«Հրապարակ»․ Մարզերի ավագանիներն էլ Երեւանից մարզեր գնացող մեքենաների մուտքը կարգելեն
Fri, 11 Sep 2026 10:15:37 +0400
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրությունները վերջացան, ու ՔՊ-ն անցավ իր հին ու «բարի» գործելաոճին։ Երեւանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երեւան քաղաք հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ։ Արգելվելու է մարզերից Երեւան եկող տրանսպորտի մուտքը քաղաք, որը մեծ հարված է լինելու առավել շատ ուսանողների համար։
«Հպարտ» հայրենակիցները ստիպված են լինելու մարզերից տրանսպորտով հասնել Երեւան քաղաքի մուտքի մոտակա ավտոկայան, հետո նստել մեկ ուրիշ քաղաքային տրանսպորտ ու նոր իրենց նախընտրած վայր տեղաշարժվել։ Երեւան քաղաքի կառավարումը ձախողածները շարունակելու են նոր թանկացումների շղթան տարբեր ոլորտներում»։ Նախօրեին Երեւանի ավագանին նման առաջարկ էր քննարկում, որ մարզերից եկող տրանսպորտը չպիտի մտնի մայրաքաղաք, այլ ուղեւորներին պետք է իջեցնի ավտոկայաններում:
Մարդիկ, բնականաբար, դժգոհ են այս որոշումից, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնելու մարզերում ապրող եւ Երեւանում աշխատող կամ ուսանող քաղաքացիների համար: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է. «Սա դատարկ գաղափար է, որը չունի իրավական ուժ, նման նախագիծ չի ընդունվել, սա ընդամենը առաջարկ էր իշխանության կողմից՝ Երեւանն իբրեւ թե բեռնաթափելու համար, իբրեւ թե ուզում են Երեւանում ավտոմեքենաների թիվը սահմանափակել` մարզերի բնակիչների հաշվին: Ի դեպ, խոսքը ոչ միայն տրանսպորտի մասին է, այլեւ՝ առհասարակ մարզերից եկող բոլոր ավտոմեքենաների: Այդ ծրագիրը նախատեսում է, որ ցանկացած մարզից Երեւան մուտք գործող ավտոմեքենա պետք է կայանել Երեւանի մուտքի մոտ, իսկ մարզերի բնակիչները տրանսպորտով պետք է շարունակեն իրենց ճանապարհը: Այս ամենը լի է տարբեր ռիսկերով, սոցիալական ռիսկից սկսած: Գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական գործատու քաղաքը Երեւանն է, մարզերում չկա աշխատանք, մարդիկ մարզերից գալիս են Երեւան` տաքսի են վարում, առաքիչ են աշխատում իրենց մեքենաներով, այսինքն` ո՞նց կարելի է մարդկանց ասել` մի եկեք գումար աշխատելու։ Բացի դա էլ, տրանսպորտի սակագինն են թանկացրել, մարդիկ ստիպված երկու տրանսպորտ պետք է փոխեն, ինչը գումարային խնդիրներ է նաեւ առաջացնելու։ Ի դեպ, եթե ավտոկայանատեղիներ կառուցեն, խոսվում է, որ դրանք էլ են լինելու վճարովի: Այսինքն` սա ռիսկային ծրագիր է, որը չի կարող իրականանալ: Խցանումների դեմ այլ լուծումներ պետք է առաջարկվեն, որեւէ մեկին հաճելի չի լինի մայրաքաղաք մտնել սահմանափակումներով, այնպես որ, չի կարելի մարզերին այսպես նեղացնել: Եթե առավոտյան եւ երեկոյան ժամերին հանրային տրանսպորտն անգամ երեւանցիներին չի հերիքում, հետաքրքիր է` ինչպե՞ս են մարզերի բնակիչների հարցը լուծելու: Երեւանում չկան այդքան ավտոբուսներ: Այնպես որ, սա զուտ գաղափար է եւ, կարծում եմ, զուտ կարծիքներ հավաքելու նպատակ ունի: Պատկերացնում եմ՝ եթե նման բան տեղի ունենա, մարզերի ավագանիներն էլ կարող են Երեւանից մարզեր գնացող ավտոմեքենաների մուտքն արգելել, ի՞նչ են անելու այդ դեպքում: Հերթական պառակտումն է լինելու` Երեւան-մարզեր»: