Ասում են՝ նրանց տարածքն ա, բայց կարող ա փոխանակում ա Արծվաշենի հետ․ Տիգրանաշենի բնակիչ
Sat, 22 Aug 2026 20:15:49 +0400
Օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով հայտարարեց, որ Տիգրանաշենը (իր խոսքով` Քյարքին) հայկական տարածք չէ․ «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Մենք կապվեցինք համայնքի բնակիչներից մեկի՝ Արմենի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում խուճապ չկա։ «Սա երկրի հարց է, մենք շատ փոքր մարդ ենք, որ երկրի հարցերը լուծենք կամ քննարկենք, իհարկե մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ լինի, ճիշտ լինի, մեր երկիրը բարգավաճի։ Հիմա որ մենք Տիգրանաշենից չփախնենք, նրանց չեն տա։ Հիմա ասում են, որ նրանց տարածքն ա, բայց կարող ա փոխանակում ա անում Արծվաշենի հետ։ Ամեն դեպքում երևույթը լավ երևույթ չէ, բայց կարող ա մարդը խոսում ա, փոխանակում ա, որովհետև ինչքան անկլավ ունենք Արծվաշենը երկու անգամ մեծ ա դրանցից։ Իհարկե 30 տարի էստեղ ապրել ենք, սիրուն բան չէ, որ մեր տներից հանեն, բայց կգա օրը մեզ համար էլ պարզ կլինի։ Մարդ առնվազն ուղեղի խնդիր պիտի ունենա, որ Տիգրանաշենը նրանց տալու համար ուրախանա։ Ոչ մեկիս կողմից էլ ընդունելի չէ, որ կարող ա էդ հողակտորը տանք իրենց»։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե տիգրանաշենցիներին գումար են հատկացնում, որ իրենց տները լքեն, նա նշեց․ «Չկա նման բան, ես դա ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, նման խոսացություն որևէ պաշտոնյայի հետ չի եղել, նման հարց այս պահին չի քննարկվում»։
Ի դեպ Տիգրանաշենը Արծվաշենի հետ փոխարինելու մասին խոսակցությունները լայնորեն տարածված են Տիգրանաշենում։ Մեզ հետ զրույցում հույսեր հայտնեցին այլ տիգրանաշենցիներ ևս։ Բնակիչներից մեկն էլ ընդգծեց, որ որ Տիրգանաշենի վերջին հույսը Արծվաշենն է մնացել։