«Հրապարակ»․ Մարդասպանին, գողականին ազատ է արձակել, Աշոտ Երկաթին` մերժել
Thu, 10 Sep 2026 09:45:58 +0400
Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, որը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` զենք-զինամթերք պահելու արհեստական մեղադրանքով, վաղաժամկետ-պայմանական ազատ չի արձակվի։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը հայտնի է նրանով, որ ազատ է արձակել սպանության մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին՝ Ալիկ Բանդուրյանին, եւ այլն, այս տարվա հուլիսին մերժել է Մինասյանի վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման վերաբերյալ միջնորդությունը։
Մենք զրուցել ենք Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ։ Նա դատավորի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ «Եթե դատական ակտի պատճառաբանության վերլուծություն անենք, այդտեղ ընդհանրապես պատճառաբանություն չկա, որովհետեւ բացասական կողմ չկա։ Դատարանն ազատ արձակումը մերժել է բացառապես այն հիմնավորմամբ, որ Աշոտ Մինասյանը մեղքը չի ընդունում։ Աշոտ Մինասյանը դատական նիստերի ժամանակ հայտարարեց, որ գիտակցում է՝ ապրում է Հայաստանում, կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, իր մեղքն ընդունել-չընդունելը որեւէ նշանակություն չունի, պետության կողմից նշանակված պատիժը կրում է, որը դատավճռով է նշանակված։ Մենք էլ սոցիալ-հոգեբանական էքսկուրս կատարեցինք, թե ինչու է այդ մեղքն ընդունելը դատարանների կողմից հաշվի առնվում․ մեր գնահատմամբ՝ դա քրեական ենթամշակույթին տուրք տալու դատարանի մղումն է։ Ի՞նչ իմաստով եմ ասում․ բոլորիս քաջ հայտնի է, որ Սովետական Միությունում, այդ ենթամշակույթի շրջանակում, կար հասկացողություն՝ «ատկազ»-ով դատվելու, այսինքն՝ մեղքը չընդունելու: Ու Սովետական Միությունն այդ հանգամանքը կարեւորել է նրանով, որ այդ «մեղքը չընդունելու» տարբերակներ անձանց մոտ չլինեն։
Հիմա մենք լրիվ ուրիշ հասարակությունում ենք ապրում, լրիվ ուրիշ իրավիճակ է, բայց դատարանի կողմից մեղքը չընդունելը դիտվել է «ազատ չարձակելու» պայման, մնացած առումներով Աշոտ Մինասյանը, իմ գնահատմամբ, ենթակա էր ազատ արձակման»։
Անդրադառնալով օրեր առաջ Սրբուհի Գալյանի արած հայտարարությանը, թե այս տարի անազատության մեջ գտնվող 117 անձի նկատմամբ «պայմանական-վաղաժամկետ» է կիրառվել, փաստաբանն ասաց․ «Ես չեմ բացառում, որ այդքան մարդու նկատմամբ պատժի մեղմացում, ազատ արձակում եղել է, բայց վստահեցնում եմ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով օրենքները մի կողմ են դրվում, ամբողջ պետական ապարատը գործում է՝ բացառապես դրված նպատակն ի կատար ածվելու համար։ Նույն՝ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Քրեակատարողական ծառայությունը եւ Պրոբացիայի ծառայությունը դրական զեկույցներ էին տվել Աշոտ Մինասյանի հետ կապված, բայց խնդիրն այն է, որ պետությունը միայն նախարարությունով չի սահմանափակվում։ Մենք գիտենք, թե էս ամեն ինչը որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, ու այնպես չէ, որ արդարադատության նախարարությունն իր աշխատանքը գեր-գերազանց կատարում է։ Պետության մեջ վաղաժամկետ-պայմանական ազատ արձակելու մեխանիզմները չեն գործում, որովհետեւ որեւէ օբյեկտիվ դիտորդ ինձ չի կարող համոզել, որ կոնկրետ Աշոտ Մինասյանի դեպքում օբյեկտիվ պատճառներ են եղել․ առողջական խնդիրներ, դրսեւորած վարքագիծ, ՔԿՀ-ում մնացած գործողությունները։ Եթե ինքն ազատ չի արձակվում, ո՞վ է ազատ արձակվում։ Ինչի՞ համար է պատիժ նշանակվում՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, դատապարտյալին ուղղելու, նոր հանցագործությունը կանխելու հետ կապված։ Այդ բոլոր գործողություններն իրականացնում են ՔԿԾ-ն, պրոբացիան։ Հիմա այդ մարմինները եկել են, ասում են. մեր գործողությունները կատարել ենք մեր պլանով` արդյունք է տվել, եւ այդ մարդը ենթակա է ազատ արձակման։ Գնում ենք դատարան, դատարանը մի դատական նիստով, տեսնելով այդ մարդուն, ասում է՝ չէ, ես տեսնում եմ, որ էլի պետք է կրի պատիժ։ Այդ մարդը հետ է գնում ՔԿՀ, ծառայությունն ասում է՝ ես իր հետ աշխատանքներն ավարտել եմ, ի՞նչ պիտի հորինի` անի։ Դրա համար մենք ունենք գերծանրաբեռնվածություն ՔԿՀ-ներում»։