«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել
Thu, 10 Sep 2026 13:15:02 +0400
Մեր տեղեկություններով, Մարտունի համայնքի Ծովասար վարչական շրջանի ղեկավար Արտաշես Մխիթարյանը կնոջ՝ Սիրարփի Պետրոսյանի անունով ընկերություն է հիմնել, որով իրականացրել է համայնքին պատկանող մանկապարտեզների սննդի մատակարարումը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանց պատկանող ՍՄԱՌ ՍՊԸ-ն հիմնվել է 2022թ. նոյեմբերին։ Մխիթարյանը սննդի մատակարարումը ՍՄԱՌ ՍՊԸ-ով իրականացրել է մինչեւ հունիս, ինչից հետո սկսել է այլ ընկերությունով մատակարարումն իրականացնել։ Համայնքից մեզ պատմեցին, որ մանկապարտեզներին մատակարարումները հաճախ հենց վարչական աշխատողներն են իրականացնում։
Մենք Արտաշես Մխիթարյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք Ձեր կնոջը պատկանող ընկերությունով մանկապարտեզներին սննդամթերքի մատակարարում եք իրականացնում։ Մխիթարյանը դրական պատասխան տվեց։ Իսկ հարցին, թե ինչ ընթացակարգով է պայմանագիր կնքել, նա նշեց․ «Մրցույթ է հայտարարվել, մրցույթին մասնակցել է մոտավորապես 4-5 ընկերություն, ընտրվել է ամենացածր գին առաջարկող ընկերությունը, նունիսկ ապրանքներ կան, որ մենք սխալմամբ ցածր գին ենք դրել ու մատակարարել ենք մինչ այսօր։ Մենք գյուղում ապրում ենք, մի բանով պիտի աշխատենք, որ ապրենք»։ Հարցին՝ քանի՞ մանկապարտեզի սննդամթերքի մատակարարում է իրականացնում իրենց ընկերությունը, Մխիթարյանն արձագանքեց․ «Մեր բոլոր մանկապարտեզների համար մեկ մրցույթ է լինում, ամեն անգամ 5-6 կազմակերպություն է մասնակցում, ով ցածր գին առաջարկեց, իրենք հաղթում են»։
Անդրադառնալով տարածված լուրերին, թե այս բիզնեսը Մարտունու համայնքապետի հետ ընդհանուր բիզնես է, նա էլ «փայ» ունի, Մխիթարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, ավելին ասեմ՝ երեք անգամ ես սխալ եմ թույլ տվել, համայնքապետարանը վերջին ձեւով ինձ պատժել է, մեկ անգամ էլ գցել են սեւ ցուցակ։ Եթե իրենց ֆիրման էր, ինչի՞ պիտի պատժեին»։
Զրույցն ավարտելուց րոպեներ անց Մխիթարյանը զանգեց մեզ՝ նշելով, որ սխալ է հասկացել․ «Սուտ են ասում, ես հիմա սննդի մատակարարում չեմ իրականացնում, նախկինում եմ ես իմ կնոջ հիմնարկով արել։ Հիմա ես ոչ մի բան չեմ մատակարարում, ես պահի տակ շփոթվեցի, եթե ինչ-որ մեկն ասաց, որ ես հիմա իմ կնոջ անունով անում եմ, ես իրեն դատի եմ տալու։ Հիմա չգիտեմ` ով է մատակարարում, տեղյակ չեմ, մինչեւ հունիս ամիս եմ մատակարարել, էնքան բողոքեցին, որ ես հրաժարվեցի»։
Նշենք, որ այս պահին մատակարարում իրականացնում է «ԷԼՈՒՍՏԵԿ» ՍՊ ընկերությունը, որն իսկապես Արտաշես Մխիթարյանի կամ նրա կնոջ անունով չէ, սեփականատերը Վահագն Խաչատրյանն է։ Սակայն համայնքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներից մեկից մեզ ասացին, որ մատակարարումը մինչ այժմ շարունակում են վարչական աշխատակիցներն իրականացնել, իսկ մանկապարտեզը պատվերներ գրանցելու համար Մխիթարյանի հեռախոսահամարին է զանգահարում։