Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մասին

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մասին

Fri, 11 Sep 2026 15:15:15 +0400


Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդրի մասին

Հանդիսանալով 1980-ական թվականների վերջին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվ ու պատասխանատու մասնակիցներից մեկը (1988 թվականի հոկտեմբերին ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Կառավարության կողմից նշանակվել եմ պայմանականորեն հարավային հատվածի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հանձնախմբի ղեկավար)՝ տեղեկացնում եմ, որ հանձնախումբը շուրջ 5 ամիս գործել է Հայաստանի ու Նախիջևանի սահմանամերձ հատվածում։ Առանց որևէ միջադեպի իրականացվել է ավելի քան 3,500 հայ և ադրբեջանցի ընտանիքների բնակարանների փոխանակում։
Դրանից հետո ստացել ենք մեծ թվով նամակներ, գրություններ և հոդվածներ հեռացած ադրբեջանցիներից, որոնք իրենց խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն էին հայտնում Հայաստանի ղեկավարությանն ու հայ ժողովրդին՝ իրենց նկատմամբ ցուցաբերված հոգատար, ուշադիր և մարդկային վերաբերմունքի համար (պաշտոնապես հաստատված բնագրերը պահպանված են)։
Ցանկանում եմ իմ և այս գործընթացին առնչված իմ ծանոթների մոտ պահպանված արխիվային տեղեկատվությունից առանձին դրվագներ հրապարակել, ինչը, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում կարող է նպաստել ներկայումս լայնորեն քննարկվող սահմանների ճշգրտման խիստ կնճռոտ ու վիճահարույց հիմնահարցի արդարացի և խաղաղ հանգուցալուծմանը։

1984 թվականին հայ-ադրբեջանական սահմանային տարածքում (Քյամառլու և Բերքաբեր գյուղերի սահմանագծում) Հայաստանի փոխվարչապետ Վլադիմիր Մովսիսյանի հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի վճռական ու հետևողական միջամտության արդյունքում, Մոսկվայից հրահանգ տրվեց անհապաղ սկսելու Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։

1984–1987 թվականներին այդ գործով զբաղվել է պարիտետային հանձնաժողովը, որի աշխատանքի արդյունքում 975 կմ երկարությամբ սահմանագծի վրա տեղադրվել է ընդհանուր առմամբ 1,466 կետ, որոնցով էլ անցնում են երկու հանրապետությունների սահմանները։
Կատարված աշխատանքների ավարտին կազմվել է համապատասխան ամփոփիչ արձանագրություն, որը երկու կողմերը փոխվարչապետների մակարդակով, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի մոտ, ստորագրել են 1988 թվականի հունվարի 22-ին։ Ի դեպ, այդ արձանագրությանը կցված են նաև երկու կողմերի կոլտնտեսությունների ու սովխոզների սահմանների սխեմատիկ քարտեզները (համապատասխան մասշտաբներով) և դրանց վերաբերյալ կազմված 182 արձանագրությունները։ Այս հսկայածավալ աշխատանքի արդյունքում շուրջ 15,000 հա հողատարածք վերադարձվել է Հայաստանին։

Նշված արձանագրության բնօրինակն այժմ պահպանվում է Մոսկվայում, իսկ դրա երեքական կրկնօրինակները հանձնվել են Հայաստանին և Ադրբեջանին։

