«Հրապարակ»․ Փաշինյանն ամեն կերպ փորձելու է պահել ընդգծված սեւ ու սպիտակի միջավայրը

«Հրապարակ»․ Փաշինյանն ամեն կերպ փորձելու է պահել ընդգծված սեւ ու սպիտակի միջավայրը

Wed, 02 Sep 2026 10:45:47 +0400


Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ մեզ արդեն ծանոթ հայտարարությունները նոր մատուցմամբ է ներկայացնում: Օրինակ՝ հայտարարեց, որ Ամենայն հայոց հայրապետը մարդիկ է գյուղեր ուղարկում` «զոնդաժ» է անում, փորձում է նոր շարժում սկսել, մի օր էլ գալու է՝ Բագրատ սրբազանի նման ասի` 15 րոպե ժամանակ եմ տալիս,- հեգնեց նա:

Զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

– Վեհափառի հանդեպ ուժային կոշտ տարբերակները լեգիտիմացնելու համա՞ր է նման հայտարարություններ անում Փաշինյանը: Ի՞նչ քայլերի է դիմելու, որ դրանից առաջ նման մեսիջներ է հղում:

– Չեմ կարծում, թե Փաշինյանի այդ հայտարարությունն ինչ-որ աննախադեպ բան էր պարունակում, որ մտածենք, թե նա փորձում է նախադրյալ ստեղծել Վեհափառի կամ Մայր Աթոռի դեմ ինչ-որ գործողության համար, որովհետեւ նախկինում նա արել է, մեղմ ասած, ոչ պակաս խիստ, եթե չասենք՝ ավելի կոշտ հայտարարություններ: Չեմ կարծում, թե այդ հայտարարության նպատակն ինչ-որ նոր գործողությունների նախադրյալներ ստեղծելն էր: Պարզապես, անդրադառնալով թեմային, Փաշինյանը փորձել է ինչ-որ նոր երանգ հաղորդել իր գործողությունների չակերտավոր լեգիտիմությանը:

– Ի՞նչ է նշանակում նրա այն հայտարարությունը, թե բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու Վեհափառը նույն մաֆիայի անդամներն են:

– Այստեղ էլ ոչ մի նոր բան չկա: Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կենսունակությունը ստանում է սեւ-սպիտակ միջավայրից, բնականաբար, փորձում է առավելագույնն անել՝ այդ միջավայրը ստանալու համար: Եվ իրեն ընդդիմադիր բոլոր շերտերը, որոնք շատ թե քիչ սուբյեկտություն ունեն ներքաղաքական կյանքում, այսինքն՝ ունեն որոշակի համակարգային ռեսուրս եւ ըստ այդմ՝ մրցունակություն Փաշինյանի հանդեպ, բոլորին ներկայացնել այդպես մեկ միավոր, որպեսզի ստացվի սեւն ու սպիտակը, որեւէ այլ մոտիվ ես այստեղ չեմ տեսնում: Փաշինյանի համար դա հարմարավետ զոնա է, կոմֆորտ զոնա` ներքաղաքական իմաստով:

– Ի՞նչ է նշանակում Տիգրանաշենի առնչությամբ Փաշինյանի հայտարարությունը, որ այդ հարցն այլեւս լուծված է, որ ինչ էլ լինի Տիգրանաշենը, մյուս, այսպես կոչված` անկլավներն է՞լ է հանձնելու:

– Սրանով Փաշինյանը շարունակում է ներկայացնել այն քաղաքականությունը, որը վարել է եւ մտադիր է վարել: Ընդամենը շարունակում է ներկայացնել իր քաղաքական մոտեցումները: Արդյո՞ք այդ թեմայով առաջին անգամ է նման բան հայտարարել, իհարկե՝ ոչ: Հետեւաբար, ինձ համար մի քիչ տարօրինակ է զարմանքը, որ վայ, Փաշինյանն ասաց Քյարքի: Փաշինյանն արդեն տեւական ժամանակ պարբերաբար խոսել է այդ թեմայով, արտահայտել է իր դիրքորոշումը, որ ինքը համարում է, որ Ադրբեջանն ունի, այսպես կոչված, անկլավներ, եւ ասում է, որ Արծվաշենն էլ մեր անկլավն է: Այստեղ հարցը հետեւյալն է․ հասարակությունը, քաղաքական դերակատարները բացի Փաշինյանի հայտարարությունների հետեւից գնալուց, դրանց վտանգներն արձանագրելուց, ինչը, իհարկե, շատ կարեւոր է, ուրիշ ի՞նչ կարող են անել՝ իրավիճակ, միջավայր, հանրային տրամադրություն փոխելու տեսանկյունից: Քանի որ փորձը ցույց է տալիս, որ վտանգները պարզապես արձանագրելը, ահազանգելը բավարար չեն իրավիճակը սկզբունքորեն փոխելու համար: Այն ռեսուրսը, որ քաղաքական իրավիճակի փոփոխության առումով կա այդ արձանագրումների իմաստով, ինձ թվում է՝ հասել է իր պիկին եւ ցույց է տվել, որ դա բավարար չէ այդ պրոցեսը կանխելու համար: Հիմա պետք է փնտրել նոր մեթոդաբանություն, նոր աշխատանք, աշխատանքի նոր տրամաբանություն: Ինձ թվում է՝ այստեղ է հարցը:

– Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումները, Կարապետյանի, Ծառուկյանի, Վեհափառի դեմ գործողություններն օրակարգային հարցերով զբաղվելու համար տեղ չթողնելո՞ւ համար է, թե՞ մեկ գործողությամբ երկու նպատակ են հետապնդում:

– Ես չեմ կարծում, որ այդ գործողություններն ինչ-որ մեկ նպատակ են հետապնդում, այդ նպատակով է Փաշինյանը դիմում այդպիսի մասշտաբային ռեպրեսիոն բնույթի գործողությունների: Դրանց մասշտաբն այնպիսին է, որ չի կարող պայմանավորված լինել մեկ նպատակով, ինքը պիտի հաշվարկի, թե դրա, ասենք, հակադարձ էֆեկտներն ինչպիսի հնարավորություններ ունեն, այսինքն` ինչպիսի ռիսկայնություն կա հակադարձ էֆեկտի մասով: Իհարկե, կա նաեւ հենց այդ նպատակը՝ թելադրել իրավիճակը, թելադրել խաղի տրամաբանություն, եւ քանի որ Փաշինյանի համար այդ սեւ ու սպիտակի ընդգծված միջավայրը հարմարավետ գոտի է, ինքը փորձում է առավելագույնն անել՝ այն փորձելու, ստանալու համար, եւ եթե ծավալվում է կոշտ փոխհրաձգություն իր եւ ընդդիմության միջեւ, այստեղ միարժեք շահողը լինելու է ինքը, որովհետեւ ընդդիմության կոշտ փոխհրաձգությունը, կոշտ հայտարարությունները, ելույթները ջերմացնում են շատ եւ շատ ընդդիմադիր քաղաքացիների միտքը, հոգին եւ այլն, բայց մենք պետք է չափենք հետեւյալ տրամաբանությամբ՝ իսկ դրանք իրավիճակ փոխո՞ւմ են, թե՞ չեն փոխում: Մենք տեսնում ենք, որ դրանք իրավիճակ կարծես թե չեն փոխում, եւ այստեղից կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանի համար ձեռնտու է իրավիճակը բերել այդ տրամաբանության դաշտ, թույլ չտալ, որ հանկարծ ուրիշ մոտեցումներով քաղաքականություն ծավալվի Հայաստանում: Սա իսկապես շատ բարդ մարտահրավեր է ընդդիմության համար: Այն ռեպրեսիոն գործողությունները, որ անում է Փաշինյանը, դրանք ուղղակի շատ մեծ էմոցիոնալ ճնշում են ընդդիմության վրա, եւ սա ոչ թե ասում եմ վերամբարձ` ընդդիմությանը դաս տալով, որ պետք է ուրիշ քաղաքականության մասին մտածել, այլ պարզապես տեսակետս արտահայտում եմ ընդունելով, որ, այդուհանդերձ, ընդդիմությունը շատ բարդ վիճակում է:

– Իսկ այդ խնդիրը լուծելու ուղի կա՞:

– Ես այստեղ, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ճանապարհ տեսնում եմ եւ ունեմ նաեւ որոշակի փաստական նախադրյալ՝ այդ գնահատականը հնչեցնելու: Մենք տեսանք, որ նախընտրական շրջանում ընդդիմության այս առաջատար ուժերը զգալիորեն փոխեցին ներքաղաքական պայքարի պարադիգմը եւ այդ իշխանություն-ընդդիմություն փոխհրաձգությունից եկան ընդդիմություն-հասարակություն առարկայական երկխոսության դաշտ՝ հնարավորինս քիչ էմոցիայով եւ հնարավորինս շատ պրագմատիկ քննարկումներով: Ու մենք տեսանք, որ այդ փոփոխությունը բերեց իրավիճակի փոփոխության, եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ֆիզիկապես ավելացրեց իր ստացած ձայների քանակը, բայց տոկոսային հարաբերակցությամբ կորցրեց, հենց այդ պարադիգմի փոփոխության արդյունք էր: Այսինքն, ընդդիմությունը չկարողացավ իշխանափոխություն իրականացնել, բայց նվազագույն մի բան փոխել կարողացավ՝ ներքաղաքական պայքարի պարադիգմը: Եվ մենք հիմա տեսնում ենք, որ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը բավականին ջերմեռանդորեն փորձում է վերադարձնել այդ ներքաղաքական պայքարի տրամաբանությունը, այսպես ասած, ավանդական դաշտ, որովհետեւ ընդդիմությունը նախընտրական շրջանում իրենց փաստացի դուրս թողեց իր համար կոմֆորտ զոնայից:

– Այսինքն, ընդդիմությունը մի նոր բանաձե՞ւ պետք է գտնի:

– Շատ բան պետք է գտնել, իհարկե: Ես հեռու եմ ընդդիմությանը վերեւից դաս տալու հավակնությունից, որովհետեւ շատ բարդ է ներկայում Հայաստանում աշխատել եւ գործել որպես ընդդիմություն՝ հաշվի առնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ, եւ ես պարզապես դիտարկումներ եմ ներկայացնում, որը կարող է օգտակար լինել ընդդիմադիր այն ուժերի համար, որոնք ուզում են դուրս գալ Հայաստանում իրավիճակ փոխելու ավելի երկարաժամկետ եւ ավելի արդյունավետ ինչ-որ նոր հարթություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Սիրուն չէ». ՌԴ ԱԽ-ն՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերի մասին

«Սիրուն չէ». ՌԴ ԱԽ-ն՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերի մասին Wed, 02 Sep 2026 11:30:52…

9 րոպե ago

Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն

Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն Wed, 02 Sep 2026 11:22:23 +0400 Արցախի…

18 րոպե ago

Պապերիս տունը մնացել ա Արցախում, Փաշինյանը չլինի՝ ով ուզում ա լինի. Դանիելյան

Պապերիս տունը մնացել ա Արցախում, Փաշինյանը չլինի՝ ով ուզում ա լինի. Դանիելյան Wed, 02 Sep…

20 րոպե ago

«Հրապարակ»․ 2026-ին հայկական անձնագրից հրաժարվելու հակառեկորդ է գրանցվել

«Հրապարակ»․ 2026-ին հայկական անձնագրից հրաժարվելու հակառեկորդ է գրանցվել Wed, 02 Sep 2026 11:15:23 +0400 Կառավարությունն…

25 րոպե ago

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ Wed, 02 Sep 2026 11:12:15…

28 րոպե ago

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Wed, 02 Sep 2026 11:09:41 +0400 Գագիկ Խաչատրյանի…

31 րոպե ago