«Հրապարակ»․ «Իրական Հայաստանն» ու «Չորրորդ հանրապետությունը» դրվել են կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի հիմքում

«Հրապարակ»․ «Իրական Հայաստանն» ու «Չորրորդ հանրապետությունը» դրվել են կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի հիմքում

Fri, 21 Aug 2026 09:45:50 +0400


Կառավարությունն օգոստոսի 20-ին քննարկել եւ հավանության է արժանացրել 2026-2031 թվականների նոր ծրագիրը, որը հաջորդ շաբաթ ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։

85 էջանոց այս փաստաթուղթը բազմաթիվ, եթե չասենք՝ հեքիաթային, ապա առնվազն անիրատեսական խոստումներ է պարունակում՝ տարեկան 6% աճի ապահովում, 125 հազար նոր աշխատատեղ, հայկական ապրանքների արտահանման ծավալների կրկնապատկում, արդյունաբերական արտադրանքի ծավալի մեծացում՝ մինչեւ 5 տրիլիոն դրամ՝ 2025-ի 3.3 տրիլիոնի փոխարեն, առողջապահության ապահովագրություն ՀՀ ողջ բնակչության համար, 10 նոր ջրամբարների կառուցում, որն ավարտվելու է 2033 թվականին, 24-ժամյա ջրամատակարարում Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում եւ այլն:

Պետք չէ տնտեսագետ լինել՝ կռահելու համար, որ, օրինակ, 6% տնտեսական աճի կանխատեսումը հիմնված է վերջին տարիների տրանսֆերտների եւ վերաարտահանման բումի վրա, որոնք արդեն նվազում են:
10 ջրամբարների կառուցումն ուղղակի չի կարող ներկայիս կոռուպցիոն ռիսկերի եւ վատ կառավարման պայմաններում իրականություն դառնալ: Ինչպե՞ս կարող են մինչեւ 2033 թվականը՝ 7 տարում, 10 նոր ջրամբար կառուցել, եթե 2018 թվականից հետո, այսինքն՝ 8 տարում, Հայաստանում ընդամենը 1 ջրամբար է կառուցվել՝ Վեդու ջրամբարը, եւ այն էլ սկսել են կառուցել 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի օրոք: Իսկ 125 հազար աշխատատեղը չի կարող առաջանալ հենց այնպես, օդից՝ մի երկրում, որտեղ ներդրումային միջավայրն անկայուն է, խիստ տատանվում է, որտեղ գործարար մարդկանց, քաղաքական դրդապատճառներից ելնելով, կալանավորում են, ունեզրկում, իսկ խոշոր մասնավոր ձեռնարկությունները՝ պետականացնում, եթե չկա տնետեսության մեջ որեւէ կտրուկ փոփոխություն:

Նոր ծրագրում միայն խոստումներ չեն։ Փաշինյանն այս անգամ գաղափարական հենք է առաջարկում՝ «Իրական Հայաստան» ու «Չորրորդ հանրապետություն» իր ծրագրի համար։ Թղթի վրա բառեր են նկարված՝ «Խաղաղության խաչմերուկ», TRIPP նախագիծ, ԵՄ վիզաների ազատականացում, կանանցով բանակի բարեփոխում ու սահմանապահ ծառայություն՝ առանց ռազմական բաղադրիչի։ Բայց այս ամենը սովորական պլան չէ։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում շատ դիպուկ նկատել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, այն «գործող իշխանության գաղափարական պատկերացումները պետական քաղաքականության վերածելու եւ Հայաստանի ազգային ու պետական օրակարգը վերաձեւավորելու փաստաթուղթ է»։

Նախկին ՊԵԿ նախագահի հետ խոսեցինք ծրագրում տեղ գտած տնտեսական խոստումների մասին: «Միջազգային արժութային հիմնադրամը 2026 թվականի հունիսին կանխատեսում է արել, որ 2026 թվականին տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս, 2027-ին՝ 5,5, իսկ 2028-2031 թվականներին մոտ 5 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ կունենանք: Սա նշանակում է, որ 2026-2031 թվականների կուտակային աճը, ըստ ՄԱՀ սցենարների, կազմում է շուրջ 35 տոկոս, իսկ կառավարության ծրագրով կուտակային աճը կազմում է 42 տոկոս: Տարբերությունը, ինչպես տեսնում եք, նշանակալի է»,- ասում է Դավիթ Անանյանը:

Ներկայացված ծրագիրը նա բնորոշում է որպես անորոշ լավատեսական: «Հնարավոր է, որ այն իրագործվի, բայց դրա համար բավականին շատ բարեփոխումներ պետք է միաժամանակ տեղի ունենան, օրինակ՝ արտահանման ծավալների աճ լինի, տնտեսության մեջ արդյունաբերության աճ լինի, բայց այս ամենն այս պահին տեսանելի չէ: Ծրագրում նշված չեն լրացուցիչ աճի աղբյուրները: Ահա ինչու 6 տոկոս աճը մենք գնահատում ենք ծայրահեղ լավատեսական եւ անհիմն»:

Արտահանման ծավալների կրկնապատկումն ինչպե՞ս են ապահովելու, եթե մենք հիմա ունենք եղած շուկաների կրճատում: «5-6 տարվա ընթացքում արտահանման կրկնապատկումը պահանջում է արտահանման տարեկան միջինը 12-15 տոկոս աճ: Համեմատության համար նույն ԱՄՀ-ն Հայաստանի համար 27-31 թթ․ կանխատեսում է 3-5,5 տոկոս իրական արտահանման աճ, մոտավորապես 4,5-5 անգամ պակաս, քան կառավարության կանխատեսումն է»,- պատասխանում է տնտեսագետը:

«Հայկական ծագման ապրանքներ» ասվածը, ըստ նրա, ցույց է տալիս հավակնության մասշտաբը: «Լավ է, որ կառավարությունն այլ հավասար պայմաններում առանձնացնում է հայկական ծագումը, վերաարտահանումը չի փորձում ներկայացնել որպես Հայաստանի արտադրական հաջողություն, բայց ի՞նչն է բացակայում: Բազայի գումարային հստակ նշումը, ապրանքների ծագման հաշվարկման միասնական մեթոդաբանությունը, թե ինչ ասած է հայկական ծագման ապրանքներ, արտահանման աճը՝ ըստ հիմնական ճյուղերի, չկա նաեւ, թե արտահանում ասելով որ շուկաների վրա է շեշտադրումը, սերտիֆիկացման ծախսերի գնահատումը: Այսինքն՝ թիրախին հասնել հնարավոր է միայն, եթե լինի արտադրական եւ արտահանման իրական բեկում: Բայց այս պայմաններում բեկման նախադրյալներ ես չեմ տեսնում»:

125 հազար նոր աշխատատեղը Դավիթ Անանյանը համարում է ամենախոցելի մակրոտնտեսական խոստում: «Եթե խոսքը զուտ զբաղվածության ավելացման մասին է, ապա 125 հազար նոր աշխատատեղը նշանակում է զբաղվածների թվի մոտ 10 տոկոս աճ: 1,2 մլն զբաղվածների մեր թիվն է: Այսինքն, տարեկան ավելի քան 20 հազարով պետք է ավելանան դրանք: Մինչդեռ ԱՄՀ-ն մինչեւ 2031 թվականը կանխատեսում է զբաղվածության աճ տարեկան 0,2-0,4 տոկոս: Այսինքն, 10 տոկոսի փոխարեն՝ 0,4: Այս կանխատեսմամբ զուտ ավելացումը կարող է լինել ոչ թե 125 հազար, այլ մոտ 25 հազար»,- նշում է Անանյանը: Նա շեշտում է, որ ծրագիրը չի պարզաբանում, թե նոր աշխատատեղերի ավելացում ասելով ինչ նկատի ունի՝ նոր գրանցված աշխատատեղերի քանա՞կը, թե՞ հարկային դաշտ բերված աշխատանքը, թե՞ մեկ տարվա ընթացքում ստեղծված ու հետո փակված աշխատատեղերը: «Եթե այս բոլորը հաշվարկեն առանց փակվածը հանելու, գուցեեւ 125 հազարը ձեւականորեն կատարեն, բայց դա չի արտացոլի զբաղվածության իրական պատկերը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն և Տաշքենդը՝ «հավերժ բարեկամներ»․ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել

Բաքուն և Տաշքենդը՝ «հավերժ բարեկամներ»․ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել Mon, 24 Aug 2026 10:30:19 +0400…

3 րոպե ago

#Ուղիղ․ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագիրը

#Ուղիղ․ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագիրը Mon, 24 Aug 2026 10:20:10 +0400 Latest news…

13 րոպե ago

Դիմելու ենք ՍԴ. Կարապետյանը՝ հանձնաժողովների նախագահների ընտրությունը ընդմիջելու մասին

Դիմելու ենք ՍԴ. Կարապետյանը՝ հանձնաժողովների նախագահների ընտրությունը ընդմիջելու մասին Mon, 24 Aug 2026 10:16:06 +0400…

17 րոպե ago

Ովքե՞ր կանցնեն Ղազախստանի նոր խորհրդարան

Ովքե՞ր կանցնեն Ղազախստանի նոր խորհրդարան Mon, 24 Aug 2026 10:00:42 +0400 Էքզիթ-փոլերը ցույց են տալիս,…

32 րոպե ago

Մեր տխուր իրականության պատճառներից մեկը

Մեր տխուր իրականության պատճառներից մեկը Mon, 24 Aug 2026 09:48:22 +0400 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան…

45 րոպե ago

Երեխաներ են զոհվել․ Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկվել

Երեխաներ են զոհվել․ Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկվել Mon, 24 Aug 2026 09:30:13 +0400 Անցած…

1 ժամ ago