Աննա խանումն օրենք է գրում` վերջը բարին անի. իրական հեքիաթ
Wed, 09 Sep 2026 17:15:46 +0400
Աշխարհի շատ երկրներում նազարներ են թագավորում։ Բայց Լեռնաստանի Նազարը նոր ժամանակների նազար է՝ տեխնոլոգիաների դարում ծնված, արագախոս, արագաշարժ եւ, ամենակարեւորը` շատ ճկուն։ Թագավորության մեջ ասում են՝ այդքան բազմակողմանի բազմաշնորհ նազար աշխարհը չի տեսել։ Առավոտյան նա դատավոր է։ Ինքն է որոշում՝ ով պիտի նստի, ով՝ չնստի, ով քանի տարի նստի։ Կեսօրին բժիշկ է` գահից նայում է մարդկանց ու հասկանում՝ ով է հիվանդ, ով՝ սիմուլյանտ։ Երեկոյան ուսուցչի կախարդական փայտիկն է վերցնում եւ որոշում՝ ով ինչպես պիտի վերափոխվի։ Իսկ երբ պալատում մութն ընկնում է, նա տնտեսագետ է, բացատրում է՝ ով իրավունք ունի հարստանալու, ով՝ ունեզրկվելու եւ ով պիտի իր չունեցածով գոհանա։
Նազարը դրանով չի սահմանափակվում` ով նրա խոսքին հակառակ բան է ասում, նրա համար ճանապարհը նեղանում է։ Ով շատ է հարցնում, պատասխանն ավելի կարճ է հնչում, քան հարցը։ Ով չի համաձայնում, նրան հիշեցնում է, որ արքայի հետ չհամաձայնելը ճիշտ զբաղմունք չէ։ Եվ այդպես տարիների ընթացքում մարդիկ սովորեցին Նազարի տարօրինակ քմայքներին։ Թագավորությունը լսում է նրան, նայում, զարմանում, երբեմն՝ բարկանում, երբեմն՝ ուսերը թոթվում, բայց… դիմանում։ Ինը տարիների ընթացքում նրա հետ չհամաձայնող մարդիկ բազմաթիվ կախարդանքներ փորձեցին։ Մեկը խոսեց, մյուսը պոռթկաց, երրորդը հանրահավաք արեց։ Մյուսը դաշինք կազմեց։ Ժողովրդին խնդրեցին՝ եկեք Նազարին թախտից իջեցնենք։ Բայց Նազարն ամեն անգամ թախտը պինդ պահում է` ո՛չ ճոճվում է, ո՛չ ճռճռում, ո՛չ էլ գոնե մի ոտքը կոտրվում։
Նազարն այնքան ամուր է նստած, որ թագավորության մարդիկ սկսել են կասկածել՝ գուցե դա սովորական թախտ չէ՞: Ու հենց այդ ժամանակ, երբ շատերն արդեն չգիտեն՝ ինչ նոր կախարդանք փորձեն, պալատում լուր տարածվեց՝ Աննա խանումն օրենք է գրում։
Պալատական դպիրը վազեց Նազարի մոտ. «Խանումն օրենք է գրում բռնության դեմ»։ «Խանումս օրենք է գրում,- մտածեց արքան,- զբաղմունք է գտել: Թող անի»:
Թագավորության առաջին խանումը խոսում էր ընտանեկան բռնության դեմ։ Նա ուզում է, որ բոլոր բռնարարներն իրենց արարքի համար պատասխան տան, իսկ բռնության ենթարկվածը չմնա միայնակ։ Պալատականները գործի անցան, գրեցին, սրբագրեցին, լրացրին, դրեցին օրենքը սեղանին։ Առաջին կետով՝ բռնությունը պիտի առանձին հանցագործություն դառնա։ Երկրորդով՝ «հաշտվեցինք, մոռացանք» կախարդանքն այլեւս չի գործում` գործը հնարավոր չէ փակել։ Երրորդով՝ բռնարարը պիտի անցնի վերականգնման ճանապարհ։ Չորրորդով՝ պալատական պահապանները պիտի ամենուր հետեւեն` տեսախցիկներով, տեսանկարահանումներով, որ բռնությունն արմատախիլ անեն եւ ընտանիքը պաշտպանեն։
Բայց չէ՞ որ թագավորությունն էլ է մի մեծ ընտանիք։ Եթե տան մեջ չի կարելի մարդուն վախեցնել, նվաստացնել, ճնշել, բռնանալ նրա վրա, նրա փոխարեն որոշել, թե ինչ պիտի ասի, անի, մտածի, ապա մեծ տան՝ թագավորության մեջ էլ պետք է այդպես լինի։ Եթե ընտանիքում իշխանությունն իրավունք չի տալիս մեկին մյուսի վրա ձեռք բարձրացնել, ապա իշխանավորին պաշտոնն ինչո՞ւ պիտի իրավունք տա քաղաքացուն իր կամքը պարտադրել։ Եվ մարդիկ սկսեցին հիշել Նազարի ինը տարիները` նրա դատավճիռները, բժշկական ախտորոշումները, վերադաստիարակության դասերը, սրան-նրան ուղղված հաթաթաները, սպառնալիքները: Հիշեցին ու հիշեցին ժողովրդական հեքիաթը, երբ Նազարին թախտից գցում է սեփական Ուստիան խանումը…
Ու եթե բռնությունից պաշտպանվելու համար կախարդական փայտիկ են պատրաստել, ոչ ոք չի կարող նախապես ասել, թե այն ում գլխին է իջնելու։ Մեզ հասած տեղեկություններով՝ պալատականները ջերմեռանդորեն շարունակում են մշակել Խանումի օրենքը, իսկ թագավորության ժողովուրդը, ինչպես միշտ, ուշի-ուշով հետեւում է այդ պրոցեսին եւ հեքիաթի ավարտին։
Գուցե հեքիաթն իրականություն դառնա, եւ Նազարին գահից գցողը կրկին Ուստիան խանումը լինի, որը նրան գահընկեց անելու գործը սկսեց բռնության դեմ օրենք գրելով, որին ինքն արդեն «դաբրո» տվել է։ Իսկ այս հեքիաթում թախտը, ինչպես ասում են, վաղուց էր սկսել ճռճռալ։