Ի՞նչ է սպասվում Գյումրիին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո

Ի՞նչ է սպասվում Գյումրիին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո

Fri, 04 Sep 2026 15:15:12 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն չէ և եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել այն, Հայաստանը չի առարկի։

102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը սակայն, լուրջ խնդիրներ կարող է առաջացնել միանգամից մի քանի ուղղությամբ՝ Հայաստանի անվտանգության, Գյումրիի սոցիալական վիճակի, տարածաշրջանում ուժերի հարաբերակցության և քաղաքի տնտեսության առումով։

Ռազմաբազան տասնամյակներ շարունակ տեղակայված է Գյումրիում և հանդիսանում է Ռուսաստանի ռազմական ներկայության հիմնական հենակետը Հայաստանում։ Հետևաբար դրա դուրսբերումը կնշանակի ոչ միայն հազարավոր զինծառայողների հեռացում, այլև Հայաստանի անվտանգության համակարգում ձևավորված իրավիճակի փոփոխություն։

Գյումրեցիների համար, սակայն, հարցն ունի նաև շատ ավելի կենցաղային կողմ՝ աշխատանքն ու եկամուտը։

«Եթե բազան դուրս է գալիս, մեզ համար առաջին հարցը աշխատանքն է։ Գյումրիում առանց այդ էլ հեշտ չէ աշխատանք գտնել։ Պետք է մտածեն՝ մարդիկ հետո ինչով են ապրելու»,- մեզ հետ զրույցում ասում է ռազմաբազայի աշխատակիցներից մեկը։ ։

Ռազմաբազայի շուրջ տարիների ընթացքում ձևավորվել է տնտեսական միջավայր։ Դրա հետ կապված են տարբեր ծառայություններ, առևտրի կետեր, սննդի օբյեկտներ, տրանսպորտ, բնակարանների վարձակալություն և այլ ոլորտներ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել մինչև 15 հազար աշխատատեղի կորստի։

Նրա հաշվարկով՝ ռազմաբազայում կա շուրջ 5000 զինծառայող, իսկ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում կարող է ձևավորվել 2-3 աշխատատեղ։ Այդ հաշվարկով էլ ստացվում է մինչև 15 հազար աշխատատեղի հնարավոր կորուստ։

Գյումրեցի փոքր բիզնեսի ներկայացուցիչ Մանվելն է նկատում.
«Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչքան բիզնես է կախված մարդկանց հոսքից։ Տաքսին, խանութը, սննդի կետը, վարձով բնակարանը՝ ամբողջ շղթան է աշխատում։ Եթե այդ հոսքը վերանա, շատերի վրա դա ազդելու է, եթե ես ասեմ թե օրական քանի ռուս եմ սպասարկում, կարելի է ասել՝ ստացվում է, որ հաճախորդներիս 70 տոկոսը 8-րդ թաղամասի զինվորականների ընտանիքներն են»։

Նկատենք, սակայն, որ անվտանգության հարցը տնտեսական խնդրից առավել կարևոր հարցերից մեկն է։

Եթե ռուսական ռազմաբազան դուրս է գալիս, Հայաստանի հյուսիսում փոխվում է ռազմական ներկայության ամբողջ պատկերը։ Այդ դեպքում առաջանում է հարց՝ ո՞ր ուժերով և ինչ մեխանիզմներով է լրացվելու առաջացող անվտանգային բացը։

Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ երկրի անվտանգությունը պետք է կառուցվի սեփական կարողությունների և այլ գործընկերների հետ համագործակցության միջոցով։ Սակայն նման փոփոխությունը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ և հստակ ռազմավարություն։

Հատկապես զգայուն է Գյումրիի հարցը, քանի որ քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ և ունի ռազմավարական նշանակություն։

Բարձրաստիճան զինվորականներից մեկը մեզ հետ զրույցում նշում է .
«Ռազմաբազայի հարցը միայն քաղաքական որոշում չէ։ Եթե այն դուրս է գալիս, ապա ՀՀ-կառավարությունը միաժամանակ պետք է պատասխան ունենա՝ ինչ է փոխարինելու դրա ռազմական դերակատարությանը։ Չի կարելի մի բան հանել ու հետո մտածել՝ ինչ ենք դնելու դրա փոխարեն; Ռազմաբազայի դուրսբերման դեպքում ամենակարևոր հարցը կլինի՝ ինչ է պետությունը պատրաստվում անել հաջորդ օրը։»։

