Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ «Արցախյան հիմնահարցը»` որպես կամընտրովի առարկա, հանվել է ծրագրից

«Հրապարակ»․ «Արցախյան հիմնահարցը»` որպես կամընտրովի առարկա, հանվել է ծրագրից

Tue, 01 Sep 2026 09:45:56 +0400


Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հպարտանում է, թե մեզ ազատել է Արցախի «թակարդից» ու «իրական Հայաստան» է կերտում: Նա ամենաբարձր ամբիոն­ներից հայտարարել է, որ այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, եռանդով վերացնում է Արցախի բոլոր ինստիտուտները եւ Արցախի մասին հիշողությունները, անգամ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, ոչ մի ուղերձ չի հնչում:

Մինչդեռ տարիներ շարունակ սեպտեմբերի 2-ին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում տոնական մեծ միջոցառումներ են եղել, որոնց պարտադիր մասնակցել է նաեւ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այսօր
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունից, հրաժարվում է Արցախից, հրաժարվում է Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների վերադարձի հարցից, այլեւ կրթական դասագրքերից փորձում է հանել Արցախյան ազատամարտի էջերը: Մենք տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չորրորդ կուրսի ուսանողները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել, որպես կամընտրական առարկա, ուսումնասիրելու «Արցախյան հիմնահարց» առարկան: Ֆակուլտետի ուսանողները «Հրապարակին» պատմեցին, որ դեկան Տիգրան Եփրեմյանը, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, այս տարի ուսանողներին ասել է, որ «Արցախյան հիմնահարց» առարկան հանվել է կամընտրական առարկաների ցանկից, պետք է այլ առարկա ընտրեն:

Դեկանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ դեռ ուսումնական տարին չի մեկնարկել, եւ նման հարց չէր կարող քննարկվել: Սակայն նման որոշումները ուսումնական տարվա մեկնարկից առաջ էլ կարող են կայացվել: ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք` «Արցախյան հիմնահարց» առարկան դասավանդվե՞լ է այս ֆակուլտետում, թե՞ ոչ: Սողոմոնյանը նկատեց. «Ես արդեն երկու տարի է՝ համալսարանից ապօրինաբար հեռացված եմ` իմ քաղաքական հայացքների համար, սակայն «Արցախյան հիմնահարց» առարկա ֆակուլտետում դասավանդվել է: Ես՝ ինքս էլ ուսանող տարիներին այդ առարկան ուսումնասիրել եմ, անգամ հիշում եմ դասախոսի անունը` Արամ Հարությունյան: Այն դասավանդվում է «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի շրջանակներում: Այդ առարկան դասավանդվել է մշտապես, նախքան ինձ հեռացնելը: Ես այլեւս կապ չունեմ այդ ֆակուլտետի հետ, սակայն չեմ զարմանում, որ առարկան ծրագրից հանել են: Առարկան արցախյան հիմնահարցին էր վերաբերում, բանակցային գործընթացներին, բանակցային զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննվող հայեցակարգերին, եւ այսպես շարունակ»:

«Առարկայի նշանակությունն այն է, որ Արցախյան հիմնահարցն այսօր էլ լուծված չէ: Հարցը փակված է, իշխանությունների կողմից լռեցված է ժամանակավորապես, բայց արցախցի 100 հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, իրենց իրավունքներից, գոյություն ունի «վերադարձի իրավունք» ասվածը, որը ճանաչված է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից: Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը լուծել: Եթե այս առարկան հանում են կրթական ծրագրից, ապա դա քաղաքական նպատակներ ունի, չեմ բացառում, որ այդ հրահանգը վերեւից է իջել, թեպետ հնարավոր է, որ ինչ-որ դասախոսներ` իշխանություններին հաճոյանալու համար, որոշել են այս քայլին դիմել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին Fri, …