Ես ունեմ բանակում մահերի խնդիրը լուծելու տարբերակը
Thu, 20 Aug 2026 15:50:29 +0400
Բանակում մահերի թիվը` ոչ ռազմական պայմաններում աճում է: Մի մահվան դեպք հանրությունը չի հասցնում ընկալել, լսում է նոր դեպքի մասին: Այսօր վաղ առավոտյան տեղեկացանք, որ Ճամբարակի զորամասի զինվորներից մի քանիսին պատժելու նպատակով զորամասի տարածքից դուրս վազելու են տարել, արդյունքում վթարի հետևանքով մեկ ժամկետային զինծառայող` հազիվ մեկ ամիս առաջ զորակոչված, մահացել է, յոթը` վիրավորվել են: Մենք այսօր նաև գրել էինք, որ Նուբարաշենի զորամասում զինվորների մասսայական թունավորում է եղել մեկ շաբաթ առաջ` սննդից: Իսկ դրանից առաջ մեկ ամսվա ընթացքում երկու ժամկետային զինծառայող հրազենային վիրավորումից մահացել էին: Բանակում չպարզված հանգամանքներում մահերի թիվն աճում է, անգամ պաշտոնական վիճակագրական տվյալներն են այդ մասին փաստում, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, քավության նոխազներ է գտնում եւ աշխատանքից ազատում` ՌՈ պետ, իր խորհրդականներ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այլ կադր, այդ պատճառով ստիպված հանդուրժում է Պապիկյանին, որը ձախողել է ՊՆ կառավարումը: Բանակում տիրող քաոսի մասին «Հրապարակը» զրուցել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:
– Բանակում` ոչ մարտական պայմաններում գրեթե ամեն շաբաթ, զինվորի մահվան դեպքի մասին ենք լսում, այս անգամ էլ զինվորներին վրաերթի են ենթարկել, ինչի արդյունքում ընդամենը տասն օր առաջ զորակոչված զինծառայողը մահացել է: Ինչի՞ մասին է այս ամենը վկայում, և ո՞վ է պատասխանատուն այս իրավիճակի:
– Պետք է ծառայողական քննություն անցկացնեն, և պարզեն, թե ով է մեղավորը, պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն:
– Սա առաջին դեպքը չէ, ոչ էլ երկրորդ, կամ երրորդ, 2023 թվականին էլ Ազատ գյուղում մի ամբողջ զորանոց այրվեց, որտեղ ողջ-ողջ այրվեցին զորանոցի բոլոր 15 զինվորները, արդյունքում մի քանի զինվորականի պատժեցին, ու վերջ, բայց չե՞ք կարծում, որ նման խնդիրները շատ ավելի խորքային են:
– Ես հենց այդ թեմայով այսօր խոսել եմ Պաշտպանության նախարարության համապատասխան ներկայացուցչի հետ, ուղղությունը ցույց եմ տվել:
– Ո՞ւմ հետ եք խոսել:
– Կարևո՞ր է այդքան:
– Այո, հետաքրքիր է, ինչո՞ւ չէ: Ընդունեցի՞ն Ձեր խորհուրդները:
– Բոլոր դեպքերում ես ունեցել եմ այս պրոբլեմի լուծման տարբերակը, և լուծել եմ: Ասել եմ, թե որոնք են այս իրավիճակի պատճառները, որպեսզի իրենք կարողանան խնդիրը վերացնել:
– Իսկ ի՞նչ պայքարի մեթոդներ ունեք, ի՞նչ լուծումներ եք առաջարկել:
– Դե մեկ է՝ ընթերցողը եթե կարդա, չի հասկանա, ասեմ, թե չասեմ: Ես փորձել եմ լուծման տարբերակը առաջարկել, կլսեն` կլսեն, չեն լսի` իրենք գիտեն:
– Ամեն դեպքում ի՞նչ եք կարծում, բանակում տիրող քաոտիկ իրավիճակի պատճառը ո՞րն է: Ինչո՞ւ են այսքան շատ զինվորներ մահանում: Ի վերջո` ո՞վ պետք է պատասխան տա:
– Առաջին հերթին պետք է այնպես անել, որ զինվորը չքնի դիրքում: Դրա համար հարկավոր են սոցիալական նպաստավոր պայմաններ:
– Հիմա Սուրեն Պապիկյանը գտել է այդ հարցի լուծումը` բարձրաստիճան զինվորականների է գործուղել դիրքեր:
– Հասկացա, բայց ուղարկի-չուղարկի, եթե 18 տարեկան երեխան գիշերը չքնի, մեկ է քնով է անցնելու:
– Այդ դեպքում ինչո՞ւ զինվորական ծառայությունը կրճատեցին` 2-ից մեկուկես տարի դարձնելով, եթե սահմանը պահող չունեն:
– Դե ես այդ մասին խոսել էի, բացասական եմ վերաբերվում այդ որոշմանը:
– Համացանցում հանրային պահանջ է ձևավորվում, և մարդիկ պահանջում են Սուրեն Պապիկյանը հրաժարականը: Արդյո՞ք նա չպետք է հրաժարական տա:
– Որ հրաժարական տա, նոր եկածը լա՞վն ա լինելու:
– Գուցե այսքան վատը չլինի:
– Դե բանակը հո փորձադաշտ չի՞:
– Բայց փաստացի Պապիկյանը չի կարողանում ղեկավարել բանակը, անգամ բանակում կարգուկանոն չի կարողանում հաստատել:
– Դա պաշտպանության նախարարի գործառույթը չի:
– Ո՞ւմ գործառույթն է այդ դեպքում:
– Զինվորականների:
– Բայց զինվորականները նրան չեն ենթարկվում, գուցե նա չի էլ փորձում ենթարկեցնել իրեն:
– Չեն ենթարկվում, թող հանի:
– Հանեց, օրինակ` Ռազմական ոստիկանության պետին, դրանից ի՞նչ է փոխվելու:
– Դրանից հարցը չի լուծվի, բան չի փոխվի: Ռազմական ոստիկանությունը կապ չունի էսպիսի դեպքերի հետ: Այս խնդիրները կապված են զինծառայության հետ: Պիտի ծառայությունը ճիշտ կազմակերպեն, էս պրոբլեմները լուծեն: