Թուրքական գրաքննությունը շրջանցել է ու ծիծաղը վշտի միջից ներկայացրել

Թուրքական գրաքննությունը շրջանցել է ու ծիծաղը վշտի միջից ներկայացրել

Thu, 24 Sep 2026 21:00:17 +0400


Գրականագետներն ու Հայ գրականության պատմության մասնագետները փաստում են, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայ գրական արձակը զարգացել է հատկապես իրավապաշտպանության, հրապարակախոսության եւ սատիրայի ուղղություններով։ Արեւմտահայ գրականության մեջ դա տեղի է ունեցել առանձնահատուկ սոցիալական եւ քաղաքական լարված պայմաններում։ Գրականությունն այստեղ ոչ միայն գեղագիտական ինքնարտահայտման միջոց էր, այլ նաեւ՝ հասարակությանը դիտելու գործիք, վարքագիծն ու արարքները, երեւույթները քննադատական աչքով ներկայացնելու հնարավորություն։

Այս համատեքստում հետաքրքիր է հատկապես Միսաք Գույումճյանի՝ Առանձարի, գրական ժառանգությունը։ Հեղինակն ապրել է ընդամենը 36 տարի։ Ժառանգություն է թողել 9 նորավեպ, «Փրկիչները» վերնագրով մեկ պիես եւ մի քանի հրապարակախոսական գործ։ Սակայն այդքան փոքր ծավալի ժառանգությունն էլ հերիք էր, որպեսզի դեռ ժամանակակիցները խոստովանեին, որ նա յուրատեսակ երեւույթ էր գրականության մեջ։ Ստեփան Զորյանը ժամանակին վկայել է, որ ժամանակակիցները երիտասարդ Առանձարի մեջ տեսել են «պարոնյանական ուժը», այսինքն՝ հայկական այն սոցիալական սատիրայի ավանդների շարունակողին եւ զարգացնողին, որի ակունքներում նախեւառաջ կանգնած է Հակոբ Պարոնյանը։

Նա ծնվել է 1877-ին, Տիգրանակերտում՝ Դիարբեքիր քաղաքում, որտեղից ծնողները հետագայում տեղափոխվել են Բաղդադ։ Հայրը՝ Քերովբե Գույումճյանը, առեւտրական էր։ Ապագա գրողը միջնակարգ կրթություն ստացել է Էրզրում-Կարինի Սանասարյան դպրոցում, որից հետո արդեն կրթությունը շարունակել է Եվրոպայում․ սկզբում՝ Մյունխենում, ապա՝ Ցյուրիխում։ Համալսարանական կրթություն ստանալուց հետո զբաղվել է մանկավարժական գործունեությամբ Ալեքսանդրապոլում, եղել է Ադանայի դպրոցի տնօրենը։ Առանձարի կենսագրությունը, թեեւ աղքատիկ տեղեկություններով, սակայն, իր մեջ միավորում է մի քանի մշակութային շերտ՝ Օսմանյան կայսրության արեւմտահայկական մշակույթի շերտը, Մերձավոր Արեւելքի առեւտրականների մշակութային կամ բաղդադյան շերտը եւ կովկասյան ու եվրոպական կրթական շերտը։ Եթե դիտարկենք զուտ պատկանելության առումով, ապա Առանձարը պատկանում էր արեւմտահայկական մշակութային միջավայրին։ Սակայն ծանոթ էր եվրոպական կրթական մոդելներին եւ գրական պրոցեսներին։
1901 թվականին թիֆլիսյան «Մուրճ» հանդեսում սկսում են տպագրվել նրա առաջին սատիրական պատմվածքները։

«Մուրճը», ի դեպ, Առանձարի գրական համբավի ձեւավորման վրա ունեցել է լուրջ ազդեցություն։ Արեւմտահայ գրողի համար թիֆլիսահայ պարբերականում տպագրվելն ընդլայնում է գրական հաղորդակցությունն ու ընթերցողների լսարանը։ Առանձարը Թիֆլիսում տպագրվելով, կարողանում է շրջանցել օսմանյան գրաքննությունը։ Թիֆլիսը, ինչպես նրա կենսագիրներն են նկատում, ավելի ազատ հարթակ էր նրա սատիրական գործերի համար։ 1905-ին լույս է տեսնում նրա «Վշտի ծիծաղ» ժողովածուն։ Սա նրա գրական ժառանգության առանցքային հանգրվանն է դառնում։ Յուրահատուկ մոտեցումը, որն ուներ Առանձարը սատիրայի հանդեպ, թերեւս այն էր, որ կարողանում էր վշտի միջից ծիծաղ առաջացնել։ Նման բան քչերին է հաջողվել։ Առանձարի արձակի թեմատիկան բավականին բազմազան էր։ Այն ներկայացնում էր, մեծ հաշվով, Օսմանյան կայսրության իրականությունն այնպիսին, ինչպիսին կար՝ կաշառակերություն, այլ կրոնների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք, քրիստոնյաների հանդեպ պարբերաբար սանձազերծվող հալածանքներ։ Առանձարի քննադատությունն այնքան սուր էր, որ օսմանյան գրաքննությունն արգելում էր նրան Ստամբուլում տպագրվել։

«Տասը տարի անց» պատմվածքում, որն ինքնակենսագրական գծեր ունի, հեղինակը խոստովանում է, որ ստիպված է եղել հրաժարվել գրականությունից եւ լիովին նվիրվել մանկավարժությանը, քանի որ գրականության նվիրյալների նյութական վիճակը ծանր էր` աջակցություն չկար, հոնորարներ՝ եւս։ Ամեն դեպքում, նրա պատմվածքներում կա որոշակի լավատեսություն, չնայած եթե ուսումնասիրենք կյանքի այն պայմանները, որ եղել են Օսմանյան կայսրությունում, պետք է արձանագրենք, որ դրանք ուղղակի սարսափելի են։ Առանձարը մահացել է 1913 թվականին՝ Ադանայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ Sat, 26 Sep 2026 02:30:39 +0400 Առնվազն…

3 ժամ ago

Ստեղծել է «Ճշմարտության նախարարություն» եւ հայտնվել սկանդալի կենտրոնում

Ստեղծել է «Ճշմարտության նախարարություն» եւ հայտնվել սկանդալի կենտրոնում Sat, 26 Sep 2026 02:00:42 +0400 Մեծ…

3 ժամ ago

Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցրին

Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցրին Sat, 26 Sep 2026 01:00:47 +0400 Microsoft ընկերությունը հայտարարել…

4 ժամ ago

Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ

Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ Sat, 26 Sep 2026 00:30:01 +0400 Եվրամիությունը նոր նմուշի…

5 ժամ ago

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել Sat, 26 Sep 2026 00:15:52 +0400 Ձերբակալվել է գերմանացի հայտնի…

5 ժամ ago

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից Sat, 26 Sep 2026 00:00:50 +0400 Արքայադուստր…

5 ժամ ago