«Հրապարակ»․ Քանի որ արտաքին հարաբերություններ չունեն, մնում են առեվտուրն ու ապրանքափոխանակությունը

«Հրապարակ»․ Քանի որ արտաքին հարաբերություններ չունեն, մնում են առեվտուրն ու ապրանքափոխանակությունը

Tue, 01 Sep 2026 11:15:01 +0400


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացմամբ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ առաջարկվեցին։ Եվ այդ փոփոխությունն առաջին հերթին վերաբերում է երեք նախարարության անվանափոխությանը եւ նրանց գործառույթների վերանայմանը: Առաջարկվեց արտաքին գործերի նախարարությունը վերանվանել արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։
Դիվանագետ Վարդան Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ սովորաբար միջազգային առեւտրական, տնտեսական հարաբերությունները մաս են կազմել արտգործնախարարության: «Ցանկացած երկրում դեսպանատներին կից մենք ունեինք առեւտրական ներկայացուցիչ, որը, ըստ նախագահի կամ նախարարի հանձնարարության, զբաղվում էր տվյալ երկրի հետ առեւտրային հարաբերությունների կարգավորման հարցերով, ամրապնդում էր մեր երկրի հետ այդ երկրի տնտեսական, առեւտրային կապերը, հետապնդում էր պետության տնտեսական շահերը: Լինելով այդ գործառնության կատարողը, թե՛ դեսպանատներում, թե՛ նախարարությունում ունեինք աշխատակիցներ, որոնք հիմնականում զբաղվում էին հենց այդ հարցով: Նրանք համագործակցում էին տարբեր նախարարությունների հետ, նրանց շահերը ներկայացնում էին տարբեր երկրներում եւ եթե հասնում էին հաջողության, սկսվում էին արդեն որոշակի հարաբերություններ:

Օրինակ, ԱՊՀ շրջանակներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կազմակերպում էին տարբեր հանդիպումներ, տնտեսական ցուցահանդեսներ կամ, օրինակ, մեր երկրի այս կամ այն մարզի, քաղաքի համագործակցությունը մեկ այլ երկրի մարզի կամ քաղաքի հետ՝ զարգացնելով տուրիզմը, առեւտուրը: Այսինքն՝ տպավորություն է, որ արտաքին քաղաքական հարաբերությունները, ըստ էության, չկան, կամ իրենց նախաձեռնությամբ բան չի արվում, թելադրանքի տակ է արվում, հիմա, որպեսզի այդ մարդիկ ինչ-որ բանով զբաղվեն՝ առեւտրական կապերի հարցերով: Ըստ երեւույթին, նկատի ունեն, ըստ իրենց հայտարարած ուղղության, Ռուսաստանը, որ մեր ամենամեծ գործընկերն էր` առեւտրական, տնտեսական, մեր ռազմավարական դաշնակիցը չէ, ինչպես վարչապետը հայտարարեց, հիմա ասենք, տարբեր ուղղություններով՝ եվրոպական, արեւմտյան, Թուրքիայի, Ադրբեջանի հետ այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, որովհետեւ այդ երկրների հետ, որպես այդպիսին, քաղաքական հարաբերություններ զարգացնելու հեռանկար չունեն, մնում է առեւտուր, ապրանքափոխանակություն, նմանատիպ հարցեր լուծել»,- ասաց Հակոբյանը:

Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԳՆ-ի անվանափոխությունը կապված է նաեւ ՀՀ աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության հետ: Մեր զրուցակցի կարծիքով` ստացվում է, որ արտգործնախարարությանը հանձնարարվում է հիմնականում այդ հարցերով զբաղվել, ոչ թե մտածել, օրինակ, թե ինչպիսի հարաբերություններ է պետք զարգացնել հենց նույն Թուրքիայի, Ռուսաստանի կամ Հնդկաստանի հետ: Ըստ երեւույթին, նման պարտականություններ չունեն, հիմնականում ուզում են այդ նախարարության գործառույթների հիմքում դնել առեւտրատնտեսական ինչ-որ հարաբերությունների զարգացումը՝ նկատեց դիվանագետը:

Այսինքն, այս պարագայում խոսքը գնում է արտաքին գործերի նախարարության բովանդակության ու համակարգի փոփոխությա՞ն մասին։ «Այո, եթե հիշում եք, բազմիցս ասել եմ, թե ինչ արտաքին քաղաքական գործունեություն է ծավալում մեր նախարարությունը: Ես չեմ տեսնում այդ գործունեությունը, եթե նրանք հանդիպում են, եւ նրանց ասում են՝ այսպես պիտի անեք, այնպես պիտի անեք, նրանք էլ անում են, դա չեղավ դիվանագիտական հարաբերություններ կամ միջազգային քաղաքական հարաբերություններ: Այսինքն՝ այդ ճակատում անելու բան չունեն, այդպես է ստացվում»:

Ըստ էության` լուծարվո՞ւմ է ԱԳ նախարարությունը: Հակոբյանն ասում է` ոչ թե լուծարվում է, այլ ձեւական բնույթ է ստանում այդ ուղղությունը՝ միջազգային հարաբերությունները քաղաքական-դիվանագիտական տեսանկյունից: «Ուրեմն այդքան չեն կարեւորում, կարեւորվում են առեւտրական հարաբերությունները»: Պարզ է, որ իրենք կներկայացնեն, թե սա արվում է արտաքին քաղաքական կապերն ամրապնդելու եւ այլնի համար, բայց ի՞նչ է արտաքին քաղաքականությունը՝ դու միջազգային քաղաքական դաշտում քո պետության շահերը՝ անվտանգային, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, պաշտպանում ես, հարաբերություններ ես ձեւավորում տարբեր երկրների, դաշնակիցների հետ եւ այլն: Ուրեմն այս ճակատում առանձնապես անելու բան չկա՝ նկատում է Հակոբյանը: «Դրա համար էլ մի բաժինը՝ առեւտրական ներկայացուցչությունը կարեւորում են ու դարձնում եթե ոչ գլխավոր, ապա զուգահեռ նույն մակարդակի վրա են դնում: Դա ինչ-որ ձեւական քայլ է, տարբեր երկրներում գտնվող մեր դիվանագետները, դեսպաններն ինչո՞վ զբաղվեն, ի՞նչ խոսեն Ռուսաստանի, Չինաստանի կամ ԱՄՆ-ի դիվանագետների հետ՝ խոսելու բան չունեն, այդպես է ստացվում»,- եզրափակեց Վարդան Հակոբյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել է նոր փուլ՝ գեոտնտեսական, լոգիստիկ եւ էներգետիկ

«Հրապարակ». Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել է նոր փուլ՝ գեոտնտեսական, լոգիստիկ…

11 րոպե ago

Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին

Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին Tue, 01 Sep 2026 11:51:54 +0400 Քննչական…

35 րոպե ago

«Հրապարակ». 16 տարում 3 անգամ նվազել է

«Հրապարակ». 16 տարում 3 անգամ նվազել է Tue, 01 Sep 2026 11:45:45 +0400 Տավուշի մարզպետի…

41 րոպե ago

Իսրայելը կոչնչանար․ Թրամփը՝ Իրանի գործողությունների մասին

Իսրայելը կոչնչանար․ Թրամփը՝ Իրանի գործողությունների մասին Tue, 01 Sep 2026 11:30:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

56 րոպե ago

Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն

Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն Tue, 01 Sep 2026 11:27:27…

59 րոպե ago

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է Tue, 01 Sep 2026 11:00:43 +0400 Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը…

1 ժամ ago