Կրկին անդրադառնալով տնտեսական կողմին՝ նշենք, որ ռազմաբազայի դուրսբերման դեպքում ևս մեկ խնդիր կարող է առաջանալ Գյումրիում՝ սոցիալական վիճակի վատթարացումը։

Եթե բազայի գործունեությունից եկամուտ ստացող մարդիկ և փոքր բիզնեսները կորցնեն իրենց եկամտի մի մասը, դա կարող է անդրադառնալ ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ քաղաքի տնտեսական ակտիվության վրա։

Շիրակն առանց այդ էլ սոցիալապես խոցելի մարզերից է։ Հետևաբար այստեղ ցանկացած խոշոր տնտեսական փոփոխություն կարող է ավելի արագ զգացվել։

«Եթե որոշել են, որ բազան պետք չէ, լավ, բայց դրա փոխարեն Գյումրիին պետք է ինչ-որ բան տալ։ Գործարաններ, աշխատատեղեր, ներդրումներ։ Մարդիկ ուզում են ոչ թե խոստումներ, այլ աշխատանք»,-ասում են գյումրեցիները։

Եթե բազայի փոխարեն Գյումրիում ստեղծվեն նոր արդյունաբերական ձեռնարկություններ, ներդրումային ծրագրեր և նոր աշխատատեղեր, հնարավոր է՝ տնտեսական կորուստը ժամանակի ընթացքում փոխհատուցվի։

Եթե նման ծրագիր չլինի, քաղաքը կարող է միաժամանակ բախվել և՛ տնտեսական, և՛ սոցիալական և անվտանգային խնդիրների։

«Մեզ համար կարևոր չէ՝ որ երկրի զինվորն է այստեղ։ Մեզ համար կարևոր է՝ քաղաքում աշխատանք լինի, անվտանգ լինի, մարդիկ չհեռանան։ Եթե բազան հանվում է, պետք է դրա փոխարեն զարգացման ծրագիր լինի»,-ասում է գյումրեցի երիտասարդներից մեկը ։

Նկատենք, սակայն, որ ամեն դեպքում, անվտանգության առումով պետք է հստակ լինի՝ ինչով է փոխարինվելու ռուսական ռազմական ներկայությունը և ինչպես է Հայաստանը պատրաստվում ապահովել իր հյուսիսային հատվածի անվտանգությունը։

Ամփոփելով՝ նշենք, որ ի վերջո, 102-րդ ռազմաբազայի հարցը միայն «ռուսները կմնա՞ն, թե՞ կհեռանան» հարցը չէ։ Դրանից են կախված Հայաստանի անվտանգության, Գյումրիի տնտեսության, աշխատատեղերի, սոցիալական վիճակի և տարածաշրջանային ուժերի հարաբերակցության խնդիրները։

Եթե որոշումը իսկապես գնա ռազմաբազայի դուրսբերման ուղղությամբ, հասարակությունը պետք է ստանա ոչ միայն քաղաքական, այլև շատ հարցերի կոնկրետ պատասխաններ՝ ինչ է լինելու Գյումրիի տնտեսության հետ, ինչ է լինելու աշխատատեղերի հետ և ամենակարևորը՝ ինչ է փոխարինելու ռազմաբազայի անվտանգային դերակատարությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում Fri, 04 Sep 2026…

28 րոպե ago

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար

Արդեն ծաղրում է, բայց ինչքան զուսպ էր ինքը, երբ փողոցում պայքար կար Fri, 04 Sep…

30 րոպե ago

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց Fri, 04 Sep 2026 15:29:26 +0400 Մեջբերում. «ՀՀ քնչական…

32 րոպե ago

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին․ Մանե Թանդիլյան

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին․ Մանե Թանդիլյան Fri, 04 Sep 2026 15:14:11 +0400 Latest news…

47 րոպե ago

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում» Fri, 04 Sep 2026 14:45:27 +0400…

1 ժամ ago

Իշխանության էս շտապողականությունը, պարզ չի՝ ինչով է պայմանավորված

Իշխանության էս շտապողականությունը, պարզ չի՝ ինչով է պայմանավորված Fri, 04 Sep 2026 14:30:54 +0400 Latest…

2 ժամ ago