«Հրապարակ»․ «Արցախյան հիմնահարցը»` որպես կամընտրովի առարկա, հանվել է ծրագրից
Tue, 01 Sep 2026 09:45:56 +0400
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հպարտանում է, թե մեզ ազատել է Արցախի «թակարդից» ու «իրական Հայաստան» է կերտում: Նա ամենաբարձր ամբիոններից հայտարարել է, որ այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, եռանդով վերացնում է Արցախի բոլոր ինստիտուտները եւ Արցախի մասին հիշողությունները, անգամ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, ոչ մի ուղերձ չի հնչում:
Մինչդեռ տարիներ շարունակ սեպտեմբերի 2-ին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում տոնական մեծ միջոցառումներ են եղել, որոնց պարտադիր մասնակցել է նաեւ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այսօր
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունից, հրաժարվում է Արցախից, հրաժարվում է Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների վերադարձի հարցից, այլեւ կրթական դասագրքերից փորձում է հանել Արցախյան ազատամարտի էջերը: Մենք տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չորրորդ կուրսի ուսանողները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել, որպես կամընտրական առարկա, ուսումնասիրելու «Արցախյան հիմնահարց» առարկան: Ֆակուլտետի ուսանողները «Հրապարակին» պատմեցին, որ դեկան Տիգրան Եփրեմյանը, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, այս տարի ուսանողներին ասել է, որ «Արցախյան հիմնահարց» առարկան հանվել է կամընտրական առարկաների ցանկից, պետք է այլ առարկա ընտրեն:
Դեկանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ դեռ ուսումնական տարին չի մեկնարկել, եւ նման հարց չէր կարող քննարկվել: Սակայն նման որոշումները ուսումնական տարվա մեկնարկից առաջ էլ կարող են կայացվել: ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք` «Արցախյան հիմնահարց» առարկան դասավանդվե՞լ է այս ֆակուլտետում, թե՞ ոչ: Սողոմոնյանը նկատեց. «Ես արդեն երկու տարի է՝ համալսարանից ապօրինաբար հեռացված եմ` իմ քաղաքական հայացքների համար, սակայն «Արցախյան հիմնահարց» առարկա ֆակուլտետում դասավանդվել է: Ես՝ ինքս էլ ուսանող տարիներին այդ առարկան ուսումնասիրել եմ, անգամ հիշում եմ դասախոսի անունը` Արամ Հարությունյան: Այն դասավանդվում է «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի շրջանակներում: Այդ առարկան դասավանդվել է մշտապես, նախքան ինձ հեռացնելը: Ես այլեւս կապ չունեմ այդ ֆակուլտետի հետ, սակայն չեմ զարմանում, որ առարկան ծրագրից հանել են: Առարկան արցախյան հիմնահարցին էր վերաբերում, բանակցային գործընթացներին, բանակցային զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննվող հայեցակարգերին, եւ այսպես շարունակ»:
«Առարկայի նշանակությունն այն է, որ Արցախյան հիմնահարցն այսօր էլ լուծված չէ: Հարցը փակված է, իշխանությունների կողմից լռեցված է ժամանակավորապես, բայց արցախցի 100 հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, իրենց իրավունքներից, գոյություն ունի «վերադարձի իրավունք» ասվածը, որը ճանաչված է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից: Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը լուծել: Եթե այս առարկան հանում են կրթական ծրագրից, ապա դա քաղաքական նպատակներ ունի, չեմ բացառում, որ այդ հրահանգը վերեւից է իջել, թեպետ հնարավոր է, որ ինչ-որ դասախոսներ` իշխանություններին հաճոյանալու համար, որոշել են այս քայլին դիմել»: