Նրանք գումարներ են վաստակել երեւանցիների առողջության հաշվին
Sat, 05 Sep 2026 20:15:20 +0400
Երեւանում հուլիսին ընդամենը մի քանի օր երեկոները զով էին: Դա նրանից էր, որ այդ ժամերին փչում էին սառը քամիներ: Այդ երեւույթն այնքան էր զարմացրել մարդկանց եւ մեր ամենահանրահայտ օդերեւութաբան Գագիկ Սուրենյանին, որ նա 2026 թվականն անվանել էր «առանձնահատուկ կլիմայական տարի» եւ հուլիսի 25-ին հարկ էր համարել դուրս գալ ուղիղ եթեր ու տալ այդ երեւույթի բացատրությունը.
– Նկատե՞լ եք այս տարվա առանձնահատկությունը: Ցերեկային ժամերին որքան էլ շոգ լինի, երեկոյան եւ գիշերը բավականին զով է, եւ հով-զով քնում ենք: Դա պայմանավորված է նրանով, որ մինչեւ հիմա բարձրլեռնային գոտիներում կան ձնաբծեր, որոնց վրա ձեւավորվող սառը օդը ուշ երեկոյան եւ գիշերը իջնում է ցածրադիր գոտիներ, օրինակ, Արարատյան դաշտ եւ Երեւան:
Հին երեւանցիներին այդ քամիները չեն զարմացնում, որովհետեւ առաջ դրանք ամեն երեկո էին փչում: Իսկ հիմա վերացել են, քանի որ «փոսի» մեջ գտնվող Երեւանը շրջապատող՝ նախկինում անտառապատ բլուրները կառուցապատվել են բազմահարկերով, որոնք էլ, ինչպես վկայում են փորձագետները, փակում են այդ քամիների ճանապարհը: Մինչդեռ, այդ քամիները ոչ միայն զովացնում, այլեւ մաքրում էին մայրաքաղաքի մթնոլորտը. սարերի մաքուր օդը քամիների օգնությամբ քշում-հեռացնում-փոխարինում էր Երեւանի «փոսում» կուտակված կեղտոտված օդը: Իսկ այսօր, հատկապես՝ ձմռանը, ավտոմեքենաների արտանետումներով, ծխով եւ փոշով հագեցած այդ սմոգը շաբաթներով մնում է «փոսում»՝ առաջացնելով առողջական խնդիրներ երեւանցիների մոտ:
ՄԵԾ ԾԱԽՍԵՐ ԵՎ 2-3 ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՋԱՆՔԵՐ ՊԱՀԱՆՋՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԼԻՄԱՆ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մինչեւ 1950-ականները մայրաքաղաքում շատ էին հողաշեն տները եւ քիչ՝ ասֆալտապատ փողոցները: Այդ պատճառով Երեւանը չափազանց փոշոտ քաղաք էր: Իսկ վերը նշված քամիներն այնքան ուժեղ էին, որ հիշեցնում էին անապատներում պատահող սամումը՝ ավազախառն հողմը: Այդ երեւույթը կարող էր դառնալ նույնիսկ դժբախտության պատճառ, եթե քամին աչքիդ մեջ հող լցներ. իմ դասընկեր Ավագյան Վարդանի տատիկի մի աչքն այդ պատճառով կուրացել էր: 1950-60-ականներից սկսած՝ իշխանությունները ձեռնարկեցին Երեւանի կիսաանապատային կլիման բարելավող միջոցառումներ: Ամենուրեք սկսեցին տնկել սաղարթախիտ ծառեր, իսկ մայրաքաղաքը շրջապատող բլուրներն անտառապատեցին: Ընդսմին, այդ անտառապատման աշխատանքներին ներգրավել էին նաեւ քաղաքացիներին, մասնավորապես՝ ուսանողներին: Ինձնից տարիքով մեծ՝ իմ նախկին գործընկեր Կիմ Եղիազարյանը պատմում էր, թե ինչպես էր ինքը՝ որպես Մանկավարժական ինստիտուտի ուսանող, Ծիծեռնակաբերդում տնկել ծառ եւ պարտավոր էր խնամել ու հետեւել նրա աճին: Չնայած, կային նաեւ անտառապահներ: Ես՝ ինքս, տարիներ շարունակ, շաբաթօրյակների ժամանակ գործընկերներիս հետ տնկել եմ բազմաթիվ ծառեր: Երեւանի քաղսովետը, իր հերթին, հողաշեն տների փոխարեն կառուցեց տուֆե շենքեր, որոնք ունեին ընդարձակ եւ կանաչապատ բակեր: Ասֆալտապատվեցին մայրաքաղաքի փողոցները: Բացի այդ, հիանալի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի օրինակով սկսեցին կառուցել ջրավազաններ եւ շատրվաններ: Ստեղծվեց Երեւանյան լիճը:
Այդ ամենն իրականացնելու համար պահանջվեցին մեծ ծախսեր, ինչպես նաեւ՝ հայաստանցիների 2-3 սերունդների ջանքեր: Արդյունքում Երեւանը դարձավ բնակության համար բարվոք կլիմա ունեցող մայրաքաղաք: Օդն այլեւս այդքան չոր չէր, փոշու քանակը զգալիորեն պակասել էր, ավտոտեսուչները նույնիսկ սկսել էին ստուգել ավտոմեքենաներից արտանետվող ծուխը: Եվ եթե այդ արտանետման մեջ նորմայից շատ էր վնասակար գազի պարունակությունը, վարորդը տուգանվում էր: Բացի այդ, մայրաքաղաքի կարեւոր մայրուղիներում եւ փողոցներում արգելված էր ավտոմեքենաների կայանումը: Նույնիսկ տաքսիները պետք է արագ իջեցնեին իրենց ուղեւորներին ու շտապ հեռանային: Այլապես՝ կտուգանվեին:
Հիշում եմ, թե ինչպես հայրս` Գեւորգ Էմինը, ամռանը վերադառնալով Թբիլիսիից, երեկոյան զբոսանքի ժամանակ գոհունակությամբ նկատեց, որ Երեւանը Վրաստանի մայրաքաղաքի հանդեպ ունի մեծ առավելություն. Թբիլիսիում ողջ օրվա ընթացքում, նաեւ երեկոներն ու գիշերը տոթ է: Իսկ Երեւանում որքան էլ ցերեկը շոգ լինի, երեկոները եւ գիշերները սարերից փչող սառը քամիների շնորհիվ հաճելի են եւ զով: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակվում էր ավելի քան մեկ միլիոն 141 հազար մարդ: Եվ այդ միլիոնից ավել քաղաքացիները մի քանի տասնյակ չինովնիկների հանցավոր թույլտվությունների պատճառով, որոնք արվել են ոչ թե անվճար, այլ, կարծում եմ, գումարների դիմաց, զրկվել են ոչ միայն երեւանյան զով երեկոներից ու գիշերներից, այլեւ հայտնվել են կյանքի եւ առողջության համար վտանգավոր միջավայրում: Այդ մասին վկայում են նաեւ զբոսաշրջիկները եւ ռելոկանտները, որոնք, խոսելով Երեւանի թերությունների մասին, առաջին հերթին նշում են օդի սարսափելի աղտոտվածությունը:
ՔԱՆԻ՞ ՍԵՐՈՒՆԴ ՈՒ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿՊԱՀԱՆՋՎԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հետաքրքիր է՝ քանի՞ սերունդ ու միլիարդներ կպահանջվեն, եւ արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանի մայրաքաղաքը վերականգնի նախկինում իր ունեցած՝ մարդու առողջությանը չվնասող միջավայրը՝ վերականգնի իր առավելությունը Թբիլիսիի հանդեպ: Հետաքրքիր է նաեւ տեղեկանալ հանցավոր թույլտվություններ տված չինովնիկների անուն-ազգանուններին, որպեսզի նրանց զավակները, օգտագործելով իրենց ծնողներից ժառանգած գումարները, չկարողանան շենքերի վրա ամրացնել նրանց անուններով հուշատախտակներ, որտեղ գրված կլինի, թե այդ անձինք, իբր, ականավոր գործիչներ էին:շ
Գրիգոր Էմին-Տերյան