Ո՞վ է ո՞ւմ պարտվել աշխարհաքաղաքական իմաստով
Sat, 05 Sep 2026 16:45:29 +0400
Ժամանակին «Բևեռում» մեկը կար, որ երկու-երեք տարի շարունակ եռամսյակը մեկ ՖԲ-ում գուժում էր Ռուսաստանի պարտությունը ռուս-ուկրաինական պատերազմում: Ինչպես երևում է, վաղուց դադարեցրել է կամ էլ Ֆեյսբուքն այլևս չի ներկայացնում նրա նյութերը նորությունների իմ հոսքագծում: Իսկ ՌԴ-ն էլ ոչ թե պարտվելու միտք չունի, այլև նրա զինված ուժերն աստիճանաբար մոտենում են Դոնբասի արևմտյան սահմանին: Եվ ողջ հակառուսական Եվրոպան դրա դեմ ոչինչ անել չի կարողանում: Եվ ոչ միայն Եվրոպան, այլև աշխարհի ավելի քան հինգ տասնյակ երկիր ԱՄՆ-ի ղեկավարությամբ:
Իսկ ուղիղ հոսքով ստացվող՝ ռուսական էժան նավթից ու գազից հրաժարվելը բերեց եվրոպական արդյունաբերության ծախսային մասի մեծացմանը: Ինչն էլ հանգեցրեց արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը: Իսկ դա էլ՝ սպառման ծավալների անկմանը: Եվ, վերջապես, դա էլ՝ ոչ ռազմական արտադրանքի ծավալների անկմանն ու աշխատատեղերի կրճատմանը: Իսկ դա էլ վաղ թե ուշ հանգեցնելու է սոցիալական խնդիրների խորացմանն ու բողոքի ակցիաներին:
Ու տվյալ պարագայում թե ինչու պիտի Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով պարտվի Եվրոպային, բացարձակ հասկանալի չէ: ՌԴ-ն չի պարտվում նույնիսկ աշխարհի առաջին գերտերություն Միացյալ Նահանգներին: Ինչի օգտին է վկայում ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից Մոսկվա բանագնացներ ուղարկելու հանգամանքը: Ուր մնաց, թե պարտվեր միացյալ Եվրոպային, որը զիջում է ՌԴ-ին ռազմական տեխնիկայի արտադրության ծավալով: Չնայած բուն ռազմական արտադրությանը ՌԴ-ու ու ԵՄ-ում մոտավորապես նույն միջոցնեռրն են ուղղվում՝ համապատասխանաբար 165 և 163 միլիրդ դոլար: Դրա պատճառն այն է, որ տարբերվում են համեմատելի միավոր տեխնիկայի վրա կատարված ծախսերը. Եվրոպականը շատ ավելի թանկ է: Էլ չեմ խոսում զինվորագրվելու խնդրի մասին. ՌԴ-ում շարունակվում է կամավորագրման, իսկ Ուկրաինայում՝ փողոցներում տղամարդ առևանգելու գործընթացը:
Իսկ եթե մի կողմ դնենք ռազմական պարտության խնդիրը, ապա ԵՄ-ն պարտվում է նաև աշխարհաքաղաքական այլ հարցերում: 2022-2024 թթ.-ին եվրոպական մամուլում խոսվում էր Ռուսաստանի պարտության մասին, ինչը հանգեցնելու էր այդ երկրի տրոհմանը: Ստացվեց հակառակը. ՌԴ-ն ոչ միայն չպարտվեց, այլև ռուսաստանյան հասարակությունն ավելի մեծ չափով համախմբվեց նախագահի շուրջը: Թե ինչի շնորհիվ է աշխարհաքաղաքական իմաստով ՌԴ-ն պարտվելու ԵՄ-ին՝ դժվար է հասկանալը: Չնայած Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը համոզված է այդ հարցում: «Մենք վստահ ենք, որ, ուշ թե շուտ, Փաշինյանը կլինի, թե ոչ, Հայաստանը դիմելու է ԵՄ-ին անդամակցության խնդրանքով: Դա անխուսափելի է: Աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանը պարտվել է»:
Նույնիսկ ավելի, ենթադրաբար մի 10 տարի անց ԵՄ-ն բռնած կլինի որպես մեկ ամբողջություն վերանալու ճանապարհը: Ինչի պատճառը կլինի անօրինական կամ նույնիսկ օրինական միգրանտների կողմից բնիկ եվրոպացիներին իրենց բարքերը պարտադրելու հանգամանքը: Եվ դրա դեմ որոշ երկրների պայքարն այն դեպքում՝ երբ ԵՄ-ն դեռևս շարունակում է գլոբալիզմի անհեթեթ խաղը: Եվ այդ ամենի հետևանքով առաջանալիք քաոսը: Ու ինչպես 2022-ին ԵՄ նախկին չինովնիկներից Ժոզեպ Բորելն էր զգուշացնում, «եվրոպական պարտեզը» կարող է վերածվել մնացած աշխարհի նման ջոնգլիի: Հետո, իհարկե, Բորելը ներողություն էր խնդրել ու վերաձևակերպել խոսքը, բայց դա արդեն էական չէր:
Ու այդ ժամանակ դժվար թե գտնվի հայաստանյան մեկ այլ ղեկավար՝ եթե, իհարկե, Հայաստանը շարունակի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն: Ինչը խիստ կասկածելի է գործող իշխանության շարունակման պարագայում: Ու այդ դեպքում էլ Խզմալյանը ստիպված է լինելու փոխել կուսակցության անվանումը: Եթե դեռևս պահպանի քաղաքականության մեջ մնալու, ինչպես նաև ժամանակի զարգացումներից դուրս չմնալու ցանկությունը: