«Հրապարակ». Ժողովուրդը որեւէ մեկին մանդատ չի տվել՝ հրաժարվելու ազգային նպատակներից
Thu, 27 Aug 2026 11:15:40 +0400
«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյանը:
– Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ՝ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո գտնվելու պատճառով», եւ ՌԴ-ին կոչ է արել կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ռուսաստանն ի՞նչ դիրքորոշում կունենա, արդյոք այդ երրորդ երկիրը չի՞ լինի Թուրքիան կամ Ադրբեջանը:
– Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններն ընդամենը հերթական փորձն են՝ սեփական ձախողումների պատասխանատվությունը բարդելու Ռուսաստանի վրա։ Վաղուց ակնհայտ է, որ գործող կառավարության հիմնական քաղաքական նպատակը ցանկացած գնով ռուսական ներկայությունից՝ լինեն դրանք ընկերություններ, սահմանապահ զորքեր, թե ռազմաբազա, ազատվելն է։ Այժմ հերթը հասել է երկաթուղուն։ Ինչ վերաբերում է կոչին՝ կոնցեսիոն իրավունքը վաճառել երրորդ երկրի, ապա Ռուսաստանն այս փուլում չի գնա նման քայլի։ «Հարավկովկասյան երկաթուղին» տարիներ ի վեր խոշոր ներդրումներ է կատարել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում, եւ այս համակարգի կառավարումը ՌԴ-ի համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն։ Այդ «երրորդ երկիրը», ամենայն հավանականությամբ, չեն լինի մեր անմիջական հարեւանները, սակայն չեմ բացառում վտանգավոր մի սցենար․ եթե Փաշինյանին ինչ-որ ձեւով հաջողվի կառավարումը փոխանցել որեւէ երրորդ երկրի, իսկ հետագայում հայկական երկաթգծի փաստացի վերահսկողությունը կամ կառավարումը հայտնվի Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքում։ Հաշվի առնելով գործող իշխանության որդեգրած հակառուսական կուրսը՝ Փաշինյանը դիմելու է հնարավոր եւ անհնարին բոլոր քայլերին՝ երկաթուղին ռուսական վերահսկողությունից դուրս բերելու համար, նույնիսկ եթե դա պարունակի լուրջ ռազմավարական եւ անվտանգային ռիսկեր Հայաստանի համար։
– Նաեւ ասել է, որ ՀՀ նոր սահմանադրության տեքստը կհրապարակեն առաջիկայում, որտեղ Անկախության հռչակագրին հղում չի լինի։ Ի՞նչ զարգացումներ կլինեն, կեղծեցին ԱԺ ընտրությունները, կհաջողվի՞ կեղծիքով փոխել Սահմանադրությունը:
– Այդ հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես հերթական քաղաքական հայտարարություն։ Սա պետական նշանակության հարց է, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխանության, պետականության իրավական հիմքերի եւ ազգային արժեհամակարգի ապագային։ Անկախության հռչակագիրը Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման քաղաքական եւ իրավական հիմնարար փաստաթղթերից է։ Դրա նկատմամբ վերաբերմունքը չի կարող պայմանավորվել որեւէ արտաքին քաղաքական պահանջով կամ տարածաշրջանային բանակցային գործընթացի տրամաբանությամբ։ Ուստի իշխանությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ ինչո՞ւ է անհրաժեշտ նոր սահմանադրություն, ի՞նչ կոնկրետ խնդիր է այն լուծելու, եւ ի՞նչ կապ ունի դրա բովանդակությունը ՀՀ արտաքին քաղաքական պարտավորությունների կամ տարածաշրջանային գործընթացների հետ։ Այն մտահոգությունը, որի մասին ամիսներ շարունակ բարձրաձայնվում էր՝ որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը պայմանավորված է Ադրբեջանի ներկայացրած պահանջներով, այսօր առավել լուրջ հանրային քննարկման կարիք ունի։ Եթե նման կապ չկա, իշխանությունը պետք է դա հիմնավորի ոչ թե հայտարարություններով, այլ՝ փաստերով եւ բաց, հրապարակային գործընթացով։ Հայաստանի սահմանադրությունը չի կարող դառնալ որեւէ բանակցային գործընթացի հավելված։ Առավել եւս՝ սահմանադրական փոփոխությունները չեն կարող իրականացվել հասարակության նկատմամբ վախի, ճնշման կամ քաղաքական մանիպուլյացիաների պայմաններում։ Մենք կանգնած ենք մի գործընթացի առաջ, որի հետեւանքով կարող է փորձ արվել վերաիմաստավորել ոչ միայն Սահմանադրության առանձին դրույթներ, այլեւ ՀՀ պետականության գաղափարական եւ իրավական հիմքերը։ Սա այն սահմանագիծն է, որտեղ քաղաքական տարաձայնությունները պետք է ստորադասվեն պետական շահին։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Ոչ մի քաղաքական մեծամասնություն չի կարող իրեն վերապահել Հայաստանի պետականության հիմնարար սկզբունքները միանձնյա վերաձեւակերպելու իրավունք։ Սահմանադրությունը չպետք է գրվի որեւէ օտար մայրաքաղաքի պահանջով։ Անկախության գաղափարը չպետք է վերածվի բանակցային առեւտրի առարկայի։
– Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշում է կայացրել, եւ ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։
– Ես լուրջ չեմ վերաբերվում Արցախի վերաբերյալ գործող իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարություններին, որովհետեւ դրանք զուրկ են թե՛ բարոյական, թե՛ քաղաքական եւ թե՛ իրավական հիմքերից։ Ոչ ոք, առավել եւս՝ մի քաղաքական ուժ, որի կառավարման օրոք տեղի է ունեցել Արցախի հայաթափումն ու հայրենազրկումը, բարոյական իրավունք չունի հայտարարելու, թե Արցախյան շարժումն ավարտված է, կամ Արցախի էջը փակված։ Հղում անել «ժողովրդի որոշմանը»՝ սեփական քաղաքական ձախողումներն ու զիջումները քողարկելու համար, առնվազն անհարգալից է սեփական ժողովրդի պատմական հիշողության ու արժանապատվության հանդեպ։ Ժողովուրդը որեւէ մեկին մանդատ չի տվել՝ հրաժարվելու ազգային նպատակներից եւ իր արդար հույսերից։ Արցախի էջը փակվել չի կարող։ Այն բաց է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ մեր արցախցի քույրերն ու եղբայրները չունեն իրենց պատմական հայրենիք արժանապատիվ ու անվտանգ վերադառնալու իրականացված իրավունք։ Արցախյան շարժումը միայն աշխարհագրություն կամ տարածք չէ. դա հայ ժողովրդի ինքնասիրության, ազատության եւ արդարության պայքարն է, եւ այն չի կարող ավարտվել մեկ պաշտոնյայի կայացրած որոշմամբ: