«Հրապարակ». Անգամ բժիշկները չեն կարող նման եզրակացություն անել, դու ինչպե՞ս ես ասում` սիմուլյանտ է

«Հրապարակ». Անգամ բժիշկները չեն կարող նման եզրակացություն անել, դու ինչպե՞ս ես ասում` սիմուլյանտ է

Fri, 04 Sep 2026 11:45:11 +0400


Դատավոր Արամ Գրիգորյանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորեց։ Մինչ այդ ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին Գագիկ Խաչատրյանի տուն եւ նրան պատգարակով տարան դատարան։

Գլխավոր դատախազությունն էլ հաղորդագրություն տարածեց, որ դատախազի՝ 2026թ. օգոստոսի 29-ի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026թ. հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել եւ լրացվել է, հարուցվել է նոր հետապնդում: Իսկ 2025թ. հունիսի 19-ին եւ 2026թ. հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ «Գ. Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ. Խ.-ի՝ ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ. Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից)»: Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարեց, որ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական միջոցները փաստացի սպառվել են։
Իրավապահների գործողությունների, դատարանների եւ քաղբանտարկյալների թեմայով զրուցել ենք նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ:

– Հայաստանում քաղբանտարկյալների պակաս չկա. Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյաններ, Գագիկ Խաչատրյանին խոշտանգելով կալանքի տանելու դեպքը, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Արեգնազ Մանուկյան, եւ այսպես շարունակ: Ինչո՞ւ են դատավորներն այս աստիճան հնազանդվում գործադիրի ղեկավարին:

– Սա ընդամենը իշխանությունների ընտրած ապօրինի ճանապարհն է: Ռեժիմը որոշել է գնալ անարդարության ճանապարհով, ինչ վերաբերում է դատարաններին, հատկապես այն հանգամանքին, որ անառողջ մարդկանց կալանք է տալիս, ինչպես գիտենք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ունի առողջական խնդիրներ, դե իսկ Գագիկ Խաչատրյանի մասին խոսելն ավելորդ է, մենք տեսանք, թե նա ինչ վիճակում էր: Ես այդքան տարի աշխատել եմ դատական համակարգում եւ այս ամենը համարում եմ խիստ անընդունելի: Այս ամենը ոչ իրավաչափ է: Ինչ-որ ապօրինի գույքի ցանկ են հրապարակում` Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի հետ կապված, մարդկանց ասում են` տեսեք, թե ինչքան գույք ունեն նրանք: Ողջամիտ մարդկանց մոտ հարց է առաջանում․ եթե գույքն ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել, ապա նրանք թող պատասխան տան, սակայն այստեղ հարցը խափանման միջոցի մասին է. ինչո՞ւ եք դուք որպես խափանման միջոց ընտրում կալանքը, այն դեպքում, երբ մարդն անշարժ գամված է անկողնուն: Խաչատրյան Գագիկն ի՞նչ եղանակով պետք է խոչընդոտի պրոցեսին կամ՝ ինչպե՞ս պետք է թաքնվի, կարո՞ղ եք ինձ բացատրել: Շատերը դատական ակտն ու նախնական կալանքը սկսել են անգամ իրարից չտարբերել: Ոմանք այնպես են խոսում, կարծես արդեն իսկ կա դատական ակտ, եւ արդեն ապացուցված է մարդկանց մեղքը, հերթը պատժվելունն է, բայց իրականում այդպես չէ: Ակնհայտորեն, խափանման միջոց կալանքը դարձել է պատժիչ գործիք: Տասնյակ ԱԱԾ-ականներ մտան Գագիկ Խաչատրյանի տուն, նրան տեղափոխեցին պատգարակով, ես նման բան իմ կյանքում չէի տեսել: Դատարանը չպետք է նման նիստ աներ: Ամբաստանյալին այդ վիճակում նիստի տանելն անարգանք է հենց դատարանի նկատմամբ: Դատարանը չպիտի թույլ տար, որ նման նիստ տեղի ունենար:

