Աները 18 հազար դոլար է նվիրել ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին
Thu, 10 Sep 2026 20:45:18 +0400
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված պատգամավոր Գոռ Արշակյանը 40 տարեկան է։ 2006-2008 թթ․ նա ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2003-2005 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2011 թվականին ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 2014 թ-ին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան։ Քաղաքագիտության մագիստրոս է։
2017-2021 թթ․ նա եղել է Ոսկեվազ համայնքի ավագանու անդամ։ Իսկ իշխանափոխությունից հետո տեղավորվել է Ջրօգտագործողների ընկերությունում։ Մասնավորապես 2019-2021 թթ-ին աշխատել է «Արմավիր» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ։ 2021 թ․ հունվար-հունիս ամիսներին՝ «Արագածոտն» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իսկ 2021-2026 թթ․՝ «Արագածոտն» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն։ Միաժամանակ նա 2021-2026 թթ․ եղել է Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ։ Արշակյանը ամուսնացած է, ունի մեկ որդի։
Նրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ՔՊ-ի ամենահարուստ պատգամավորներից է: Նա նախորդ տարի Աշտարակում 1 մլն դրամով հողամաս է գնել։ Բացի այդ հայտարարագրել է 4 անշարժ գույք, որոնցից Ոսկեվազ գյուղում գտնվող մեկ հողամաս ու առանձնատուն ձեռք է բերել 2000թ-ին, իսկ Օշական գյուղում գտնվող առանձնատունն ու Աշտարակ քաղաքում գտնվող հասարակական նշանակության շինությունը ձեռք է բերել 2018թ-ի հոկտեմբեր եւ հուլիս ամիսներին։ 2024թ-ին ձեռք է բերել 2010թ. արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։ Բանկում ունի 11 մլն 800 հազար դրամ ավանդ, իսկ բանկային հաշվին՝ 603 հազար դրամ։ Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 5 մլն 500 հազար դրամ եւ 5 հազար դոլար։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 319 հազար 229 դրամ, որից 5 մլն 902 հազար դրամը աշխատավարձ է ստացել «Արագածոտն» ՋՕԸ-ից, 828 հազար դրամը՝ եկամտահարկի վերադարձից, 3 մլն դրամ վարկ է վերցրել։ 588 հազար դրամ ավանդից ստացած եկամուտն է, իսկ 2 մլն դրամն էլ ջերմոցային տնտեսությունից ստացած եկամուտը։ Տարեվերջին նա ունեցել է 7 մլն 332 հազար 864 դրամ պարտք։
Նրա կինը Տաթեւիկ Մադաթյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Աշտարակ քաղաքում գտնվող հողամաս, որը ձեռք է բերել 2023թ-ին, նախորդ տարի նա հիփոթեքային վարկով ձեռք է բերել բնակարան՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 31 մլն 598 հազար դրամով։ Նա 150 հազար դրամ բաժնային արժեթղթեր ունի բանկում։ Նրա բանկային ավանդները կազմել են 18 հազար դոլար եւ 5 մլն 300 հազար դրամ, իսկ բանկային հաշվին եղել է 577 հազար 980 դրամ։ Նրա եկամուտները կազմել են 11 մլն 689 հազար դրամ, որից 18 հազար դոլարը հայրը նվիրատվություն է արել, իսկ 3 մլն 770 հազար դրամը Ակբա բանկից աշխատավարձ է ստացել։ Մնացած գումարը ստացել է եկամտահարկից ու ավանդից։