«Հրապարակ»․ ՊՈԱԿ-ը վճարում է վարչապետի աղջիկների մանիկյուրի փողը, վարչապետն աշխատավարձից փող է փոխանցում ՊՈԱԿ-ին
Sat, 05 Sep 2026 10:15:57 +0400
Օրերս հրապարակում ունեինք՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ծախսերի հետ կապված: Պարզել էինք, որ վարչապետի ընտանիքի նեղ անձնական կարիքները, այդ թվում՝ դուստրերի մատնահարդարման՝ մանիկյուր-պեդիկյուրի գումարն էլ են պետական բյուջեից հոգում: Գրել էինք, որ 2026 թ. պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին հատկացված 621 մլն 340 հազար 100 դրամը, ենթադրաբար, պետք է ծախսվի բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց (վարչապետ, նախագահ եւ այլք) հատկացված պետական առանձնատների եւ տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար։ Սակայն պարզվում է՝ հոգում են բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից, կենցաղային այլ կարիքներից մինչեւ վարչապետի աղջիկների մատնա-ոտնահարդարման ծախսերը:
Մենք հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ, որտեղից պատասխան չէինք ստացել եւ մեր հրապարակումն արել էինք առանց պատասխանի: Իսկ երեկ` մոտ երկու շաբաթ անց, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, պարզաբանում ենք ստացել: Գրել են, որ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը գործում է բացառապես օրենսդրության շրջանակներում, բլա-բլա, որ մեր տեղեկությունը սխալ է, բայց վերջում մի սենսացիոն նախադասությամբ հաստատել են մեր լուրը եւ ինքնախոստովանություն արել.
«Հայտնում ենք նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից գումար է փոխանցում «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ որոշ անձնական, ընտանեկան ծախսեր հոգալու համար»:
Այսինքն, վարչապետի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է, որ կառավարական առանձնատների տնտեսությունը հոգում է ընտանիքի անձնական ու կենցաղային ծախսերը (այդ թվում՝ նույն մատնահարդարումը), իսկ Նիկոլ Փաշինյանն իր աշխատավարձից ինչ-որ փոխանցումներ է անում ՊՈԱԿ-ի հաշվին:
ՊՈԱԿ-ը բա՞նկ է, անձնական կոնսիերժ-սերվի՞ս է, այդ ո՞ր օրենքով կամ իրավական ակտով իրավունք ունի վարչապետը սեփական գրպանից փոխանցումներ անել պետական կառույցին (ՊՈԱԿ-ին), որպեսզի այն իր անձնական ծախսերը հոգա: Պետական հիմնարկը չի կարող հանդիսանալ միջնորդ վարչապետի ընտանիքի եւ մասնավոր բիզնեսների միջեւ: Վարչապետը պետք է իր աշխատավարձից վճարի իր ընտանիքի ծախսերը, պետք է դա անի իր անձնական բանկային քարտով՝ իր իսկ քարոզած անկանխիկ եղանակով, ուղիղ, այլ ոչ թե պետական հիմնարկի բյուջետային հաշիվներն օգտագործի որպես «սեւ կասսա»:
Պատգամավոր Էդգար Ղազարյանը, որը ժամանակին կառավարության աշխատակազմում է աշխատել, մեզ հետ զրույցում նշում է. «Ես չգիտեմ՝ ՊՈԱԿ-ն այլ աղբյուրներից կարո՞ղ է ֆինանսավորում ունենալ, թե՞ ոչ: Կարծում եմ, կարող է ունենալ, բայց պետք է հիմնավորի, թե ինչ նպատակով է ստացել: Նա իր մատուցած ծառայությունների համար պետք է գումար ստանա՝ ՊՈԱԿ-ը: Կարծում եմ, որ իրենք ճիշտ չեն ասում, չկա նման բան, վարչապետը ոչ էլ փող է տալիս: Ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Հա՛յր ես, քո աղջկա մանիկյուրի գումարը տուր, փոխանցիր նրա քարտին, ինչո՞ւ ես կառավարության ՊՈԱԿ-ին փոխանցում: Ես ո՞նց եմ իմ կնոջ վարսավիրանոցի գումարը տալիս… Երեխաներիդ քարտին փող փոխանցիր, թող գնան՝ իրենց մատնահարդարումն անեն, ինչո՞ւ ես ՊՈԱԿ-ի միջոցով այդ ծախսն անում, եթե կարող ես ուղիղ անել»:
Պատգամավորը հիշեցրեց, որ 2021 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել, որով, կարելի է ասել՝ օրինականացրել էր շվայտությունը պետության հաշվին: «Ժամանակին հստակեցված էր, թե «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն ինչ ծախսեր է կատարում: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում կառավարության որոշում ընդունեցին, որ ընթացիկ ծախսերը` սննդի, հագուստի եւ այլն, մտցվում են ՊՈԱԿ-ի ծախսերի մեջ: Այսինքն, եթե մինչեւ հիմա ՊՈԱԿ-ն իրականացնում էր միայն կոմունալ ծախսեր, տարածքի բարեկարգման, պահպանման եւ այլն, այդ որոշմամբ նույնիսկ սննդի ծախսերը մտցրին դրանց մեջ»:
Պաշտոնյաների անձնական կենցաղային ծախսերը պետական հիմնարկի վրա դնելու իրավական հիմքերը գցել են ՀՀ կառավարության 2021 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ, որով կառավարությունը փոփոխություններ կատարեց ՊՈԱԿ-ի հիմնադրման 2002 թ. N 1635-Ա որոշման մեջ, ինչի արդյունքում պաշտոնատար անձանց կեցության եւ սննդի ապահովման ծախսերը մտցվեցին կազմակերպության գործառույթների մեջ։ Այս թաքնված կարգավորմամբ էլ պետբյուջեի հաշվին սկսեցին հոգալ ծառայողական առանձնատներում բնակվողների անձնական եւ ընթացիկ բոլոր կարիքները։
«Երեւի կհիշեք, որ 18, թե 19 թվին Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ «Քարֆուր» էր գնում, առեւտուր էին անում, նկարվում էին՝ ցույց տալու համար, որ իրենց տան գնումներն իրենք են անում: Բայց կառավարության որոշմամբ իրենց սննդի, հագուստի, մյուս ծախսերն էլ են մտցրել այդ ՊՈԱԿ-ի ծախսերի մեջ: Լրագրողներին էլ, որոնք ծախսերի բացվածքն են պահանջում, ասում էին՝ գաղտնիք է։ Բայց դա ո՞նց կարող է գաղտնիք լինել։ Ռազմական ծա՞խս է, զենքի փո՞ղ է, որ գաղտնիք է: Եթե սննդի վրա ծախս եք արել, դրա գաղտնիքը ո՞րն է։ Ակնհայտ է, որ իրենք իրենց բոլոր ծախսերը մտցրել են այդ ՊՈԱԿ-ի տակ ու ցոփ ու շվայտ կյանքով ապրում են այդ միջոցներով»,- ասում է Էդգար Ղազարյանը:
Թե որքան է կազմում ՊՈԱԿ-ի մեկ օրվա ծախսը, կստանանք տարեկան ծախսը՝ 621 մլն 340 հազար 100 դրամը բաժանելով 365-ի: Ստացվում է՝ օրական մոտ 1 մլն 700 հազար: «Էդ ի՞նչ են ուտում մեկ օրում… Մարդիկ ամսով աշխատում են, 500 հազար դրամ էլ չեն ստանում, պատգամավորի աշխատավարձը 600 հազար է»,- ասում է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը: Այս թվաբանությունը պարզապես ապշեցուցիչ է. կառավարական առանձնատներում բնակվող պաշտոնյաներն այս գումարը ծախսում են իրենց խոհարարների, մատուցողների, կենցաղի համար, եւ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության զգալի մասը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։
ՀԳ. Մեզ, այնուամենայնիվ, հետաքրքրում է, թե վարչապետը սեփական միջոցներից ինչի դիմաց է վճարում, ինչքան փոխանցումներ է անում ՊՈԱԿ-ին, ինչու է գումարը պետական հիմնարկի միջով պտտեցնում, ինչու են նրա եւ կառավարական առանձնատների մյուս բնակիչների կենցաղային ծախսերը գաղտնի պահվում հանրությունից։ Ինչ տրամաբանությամբ է պետությունը ե՛ւ բարձր աշխատավարձ վճարում վարչապետին, ե՛ւ հոգում նրա բոլոր ծախսերը, այդ թվում` պետական պաշտոնյա չհանդիսացող դուստրերի ծախսերը: Հնարավո՞ր է, որ մի օր պարզվի, որ պետական բյուջեն «չթալանող» վարչապետ Փաշինյանը մեր պետության վրա տասնապատիկ ավելի թանկ է նստել, քան նախորդ «թալանչի վարչապետները»: Նաեւ կուզեինք իմանալ, թե անձնական միջոցներից Փաշինյանն ամսական ինչքան փող է փոխանցում ՊՈԱԿ-ին, իսկ ՊՈԱԿ-ն ինչքան է ծախսում, թե՞ նման թիվ-թվաբանություն չկա առհասարակ: