածությունը, կտրեն, հասցնեն դեպի ավտոմեքենաներ, բանվորներին ենք գումար տալիս։ Ծանր վիճակ է ստեղծվել։ Ստիված դեղձը տևական ժամանակ է չենք հավաքում, մոշը այդտեղը փչանում, դեղձը չենք հավաքում, դեղձի ամբողջ այգին, կարելի է ասել, այս պահին դեղձենիները փչացել են», ֊ասաց նա։
Հողագործի խոսքով՝ նման պայմաններում բերքը տեղափոխելու համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատուժի ծախսերը գյուղացիներն այլևս չեն կարող իրենց վրա վերցնել։ Արդյունքում մի դեպքում մոշն է դաշտում փչանում, մյուս դեպքում՝ դեղձը, որը ժամանակին չհավաքելու հետևանքով կորցնում է իր ապրանքային տեսքը։
Կոշեցիները պնդում են, որ խնդրի մասին իրենք փորձել են տեղեկացնել նաև պատասխանատու կառույցներին։ Դիմել են Ճանապարհային դեպարտամենտ, որտեղից, ըստ նրանց, առաջարկել են զանգահարել թեժ գիծ։ Սակայն թեժ գծից իրենց փոխանցված մի քանի հեռախոսահամարներով զանգերը, չգիտես ինչու, այդպես էլ անպատասխան են մնում։
Հողագործների խոսքով՝ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում տարածքում աշխատանքները վերահսկող Ռադիկ անունով պատասխանատու անձը իրենց խոստացել էր, որ ճանապարհի հետ կապված խնդիրը շուտով կլուծվի և այն խոչընդոտ չի հանդիսանա գյուղացիների համար։ Բայց Ռադիկը գնաց, խոստումն էլ մնաց, հիմա անգամ հեռախոսազանգերին րի պատասխանում։
«Հրապարակը» նույնպես փորձեց կապ հաստատել Ռադիկի հետ․ հողագործները մեզ փոխանցեցին նրա հեռախոսահամարը, սակայն զանգի պահին այն ժամանակավորապես անհասանելի էր։
Այս պահին Կոշի հողագործները պատասխանատու մարմիներից պահանջում են հնարավորինս արագ լուծել ճանապարհի հասանելիության խնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր կորցրած օր իրենց համար նշանակում է դաշտում մնացած և փչացող բերք ու նոր ֆինանսական կորուստներ։