ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով

Wed, 19 Aug 2026 20:15:38 +0400


ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

«Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջին շաբաթներին աստիճանաբար դառնում է իշխող մեծամասնության աշխատաոճի բնորոշ դրսևորում․ «բարեկիրթ» միջավայրի պահպանման անվան տակ դահլիճից հեռացվեց ընդդիմադիր պատգամավոր։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ աշխատակիցների միջոցով նիստերի դահլիճից հեռացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանին։

Պաշտոնական բացատրությունը ծանոթ է՝ խախտվել են բարեկրթության կանոնները, խաթարվել է նիստի բնականոն ընթացքը, «քաղաքակիրթ» քննարկման մթնոլորտը։ Սակայն այս և նախորդ նմանատիպ միջադեպերը շատ ավելի խորքային խնդիր են բացահայտում։

«Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած «բարեկրթությունը» վարքականոն կամ աշխատանքային կարգապահություն չէ։ Այն աստիճանաբար վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով իշխանությունը փորձում է ցուցադրական կարգուկանոնով քողարկել նոր Ազգային ժողովի շուրջ առկա լեգիտիմության ճգնաժամը։

Ընտրություններից հետո լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը ոչ միայն չի փակվել, այլև տեղափոխվել է նոր խորհրդարանի գործունեության դաշտ։ Այս պայմաններում «բարեկիրթ միջավայրի» պահանջը դառնում է յուրատեսակ փոխարինող լեգիտիմություն՝ ստեղծելով պատրանք, թե խորհրդարանում ամեն ինչ ընթանում է սահմանված կանոններով, իշխանությունը պաշտպանում է կարգը, իսկ ընդդիմությունը պարզապես «անբարեկիրթ» է և դրա համար էլ պատժվում է։

Սակայն այստեղ սկզբունքային հարց է առաջանում․ ո՞վ և ի՞նչ հստակ չափանիշներով է որոշում՝ որն է «բարեկիրթ», իսկ որը՝ «անբարեկիրթ» վարքագիծ։ Եվ, որ ավելի կարևոր է, նույն չափանիշները հավասարապես կիրառվո՞ւմ են իշխանության և ընդդիմության նկատմամբ։

Հենց այստեղ է, որ խորհրդարանական «բարեկրթությունը» վտանգավոր կերպով սկսում է հիշեցնել «զոնի պանյատները»։

«Զոնում» «ճիշտն» ու «սխալը» որոշվում են ոչ թե գրված օրենքով և բոլորի համար հավասար կանոններով, այլ «ասողի» կամքով։ Խորհրդարանում ևս աստիճանաբար արմատավորվում է նույն տրամաբանությունը․ օրենքն ու կանոնակարգը մղվում են երկրորդ պլան, իսկ որոշիչ է դառնում «ասողի» գնահատականը՝ Վահագն Ալեքսանյանի, Ռուբեն Ռուբինյանի կամ տվյալ պահին նիստը վարող մեկ այլ իշխանական գործչի հայեցողությունը։

Եթե իշխանությունը որոշում է, որ ընդդիմադիր պատգամավորի ելույթը կամ վարքագիծը «անբարեկիրթ» է, կարող է հետևել պատիժ՝ ընդհուպ մինչև դահլիճից հեռացում։ Իսկ երբ համանման վարքագիծ է դրսևորում իշխանական պատգամավորը, այն կարող է պարզապես անտեսվել կամ բոլորովին այլ մեկնաբանություն ստանալ։

Երբ կանոնը մեկնաբանում է նույն քաղաքական մեծամասնությունը, որը նաև պատժում է դրա ենթադրյալ խախտման համար, իսկ չափանիշները կիրառվում են ընտրողաբար, գործ ունենք ոչ թե խորհրդարանական կարգապահության, այլ քաղաքական կամայականության հետ։

Սա խորհրդարանական քաղաքականության բովանդակազրկում է։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է վարքագծային վերահսկողության դաշտ, իսկ խորհրդարանը գաղափարների, ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների բախման հարթակից վերածվում է «պատշաճության» ցուցադրման տարածքի։

Այսպիսի միջավայրում ընդդիմության հիմնական գործառույթը՝ իշխանությանը հաշվետու պահելը, սուր հարցեր տալը, քննադատելը և այլընտրանք ներկայացնելը, աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։ Առաջնային է դառնում մեկ այլ պահանջ՝ չանցնել այն սահմանը, որը տվյալ պահին գծում է իշխանական մեծամասնությունը։

Ղազինյանի հեռացումն այս տրամաբանության մեջ պատահական դրվագ չէ։ Խնդիրը նույնիսկ նրա ելույթի բառապաշարը կամ վարքագիծը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական անհամաձայնությունը տեղափոխվում է «պատշաճության» գնահատման դաշտ, որտեղ իշխանությունը միաժամանակ սահմանում է չափանիշը, որոշում դրա խախտման փաստը և կիրառում պատիժը։

Այս տրամաբանության պայմաններում քաղաքական հակափաստարկին փոխարինում է վարչական միջամտությունը, բանավեճին՝ պատիժը, իսկ քաղաքական հակադրությանը՝ պատգամավորի ֆիզիկական հեռացումը դահլիճից։

Մեծ հաշվով, «բարեկրթության» այս ցուցադրական բեմականացումը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել կարգուկանոնի և բնականոն խորհրդարանական կյանքի պատրանք այն պայմաններում, երբ Ազգային ժողովի լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը շարունակում է մնալ չլուծված։

Սակայն խորհրդարանը «բարեկիրթ զոն» դարձնելով՝ հնարավոր է ժամանակավորապես լռեցնել անցանկալի ձայները, բայց հնարավոր չէ լուծել լեգիտիմության խնդիրը։

Այնտեղ, որտեղ գրված կանոնին փոխարինում է «ասողի» քմահաճույքը, կարգուկանոն չի հաստատվում։

Հաստատվում է կամայականություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են Mon, 14 Sep 2026 23:00:52 +0400 Երուսաղեմի Սուրբ…

11 րոպե ago

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…..

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա….. Mon, 14 Sep 2026 22:51:21 +0400 Այն կենտրոնները,…

20 րոպե ago

Հիքմեթ Հաջիևի կազմակերպած դիվանագետների այցին զուգահեռ Գրոնոյի երևանյան այցը․ օրվա ամփոփում

Հիքմեթ Հաջիևի կազմակերպած դիվանագետների այցին զուգահեռ Գրոնոյի երևանյան այցը․ օրվա ամփոփում Mon, 14 Sep 2026…

26 րոպե ago

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար Mon, 14 Sep 2026…

38 րոպե ago

Տիեզերք կուղարկեն ԱԲ տեխնոլոգիայով աշխատող սուպերհամակարգիչ

Տիեզերք կուղարկեն ԱԲ տեխնոլոգիայով աշխատող սուպերհամակարգիչ Mon, 14 Sep 2026 22:30:29 +0400 Իլոն Մասկի SpaceX…

41 րոպե ago

Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել

Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Mon, 14 Sep 2026 22:20:12 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն…

52 րոպե ago