Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ

Tue, 25 Aug 2026 20:45:32 +0400


«Քաղաքական կալանավորների թիվը մեկով էլ ավելացավ»․ ասաց ծանոթս՝ խոսելով Մարտուն Գրիգորյանի կալանավորման մասին։ Նա քաղաքական հետապնդումների «գծով» «պրոֆեսոր» է: Ասում է, որ ուշագրավ է ժամանակը՝ Գյումրիում սպասվող քաղաքական գործընթացների շեմին։ Նրա կարծիքով՝ ազդեցիկ ընդդիմադիր դերակատարների գործունեությունը սահմանափակելու խնդիր կա։ Իսկ քաղաքական դրդապատճառներով հալածվողների թիվը հասել է հարյուրների: Եվ շեշտեց մի կարեւոր հանգամանք. ընդդիմադիր լինելն ինքնին չի նշանակում, որ տվյալ անձը քաղբանտարկյալ է, հարցը պետք է դիտարկել փաստերի, մեղադրանքի հիմնավորվածության, ապացույցների, կալանքի անհրաժեշտության եւ անձի նկատմամբ իշխանության վերաբերմունքի համատեքստում։ Ընտրովի արդարադատության կարեւոր չափանիշներից մեկը, ըստ նրա, սա է՝ նույն արարքի դեպքում արդյո՞ք օրենքը նույնկերպ է կիրառվում իշխանության կողմնակիցների եւ ընդդիմախոսների նկատմամբ։ Մեր երկրում ընդդիմադիր գործիչների նկատմամբ մեղադրանքները ծանր են, ապացույցները` կասկածելի, բայց կիրառվում է երկարատեւ նախնական կալանք, իսկ նմանատիպ արարքների դեպքում իշխանամերձ անձանց նկատմամբ այլ մոտեցում կա:

Այս առումով ուշագրավ միջազգային դիտարկում էլ կա` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2026 թ. ընտրությունների վերաբերյալ գնահատականներում անդրադարձ է եղել ընդդիմադիր թեկնածուների եւ ակտիվիստների նկատմամբ քրեական վարույթներին ու ձերբակալություններին՝ նշել են, որ ընտրովի արդարադատության ընկալում կա, եւ մինչ հասարակությունը «կմարսի» նախորդ կալանավորումը, իշխող կուսակցությունը շարունակում է «թշնամու» մտասեւեռուն որոնումը եւ հաճախ «հայտնաբերում» է: Այս երեւույթը, ըստ նրա, բացատրված է Հաննա Արենդտի «Տոտալիտարիզմի ակունքները» աշխատությունում: Թշնամու կերպարն օգտագործվում է հասարակությանը համախմբելու, ներքին խնդիրներում մեղավոր գտնելու, արտակարգ միջոցներն ու ազատությունների սահմանափակումներն արդարացնելու նպատակով։ Եթե հասարակությանը համոզում են, որ պետությունը վտանգի մեջ է, ավելի հեշտ է հիմնավորել այս կոշտ գործողությունները։ Կարեւոր է նաեւ այն, որ «թշնամու» դեմ պայքարը երբեք չի ավարտվում։ Մի թշնամուց հետո հայտնվում է հաջորդը։ Շրջանառվում են «թշնամու» տարբեր կերպարներ՝ «թալանչի նախկիններ», «կռվից թռածներ», «լրտեսներ», «օտարի գործակալներ», իշխանությանը հակադրվող հոգեւորականներ, ընդդիմադիրներ։

Իսկ ինչպե՞ս պայքարել սրա դեմ: Զրուցակիցս թվարկեց մի քանի միջոց: Առաջինը՝ ամեն գործով պետք է փաստերի վրա հիմնված առանձին «դոսյեներ» կազմել։ Ոչ թե պարզապես հայտարարել՝ «նա քաղբանտարկյալ է», այլ ներկայացնել անձը, մեղադրանքը, ապացույցները, կալանքի հիմնավորումները, դատարանի որոշումները, նույնատիպ գործերով այլ անձանց նկատմամբ կիրառված մոտեցումը։ Երկրորդ․ այդ գործը պետք է ստանա անկախ իրավական գնահատական՝ ոչ միայն ներպետական փաստաբանների, այլեւ միջազգային չափանիշների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից։ Երրորդ․ պետք է ստեղծել անկախ իրավական պաշտպանության կենտրոն, որը յուրաքանչյուր գործի վերաբերյալ կհրապարակի կարճ եւ փաստաթղթավորված զեկույց։ Այդ դեպքում քաղաքական հայտարարությունը կփոխարինվի իրավական փաստարկով։
Չորրորդ․ անհրաժեշտ է միջազգային ճնշումը դարձնել հասցեական։ Եթե փաստերով հիմնավորվում է, որ կոնկրետ պաշտոնյաներ մասնակցել են հետապնդումներին, միջազգային գործընկերներին պետք է ներկայացնել գործերը, պահանջել ոչ թե ՀՀ-ի դեմ պատժամիջոցներ, այլ պատասխանատուների նկատմամբ անհատական միջոցներ։

Հինգերորդ․ պայքարը չպետք է սահմանափակվի միայն «անմիջապես ազատ արձակելու» պահանջով, եթե քննությունը կարող է շարունակվել առանց բանտում պահելու, պետք է պահանջել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, ստորագրություն եւ այլն։ Վեցերորդ․ անհրաժեշտ է մշտական հանրային արշավ։ Ոչ թե ընդհանուր քաղաքական կարգախոսներ, այլ՝ «Մեկ շաբաթ, մեկ գործ»։ Ներկայացնել՝ ինչում է մեղադրվում մարդը, ինչ ապացույցներ կան, ինչ է ասում պաշտպանությունը, ինչ է որոշել դատարանը, ինչու է տվյալ գործը քաղաքական։ Յոթերորդ․ ստեղծել «Օրենքը բոլորի՞ համար է» սկզբունքով հանրային նախագիծ՝ համեմատելով նույնատիպ արարքների հետ կապված իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված իրավական մոտեցումները։

Այս ամենը անել՝ առանց բռնության: Բռնությունն իշխանությանը կտա նոր քրեական գործեր հարուցելու, զանգվածային ձերբակալությունների հնարավորություն։ Այսինքն, պայքարել «անխնա», բայց օրինականության սահմաններում։ Իրավական պայքարին զուգահեռ պետք է տարվի քաղաքական պայքար՝ իշխանությունների նկատմամբ հանրային եւ միջազգային ճնշման միջոցով։ Պահանջը պետք է լինի ոչ թե «ազատ արձակեք մերոնց», այլ՝ անկախ դատարան, օրենքի հավասար կիրառում, քաղաքական դրդապատճառով կալանքների վերացում, յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ապացույցների վրա հիմնված քննություն։
Վերջում ավելացրեց՝ երկար է մտածել այս հարցերի շուրջ եւ իր տեսակետը ներկայացնում է ոչ թե որպես որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես սրտացավ քաղաքացի, որն ուզում է, որ ընդդիմությունը ճիշտ ու արդյունավետ պայքարի։

Ես որոշեցի մեր զրույցը համառոտ ներկայացնել, որովհետեւ ընտրովի արդարադատության դեմ պայքարը պետք է լինի ավելի կազմակերպված, ավելի իրավական եւ ավելի համոզիչ, քան պարզապես քաղաքական հայտարարություններն են։ Բանտում հայտնված մարդու ազատության համար պայքարն առաջին հերթին մարդու իրավունքների համար պայքար է։ Իսկ այդ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ նույն չափանիշը կիրառվում է բոլորի նկատմամբ՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Բանտը չպետք է դառնա քաղաքական պայքարի դաշտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

5 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

5 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

6 ժամ ago

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Tue, 15 Sep 2026 23:10:33 +0400 Արցախի…

6 ժամ ago

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400 Բելառուսի հարցերով ԱՄՆ…

6 ժամ ago

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը Tue, 15 Sep 2026 23:00:07 +0400 Սեպտեմբերի…

6 ժամ ago