Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Անգամ բժիշկները չեն կարող նման եզրակացություն անել, դու ինչպե՞ս ես ասում` սիմուլյանտ է

«Հրապարակ». Անգամ բժիշկները չեն կարող նման եզրակացություն անել, դու ինչպե՞ս ես ասում` սիմուլյանտ է

Fri, 04 Sep 2026 11:45:11 +0400


Դատավոր Արամ Գրիգորյանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորեց։ Մինչ այդ ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին Գագիկ Խաչատրյանի տուն եւ նրան պատգարակով տարան դատարան։

Գլխավոր դատախազությունն էլ հաղորդագրություն տարածեց, որ դատախազի՝ 2026թ. օգոստոսի 29-ի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026թ. հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել եւ լրացվել է, հարուցվել է նոր հետապնդում: Իսկ 2025թ. հունիսի 19-ին եւ 2026թ. հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ «Գ. Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ. Խ.-ի՝ ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ. Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից)»: Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարեց, որ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական միջոցները փաստացի սպառվել են։
Իրավապահների գործողությունների, դատարանների եւ քաղբանտարկյալների թեմայով զրուցել ենք նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ:

– Հայաստանում քաղբանտարկյալների պակաս չկա. Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյաններ, Գագիկ Խաչատրյանին խոշտանգելով կալանքի տանելու դեպքը, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Արեգնազ Մանուկյան, եւ այսպես շարունակ: Ինչո՞ւ են դատավորներն այս աստիճան հնազանդվում գործադիրի ղեկավարին:

– Սա ընդամենը իշխանությունների ընտրած ապօրինի ճանապարհն է: Ռեժիմը որոշել է գնալ անարդարության ճանապարհով, ինչ վերաբերում է դատարաններին, հատկապես այն հանգամանքին, որ անառողջ մարդկանց կալանք է տալիս, ինչպես գիտենք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ունի առողջական խնդիրներ, դե իսկ Գագիկ Խաչատրյանի մասին խոսելն ավելորդ է, մենք տեսանք, թե նա ինչ վիճակում էր: Ես այդքան տարի աշխատել եմ դատական համակարգում եւ այս ամենը համարում եմ խիստ անընդունելի: Այս ամենը ոչ իրավաչափ է: Ինչ-որ ապօրինի գույքի ցանկ են հրապարակում` Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի հետ կապված, մարդկանց ասում են` տեսեք, թե ինչքան գույք ունեն նրանք: Ողջամիտ մարդկանց մոտ հարց է առաջանում․ եթե գույքն ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել, ապա նրանք թող պատասխան տան, սակայն այստեղ հարցը խափանման միջոցի մասին է. ինչո՞ւ եք դուք որպես խափանման միջոց ընտրում կալանքը, այն դեպքում, երբ մարդն անշարժ գամված է անկողնուն: Խաչատրյան Գագիկն ի՞նչ եղանակով պետք է խոչընդոտի պրոցեսին կամ՝ ինչպե՞ս պետք է թաքնվի, կարո՞ղ եք ինձ բացատրել: Շատերը դատական ակտն ու նախնական կալանքը սկսել են անգամ իրարից չտարբերել: Ոմանք այնպես են խոսում, կարծես արդեն իսկ կա դատական ակտ, եւ արդեն ապացուցված է մարդկանց մեղքը, հերթը պատժվելունն է, բայց իրականում այդպես չէ: Ակնհայտորեն, խափանման միջոց կալանքը դարձել է պատժիչ գործիք: Տասնյակ ԱԱԾ-ականներ մտան Գագիկ Խաչատրյանի տուն, նրան տեղափոխեցին պատգարակով, ես նման բան իմ կյանքում չէի տեսել: Դատարանը չպետք է նման նիստ աներ: Ամբաստանյալին այդ վիճակում նիստի տանելն անարգանք է հենց դատարանի նկատմամբ: Դատարանը չպիտի թույլ տար, որ նման նիստ տեղի ունենար:

– Պրակտիկայում չե՞ն եղել նման դեպքեր:

– Չի եղել երբեք նման բան: Լսում էի վարչապետին, ասում էր` Խաչատրյան Գագիկը սիմուլյանտ է: Նա գոհունակություն հայտնեց, որ վերջինիս պատգարակի վրա տարան կալանքի: Հարգելիս, դու ինչպե՞ս ես հասկանում՝ մարդը սիմուլյանտ է, թե՝ ոչ: Անգամ ակադեմիական կրթություն ստացած, փորձառու բժիշկները չեն կարողանում նման եզրակացություններ անել անմիջապես, դու ինչպե՞ս ես նման եզրահանգումներ անում: Անմիջապես ախտորոշումը տվեց` անձը սիմուլյանտ է: Ինչ վերաբերում է դատական համակարգին եւ այս որոշումներին, ապա պետք է հերթական անգամ հիշեցնել, որ դատական համակարգի երաշխիքը Բարձրագույն դատական խորհուրդն է: Բայց այսօր ԲԴԽ-ն կարո՞ղ է որեւէ դատավորի կամ դատարանի համար ինչ-որ բան երաշխավորել, կարո՞ղ է դատավորը համոզված լինել, որ ինչ-որ մի դատավճռի պատճառով չի կորցնելու աշխատանքը։ Չի կարող: Ինչո՞ւ։ Որովհետեւ դատավորի թիվ մեկ երաշխավոր ԲԴԽ-ն ղեկավարում է երկրի վարչապետը, նա մեկ sms հաղորդագրությամբ ԲԴԽ նախագահին ազատեց աշխատանքից: Դատավորը երբ տեսնում է, որ իր թիվ մեկ երաշխավորին կարող են մեկ sms-ով ազատել աշխատանքից, ապա ի՞նչ կարող է անել նման պայմաններում: Եթե դատավորը համոզված լինի, որ արդար վճիռ կայացնելու պարագայում չի պատժվի, եւ ԲԴԽ-ն կպաշտպանի իրեն, ապա արդարության սկզբունքով կգործի: Ես համոզված եմ, որ իմ նախկին կոլեգաներն ազնիվ են եւ իրենց երդմանը հավատարիմ, ուղղակի չունեն երաշխավոր, ԲԴԽ-ն գործում է ձեւական, բոլոր հարցերը մեկ մարդ է որոշում, եւ դա Նիկոլ Փաշինյանն է: Ամոթալի վիճակ է սա:

– Այս ամենի նպատակը ո՞րն է:

– Նպատակն այն է, որ այդ մարդը ցույց տա, որ ամենուր ինքն է հարցեր լուծողը: Նա հանրային դաշտում ասում է, որ պետք է ինչ-որ մեկը դատապարտվի, հաջորդ օրը բոլոր գործընթացները սկսվում են: Այսպես գնում ենք դեպի Եվրոպա, արագ քայլեր են, ինչ խոսք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդ մնալու խնդիրը

Մարդ մնալու խնդիրը Thu, 03 Sep 2026 19:45:58 +0400 Հակակոռուպցիոն դատարանում դատախազության ներկայացուցիչը հայտարարում է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով