Աշխարհը եւ փաշինյանական նոնսենսները

Աշխարհը եւ փաշինյանական նոնսենսները

Tue, 08 Sep 2026 18:45:46 +0400


Եթե հնարավորություն չունես մի քանի օրով մեկնել Մալդիվներ, բայց չես ձգում նաեւ Ուռեկի գնալ, ուրեմն պիտի վեր ընկնես տեղդ ու հայտարարես, որ ոչ մի տեղ էլ չես գնում: Փաշինյանն այս վիճակում է. ԵՄ չի կարողանում գնալ, որովհետեւ դա թանկ հաճույք է, ԵԱՏՄ-ում էլ չի կարողանում մնալ, որովհետեւ չի ձգում: Եվ, ուրեմն, պետք է հայտարարի՝ ո՛չ ԵՄ, ո՛չ ԵԱՏՄ: Ի դեպ, աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ են. Մեծ Բրիտանիան, որ ԵՄ անդամ լինելու հնարավորություն ունի, եւ մեկ գիշերում նրան կընդունեն ԵԱՏՄ, եթե նման որոշում կայացնի: Հայաստանը, որ Մեծ Բրիտանիայի հնարավորությունների 0,01 տոկոսն էլ չունի, այնպիսի աղմուկ է բարձրացրել ԵՄ-ԵԱՏՄ գնալու հարցի շուրջ, ասես իր որոշելով է դա: Նկատենք, որ Փաշինյանը ԵՄ գնալու հարցով նույնիսկ հանրաքվե անելու ցանկություն չունի` ուզում է միանձնյա որոշել: Ու քանի որ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա, բոլորն անհանգստանում են Հայաստանի ու հայ ժողովրդի համար, ԵՄ-ում՝ ջոկ, ԵԱՏՄ-ում՝ ջոկ… Շուտով մեզ համար անհանգստանալու հերթը կհասնի նաեւ պապուասներին, որ հանգիստ ապրում են իրենց ջունգլիներում եւ մտադիր չեն որեւէ տեղ գնալ:

Ո՞ւր կարող է մեզ հասցնել Փաշինյանի այս պահվածքը՝ որոշել եմ գնալ ԵՄ, բայց ԵԱՏՄ-ն ինձ պետք է պահի այնքան ժամանակ, մինչեւ անհրաժեշտ միավորները հավաքեմ՝ ԵՄ մտնելու համար: ԵԱՏՄ-ն այսպիսի բան չէր տեսել իր օրում: Պատկերացնո՞ւմ եք Մոսկվայի զարմանքը… Կա՛մ այդ տղայի վերեւի հարկի հետ կապված մի բան այն չէ, կա՛մ ճիշտ այս վիճակն է՝ ով բան անի, ով գնա ԵՄ սանատորիա: Եվ, ահա, Մոսկվան, անհանգստացած, առաջարկում է հայ ժողովրդի շրջանում հանրաքվե անցկացնել՝ այդ խնդիրը պարզելու համար:

Ճիշտն ասած՝ ԵՄ-ի կյանքում էլ այսպիսի բան չէր եղել: Նրանք իրենց ամենավատ երազում անգամ չէին տեսել, որ ՀԱՊԿ-ի եւ Մաքսային միության հիմնադիր անդամ պետությունը ցանկություն կհայտնի գնալ ԵՄ՝ դրա համար ունենալով 0 միավոր: Ու մեր մասին ԵՄ-ում հիմա մտածում են՝ կա՛մ սրանք «կտտցրած են», կա՛մ՝ այլմոլորակային: ԵՄ-ից մարդիկ եկան, հանդիպեցին Փաշինյանի հետ, Միրզոյան Արոն ընկավ ԵՄ դռները, բայց եվրոպացիների կարծիքը մեր մասին չփոխվեց:

Կհարցնեք` ի՞նչ միավորներ պետք է հավաքենք՝ ԵՄ մտնելու համար: Միավորներ ասվածը, հայեր ջան, ԵՄ գնալու պայմանների բավարարումն է մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած մարդու իրավունքներից, վերջացրած գյուղատնտեսությամբ: Դրա մեջ մտնում են պաշտպանությունը, անվտանգությունը, արտաքին առեւտրային շուկաները, օրենսդրությունը, կրթությունը, առողջապահությունը, արդարադատությունը… Ամեն ինչ: Որ ուզում եք իմանալ՝ ԵՄ գնացող վարչապետն անգամ պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին: Չունենք, դա էլ չենք ստացել: Ինքն իրեն ԵՄ գնալու այնպիսի ճանապարհային քարտեզ է մտածել, որով ամենահեռու տեղը, որ կարելի է հասնել, Բավրայի անցակետն է:

Մի խոսքով՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն չեն պատրաստվում մեզ համար երկար անհանգստանալ: ԵՄ-ից արդեն գնացող-եկող չկա, ԵԱՏՄ-ից էլ ժամկետ են տվել՝ մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անել, որը, ի դեպ, ոչ միայն ԵԱՏՄ-ում պարզություն կմտցնի, այլեւ ԵՄ-ին կտա իրեն տանջող հարցի պատասխանը՝ ՀՀ կառավարությունը «կտտցրա՞ծ» է, թե՞ «այլմոլորակային»: Վերջնահաշվում թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանի մյուս դրսի գործընկերները կարող են գալ եզրակացության, որ ավելորդ ժամավաճառությամբ են զբաղված Փաշինյանի հետ: Դրա միտումներն արդեն նկատվում են: Բոլորի համար էլ առավել ձեռնտու է համագործակցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան՝ Հայաստանի: Հայաստանը դարձել է մի տեսակ խանգարիչ հանգամանք, շահերի բախման վայր, ինչից օգուտ չունեն ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԵԱՏՄ-ն եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքական մյուս բեւեռները: Վերցնենք թեկուզ TRIPP-ը: Այն վաղուց աշխատելիս կլիներ, եթե չլիներ հայկական կողմի, այն է՝ Փաշինյանի խառնակիչ դերակատարումը: Միջանցք ես տվել, ասա՝ միջանցք եմ տվել, էլ ինչո՞ւ ես ռուսական երկաթգիծ ու 102-րդ բազա խառնում այդ գործին:

Մենք մի ելք ունենք այս կացությունից՝ անցկացնել հանրաքվե, բայց ոչ թե ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն իրար դեմ հանելու, այլ գոնե այս փուլում Փաշինյանից ազատվելու հարցով: Կարծում եմ՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ Թրամփը, թե՛ Պուտինը կպաշտպանեն այս գաղափարը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Տիպիկ բրիտանական սկանդալ»

«Տիպիկ բրիտանական սկանդալ» Wed, 30 Sep 2026 21:00:51 +0400 Բրիտանական այս մինի սերիալը, որ էկրան…

6 րոպե ago

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker…

20 րոպե ago

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն Wed, 30 Sep 2026…

26 րոպե ago

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել

Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվել Wed, 30 Sep 2026 20:30:50 +0400 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն…

36 րոպե ago

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը Wed,…

40 րոպե ago

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից

Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից Wed, 30 Sep 2026 20:15:31 +0400 Սոցիալական ցանցերում…

51 րոպե ago