Փաշինյանը խայտառակում է Հայաստանը, ինչը խղճահարություն է առաջացնում
Wed, 02 Sep 2026 18:15:17 +0400
Փաշինյանին թվում է, թե ինքն այնքան խելոք է, որ կարող է ծաղրել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների առաջնորդներին, նրանց հիմարի տեղ դնել կամ գոնե փորձել: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող ««ՄԱԿ-ը՝ որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ «ՇՀԿ+» պետությունների ներդրումը բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործում» խորագրով խորհրդաժողովի իր ելույթում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շատ խրոխտ հայտարարել է. «Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբեւեռության տեսլականը»: Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի կողմից հաստատված միաբեւեռ աշխարհին վերջ տալու համար, ամերիկյան հեգեմոնիայի եւ ամերիկյան միակողմանի թելադրանքին հակադրվելու համար: Այդ կազմակերպությունը ոչ միայն տարածաշրջանային է, այլեւ՝ գաղափարական, եւ կազմակերպության անդամ երկրները շատ լավ գիտեն, որ Հայաստանը, ի դեմս նրա փաստացի ղեկավարի, գործում է ամերիկյան թելադրանքի տակ, չի կարող բազմաբեւեռ աշխարհի կողմնակից լինել կամ պայքարել դրա համար: Ինչ արժեք ունի նրա խոսքը, երբ բոլորը գիտեն, թե ով է նա:
Որ ավելի ընդգծի իր կախվածությունն ԱՄՆ-ից եւ այդ երկրի իշխանությունից, հայտարարում է, թե ԱՄՆ նախագահի անմիջական թելադրանքով իր երկրի տարածքը հանձնել է ԱՄՆ-ին, որ իր երկրի տարածքում կառուցվելու է ԹՐԻՓՓ անունով մի նախագիծ: Փաշինյանն ասում է, որ այդ նախագծի իրականացումից շահելու են նաեւ տարածաշրջանի բոլոր երկրները. «Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արեւելքից արեւմուտք, այսինքն՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»: Թե ինչպես պետք է ԱՄՆ-ի կողմից կառուցվող այդ նախագիծը նպաստի Պարսից ծոցը Սեւ ծովին կապելուն, որեւէ մեկը չի կարող ասել, ընդհակառակը՝ Իրանը, ոչ անհիմն, մտահոգություն ունի, որ այդ նախագծի իրականացման բուն նպատակն իրեն Սեւ ծովի տրանսպորտային հասանելությունից զրկելն է, Իրանի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ արդեն հրապարակային են հայտարարել, որ կտրականապես դեմ են տարածաշրջանում ամերիկյան ներկայությանը: Փաշինյանը դրա մասին գիտի, բայց մտածում է, որ կարող է Իրանին հիմարի տեղ դնել:
Աշխարհի բազմաբեւեռության համար պայքարի առաջամարտիկը Չինաստանն է, Չինաստանն աշխարհի երկրորդ, այս պահին գուցեեւ առաջին տնտեսությունն է, բայց ունենալով տնտեսական ուժ եւ ազդեցություն՝ Չինաստանը փորձում է այն վերածել ռազմաքաղաքական ազդեցության, ուզում է վերջ դնել ԱՄՆ-ի միանձնյա առաջնորդությանը, նրա հետ կիսել աշխարհի առաջնորդությունը, եթե կա երկու առաջնորդ, աշխարհը միաբեւեռ չէ, բազմաբեւեռ է: ԱՄՆ-ն ամեն կերպ խոչընդոտում է Չինաստանի փորձերին, որովհետեւ չի ցանկանում կիսել առաջնորդությունը, ուզում է, որ Չինաստանը եւս մնա իր լիակատար հսկողության տակ, այնպես, ինչպես եղել է նախկինում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ իրականացվող ԹՐԻՓՓ-ն ուղղված է նաեւ եւ գուցե ամենաշատը Չինաստանի դեմ, քանի որ դրա նպատակը Կենտրոնական Ասիայի հանքահումքային հարստությունները Չինաստանի քթի տակից Եվրոպա տանելն է, որ ղազախական նավթն ու գազը, ուրանը, Ղրղզստանի ոսկին, Թուրքմենիայի գազը վաճառվեն Եվրոպայում եւ ոչ թե բաժին հասնեն Չինաստանին: Այդ նախագիծը Թուրանի նախագծի իրականացման մի մասն է, որի իմաստը թուրքական կամ թուրքալեզու պետությունների համար միասնական սահման եւ տրանսպորտային կապ ապահովելն է, որ Թուրքիայից մինչեւ Ուզբեկստան ու Ղրղզստան ստեղծվի մի միասնական էթնիկ եւ տնտեսական տարածք՝ թշնամի Չինաստանին, Իրանին ու Ռուսաստանին, որտեղ եւս թուրքալեզու փոքրամասնություններ են բնակվում: Բայց Փաշինյանն այդ նախագծի իրականացումը ներկայացնում է որպես բարօրություն Չինաստանի համար:
Այդ նախագիծն ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմ, քանի որ եթե հիմա Կենտրոնական Ասիայի հանքահումքային պաշարներն արտաքին շուկաներ են արտահանվում Ռուսաստանի տարածքով, մասնավորապես՝ Սեւ ծովում գտնվող ռուսական նավահանգիստների միջոցով, այդ ծրագրի իրականացման դեպքում կարող են հանգիստ շրջանցել Ռուսաստանը, այդ երկրին զրկելով ոչ միայն ֆինանսական շահ ստանալու հնարավորությունից, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ունեցած ազդեցությունից: Փաշինյանն այդ ծրագրի իրականացումը ներկայացնում է Ռուսաստանի շահերին ամբողջապես համապատասխանող:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ ԹՐԻՓՓ-ի կառուցումով եւ Հայաստանի միջոցով այդ նախագծի մեջ ամերիկյան անմիջական ներգրավվածություն ապահովելով՝ տարածաշրջանում էականորեն մեծանում է ԱՄՆ ազդեցությունը: Մինչդեռ Փաշինյանը փորձում է դա ներկայացնել որպես բազմաբեւեռ աշխարհի կառուցման գործում իր կատարած ներդրում: Բայց Բիշքեկում հավաքվածներն իր կառավարության անդամները չեն, որ գլխիկոր լսեն ցանկացած տգիտություն կամ խոսքի ցանկացած աճպարարություն եւ դա համարեն վերին իմաստնություն: Այդ մարդիկ նույնիսկ չեն էլ լսում Փաշինյանին՝ հաստատ իմանալով, որ ամերիկյան վերադասի հսկողության տակ գտնվողը չի կարող որեւէ ինքնուրույն միտք արտահատել, առավել եւս՝ աշխարհի բազմաբեւեռության մասին: Իսկ չլսելը սեփական նյարդային համակարգը պաշտպանելու լավագույն միջոցն է: Շատերն էին նկատել, որ Փաշինյանն այս անգամ խոսեց հայերեն, իբրեւ թե Ռուսաստանին ինչ-որ բան ապացուցելու համար, չնայած նախկինում խոսում էր ռուսերեն, այնպես, ինչպես նախկին խորհրդային երկրների առաջնորդները: Հաջորդ անգամ կարող է անգլերեն խոսել` ամերիկյան առոգանությամբ, որ ավելի ընդգծի բազմաբեւեռ աշխարհին կողմնակից լինելը: