Հրաժարվենք հին օրենքներից
Fri, 04 Sep 2026 18:45:57 +0400
Ժամանակն է, կարծում եմ, որ Հայաստանում օրենքով թույլատրվեն մարդուն քառատելը, վզից քար կապելն ու Սեւանը գցելը, հրապարակավ ճիպոտի հարվածներ հասցնելը, մարմնի վրա կտրվածքներ անելն ու վերքի վրա աղ լցնելը, ծառից գլխիվայր կախելը, ձիու հետեւից կապելն ու քարշ տալը: Թե չէ՝ ձերբակալություն, 2 ամսով կալանք, դատական ֆարս, ազատազրկում… Այս ամենն արդեն լավ չի աշխատում: Իրավապահ համակարգին թարմություն է պետք, այնպիսի գործառույթներ պետք է տալ ուժայիններին, որ մի կողմից ժողովրդի կզակը վախուսարսափից կախվի, իսկ մյուս կողմից՝ ուժայինները հաճույք ստանան: Այլապես սա ի՞նչ է՝ մարդուն բանտ են նստեցնում, ու դրանով կինոն պրծնում է: Բանտերը թանկ են նստում պետության վրա՝ օրը երեք անգամ սնունդ, շաբաթը երկու օր՝ բաղնիք, թերթ, ինտերնետ, գրականություն, շոր, կոշիկ, ու դեռ «մահճակալն» էլ պիտի դատապարտյալի չափով լինի: Բա «պրագուլկաները»… Մի խոսքով՝ լրիվ թիթիզություն:
Որ նորմալ օրենք լինի, դատավորներն էլ երկար չեն տանջվի: Ենթադրենք՝ SMS են ստացել՝ «քառատել»: Իմաստ կա՞ դրանից հետո երկար դատական պրոցես սկսելու, փաստաբաններ խաղացնելու, վկաներին լսելու, կասկածյալին վերջին խոսքի իրավունք տալու, եւ, առհասարակ, ի՞նչ կարիք կա ապագա «քառատյալին» դատարան քարշ տալու: Տնից ուղիղ կառափնարան: Եվ դա՝ ուղիղ եթերում, որ, ինչպս ասացի, ժողովրդի կզակը զարմանքից կախվի մինչեւ կուրծքը, իսկ ուժայիններն ինչքան ուժ ունեն՝ հաճույք ստանան:
Ժողովուրդ ջան, դու ես, չէ՞, ընտրել այս իշխանությունը, Նիկոլին ու մյուսներին: Մանդատ ես տվել, որ ինչ ուզենան, անեն: Դե նրանք էլ անում են այն, ինչ ուզում են, այն, ինչը քո սրտով է: Այսինքն դու, ժողովուրդ ջան, ո՛չ բողոքիր, ո՛չ էլ զարմացիր նրանց արածներից: Իսկական ժողովրդավարությունը հենց դա է: Հայտնի խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Հայ ժողովուրդն էլ բացառություն չէ: Ընտրե՞լ ես՝ քաշիր, եղիր ժողովրդավար եւ համբերատար սպասիր: Կկախեն էլ, կմորթեն էլ, կքառատեն էլ… Իրենք այդ ամենը հանուն քեզ են անում, ժողովուրդ ջան, քո անունից, հանուն քո իշխանության: Մի փոքրիկ խանգարիչ հանգամանք կա միայն՝ օրենքը, որ նրանց թույլ չէր տալիս խոշտանգել մարդուն: Այ, որ օրենքն էլ դզեն-փչեն, սիրելի ժողովուրդ, կկարողանան այնպիսի տեսարաններ կազմակերպել քեզ համար, որ ընդհանրապես ադրենալինի պակաս չունենաս: Պատկերացրեք՝ մեկին կապել են ձիու պոչից ու քարշ են տալիս Մաշտոցի պողոտայով… Ուղիղ եթերներ, ռեպորտաժներ, սոցցանցերում ՔՊ-ական քրքիջ՝ նրան հասնում է, նա հարուստ է, նա փող ու տներ ունի, նա չի ուզում այդ ամենը տալ ժողովրդին… Եվ դու պիտի հավատաս այս ամենին, ժողովուրդ ջան, որովհետեւ դա քո իշխանությունն է ասում: Իսկ տեսարանը, համաձայնիր, իրոք մի բան արժեր՝ ձի, Մաշտոցի պողոտա, ձիու պոչից կապված «հանցագործ»:
Այնպես էլ չէ, որ Հայաստանի ժողովրդական իշխանությունը թալանը հետ բերելուց հետո բաժանում է ժողովրդին: Ձեւակերպումը սա է՝ փողը, թալանը, գույքը վերադարձվել է պետությանը: Իսկ պետությունը Հայաստանում ժողովուրդը չէ: Ժողովրդին 10 հազար է հասնում այս ամենից, այն էլ՝ ընտրությունից ընտրություն: Մնացած ժամանակ պետությունն իրենք են՝ Նիկոլը եւ նրա մերձավոր շրջապատը: Եվ, ուրեմն, այն, ինչ վերադարձվում է (եթե վերադարձվում է), պետությանն է, այսինքն՝ իրենցը:
Հիմա իմ ասածն այն է, որ այս պրոցեսը հնարավորինս արագացվի: Մի բան է մարդուն տարիներ շարունակ դատարանների դռներին պահելը, մեկ այլ բան՝ տեղաշորից հանելն ու կառափնարան տանելը: Մեր օրենքներն այս իմաստով թերի են, ընդհուպ՝ անիմաստ: Օրինակ, դեպք կա, որ մարդուն համ տարիներով քրեական հետապնդման են ենթարկել՝ հարցաքննություններ, ձերբակալություններ, դատարաններ, կալանք, համ էլ, առանց դատարանի վճռի, ԱԱԾ-ով մտել տուն ու տեղաշորի միջից տարել: Եղած օրենքներից եւ ոչ մեկով սա չի կարգավորվում: Մինչդեռ ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե օրենք ընդունվի, որ ուժային կառույցներն իրավասու են կատարելու վարչապետի բոլոր հրահանգներն ու ցուցումները, այդ թվում՝ մարդուն տանջամահ անելու որոշումը: Մեռնեմ օրենքին, ինչպես ասում են: Դրանից հետո ԱԱԾ-ն կարող է նույնիսկ ուղիղ եթերում մարդ ուտել… Եվ ո՞վ կարող է ԱԱԾ-ին մեղադրել… Խնդրեմ, սա էլ վարչապետի համապատասխան SMS-ը. «Կերե՛ք դրան»: