Եհովայի վկաների համաժողովների անցկացումը որևէ առնչություն չունի Հայաստանում ընթացող հասարակական կամ կրոնական զարգացումների հետ․ պարզաբանում
Wed, 26 Aug 2026 12:52:10 +0400
Ցանկանում ենք անդրադառնալ ձեր կայքում 2026 թվականի օգոստոսի 26-ին հրապարակված՝ «Եհովականները վարձակալել են համալիրը» հոդվածում տեղ գտած տեղեկություններին։ Հոդվածում մասնավորապես նշվում է․ «Հատկանշական է, որ այս համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը»։
Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, որոնք կազմակերպվում են ամեն տարի ամռանը և պլանավորվում են երկար ժամանակ առաջ։ Եհովայի վկաներն արդեն ավելի քան 130 տարի նման համաժողովներ են կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք անցկացվում են նաև Հայաստանում։
Համաժողովներին մասնակցում են Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։ Համաժողովների ծրագրերը բացառապես հոգևոր և կրթական բնույթ ունեն։ Ելույթների, հարցազրույցների և տեսանյութերի միջոցով մասնակիցները սովորում են Աստվածաշնչի սկզբունքները կիրառել առօրյա կյանքում, ինչը նպաստում է ընտանեկան արժեքների ամրապնդմանը, օրինապահ վարքի և բոլոր մարդկանց նկատմամբ հարգանքի դրսևորմանը։
Հարկ է նշել, որ Եհովայի վկաները համաշխարհային մակարդակով հայտնի են քաղաքական և միջկրոնական հարցերում չեզոքություն պահպանելու իրենց դիրքորոշմամբ։ Ուստի վերոնշյալ համաժողովների անցկացումը որևէ առնչություն չունի Հայաստանում ընթացող հասարակական կամ կրոնական զարգացումների ու դրանց շուրջ ծավալվող քննարկումների հետ և որևէ կերպ պայմանավորված չէ դրանցով։
Վստահ լինելով, որ «Հրապարակ» օրաթերթը կարևորում է ճշգրիտ, հավաստի և հավասարակշռված տեղեկության տարածումը, խնդրում ենք ընթերցողներին հասանելի դարձնել այս պարզաբանումը։
Եհովայի վկաների համաժողովների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիտել jw.org կայքում տեղադրված «Ինչպե՞ս են անցկացվում մեր համաժողովները» տեսանյութը։
«Եհովայի վկաներ» կազմակերպության հանրային տեղեկատվության բաժին
Վարդգես Սահակյան