– Պրակտիկայում չե՞ն եղել նման դեպքեր:

– Չի եղել երբեք նման բան: Լսում էի վարչապետին, ասում էր` Խաչատրյան Գագիկը սիմուլյանտ է: Նա գոհունակություն հայտնեց, որ վերջինիս պատգարակի վրա տարան կալանքի: Հարգելիս, դու ինչպե՞ս ես հասկանում՝ մարդը սիմուլյանտ է, թե՝ ոչ: Անգամ ակադեմիական կրթություն ստացած, փորձառու բժիշկները չեն կարողանում նման եզրակացություններ անել անմիջապես, դու ինչպե՞ս ես նման եզրահանգումներ անում: Անմիջապես ախտորոշումը տվեց` անձը սիմուլյանտ է: Ինչ վերաբերում է դատական համակարգին եւ այս որոշումներին, ապա պետք է հերթական անգամ հիշեցնել, որ դատական համակարգի երաշխիքը Բարձրագույն դատական խորհուրդն է: Բայց այսօր ԲԴԽ-ն կարո՞ղ է որեւէ դատավորի կամ դատարանի համար ինչ-որ բան երաշխավորել, կարո՞ղ է դատավորը համոզված լինել, որ ինչ-որ մի դատավճռի պատճառով չի կորցնելու աշխատանքը։ Չի կարող: Ինչո՞ւ։ Որովհետեւ դատավորի թիվ մեկ երաշխավոր ԲԴԽ-ն ղեկավարում է երկրի վարչապետը, նա մեկ sms հաղորդագրությամբ ԲԴԽ նախագահին ազատեց աշխատանքից: Դատավորը երբ տեսնում է, որ իր թիվ մեկ երաշխավորին կարող են մեկ sms-ով ազատել աշխատանքից, ապա ի՞նչ կարող է անել նման պայմաններում: Եթե դատավորը համոզված լինի, որ արդար վճիռ կայացնելու պարագայում չի պատժվի, եւ ԲԴԽ-ն կպաշտպանի իրեն, ապա արդարության սկզբունքով կգործի: Ես համոզված եմ, որ իմ նախկին կոլեգաներն ազնիվ են եւ իրենց երդմանը հավատարիմ, ուղղակի չունեն երաշխավոր, ԲԴԽ-ն գործում է ձեւական, բոլոր հարցերը մեկ մարդ է որոշում, եւ դա Նիկոլ Փաշինյանն է: Ամոթալի վիճակ է սա:

– Այս ամենի նպատակը ո՞րն է:

– Նպատակն այն է, որ այդ մարդը ցույց տա, որ ամենուր ինքն է հարցեր լուծողը: Նա հանրային դաշտում ասում է, որ պետք է ինչ-որ մեկը դատապարտվի, հաջորդ օրը բոլոր գործընթացները սկսվում են: Այսպես գնում ենք դեպի Եվրոպա, արագ քայլեր են, ինչ խոսք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել Sun, 29…

13 րոպե ago

Հոլիվուդյան դերասանն է ուզում դառնալ ԱՄՆ նախագահ

Հոլիվուդյան դերասանն է ուզում դառնալ ԱՄՆ նախագահ Sun, 29 Nov 2026 13:00:06 +0400 Հոլիվուդյան դերասան…

28 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Sun, 29 Nov 2026…

34 րոպե ago

Ախր շատ տկարամիտ են Նիկոլ Փաշինյանի քարոզիչները․ Լևոն Զուրաբյան

Ախր շատ տկարամիտ են Նիկոլ Փաշինյանի քարոզիչները․ Լևոն Զուրաբյան Sun, 29 Nov 2026 12:42:04 +0400…

46 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ․ նոր տվյալներ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ․ նոր տվյալներ Sun, 29 Nov 2026 12:36:09 +0400…

52 րոպե ago

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր համաձայնության եկան

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր համաձայնության եկան Sun, 29 Nov 2026 12:30:01 +0400 Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր…

58 րոպե ago