Այժմ՝ այսպես կոչված «անկլավների» մասին։ Անկլավային հասկացություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գոյություն չունի։ 2009 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով բոլոր, այսպես կոչված, անկլավային գյուղերն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության կազմում հետևյալ կերպ․ Քյարքին (Տիգրանաշեն) սկզբում ընդգրկվել է Պարույր Սևակ համայնքի կազմում, իսկ 2016 թվականին համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում, ներկայումս գործող օրենքի համաձայն, ներառված է Արարատ խոշորացված համայնքի կազմում։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի երկու, այսպես կոչված, անկլավներին․ Ոսկեպարի հետ կապված՝ 2009 թվականին Ասկիպարա գյուղը մտցվել է Ոսկեպար համայնքի կազմ, իսկ 2016 թվականին համայնքների խոշորացման ժամանակ Ոսկեպար համայնքը՝ իր մեջ ներառված Ասկիպարա գյուղով, ընդգրկվեց Նոյեմբերյան համայնքի կազմում։ Նույնը վերաբերում է նաև Աղստևի ջրամբարից դեպի հարավ գտնվող բնակավայրերին․ Բարխուդարլուն ընդգրկվել է Ազատամուտ համայնքի կազմում, իսկ Ազատամուտն այժմ ընդգրկված է Իջևան խոշորացված համայնքի կազմում։

Ներկայումս օրակարգային խնդիր է երկու տարի առաջ սկսված (ընդամենը 12.5 կմ) երկու պետությունների միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը շարունակելը։ Ինչպես հայտարարվել է երկու կողմերից, այդ աշխատանքների իրականացման համար հիմք են ընդունվել 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթները, որոնցով որպես միջպետական սահմաններ պետք է ընդունվեն մինչ այդ պահը երկու կողմերի ընդունած և գոյություն ունեցած վարչական սահմանները։ Այդ սահմաններն առկա են, որոնց հանգամանորեն անդրադարձել եմ վերևում։

Նկատի ունենալով, որ այս գործընթացը բավականին բարդ է, նուրբ և աշխատատար, հետևաբար աշխատանքների ընթացքում հնարավոր է ծագեն վեճեր ու անհամաձայնություններ։ Այդ դեպքերի համար գոյություն ունի միջազգային նորմ, որի հիման վրա դրանք կարող են լուծվել։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարությունը (որի անդամ են նաև Ադրբեջանն ու Հայաստանը) 2017 թվականի դեկտեմբերին ընդունել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում․ հրատապ հարցեր և լուծումներ»։

Այդ փաստաթուղթն ընդունվել է բացառապես հետխորհրդային տարածքի հանրապետությունների միջև պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին ուղղություն տալու համար։ Մասնավորապես, դրանով են առաջնորդվել Բելառուսն ու Լիտվան, Ղազախստանն ու Ղրղզստանը՝ իրենց սահմանների ճշգրտման ժամանակ։

Դա կարևոր փաստաթուղթ է, որտեղ շատ էական սկզբունքներ են ամրագրված․ մասնավորապես արձանագրված է, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները չի կարելի իրականացնել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի տակ։
Մինչդեռ ներկայումս Ջերմուկի վերևի հատվածում՝ մեր սահմանի անմիջական հարևանությամբ, տեղակայված են ադրբեջանական ռազմական կառույցները, ինչպես նաև Սոթք-Խոզնավար ամբողջ ռազմական բարձրունքները գտնվում են ադրբեջանական ռազմական ուժերի վերահսկողության տակ։ Դրան գումարած՝ Հայաստանի որոշակի տարածք օկուպացված է, որպիսի պայմաններում, վերը հիշատակված փաստաթղթի (նորմի) համաձայն, չեն կարող իրականացվել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ։ Հետևաբար, խիստ անհրաժեշտություն է դառնում, որպեսզի սահմանաճշգրտման վիճահարույց գործընթացի արդար ու խաղաղ հանգուցալուծման համար շուտափույթ կարգով վերացվեն և լուծվեն վերը թվարկված խոչընդոտները։

Այժմ Գորիս-Կապան ճանապարհի մասին, որն այսօր ապօրինաբար հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ․ Գորիսից Կապան, Կապանից Ճակատեն հատվածները հարյուր տոկոսով եղել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Թույլ եմ տալիս ինձ պնդել՝ այդ ճանապարհը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի և Անտոն Քոչինյանի պաշտոնավարման օրոք։ Տրանսպորտի ինստիտուտում առկա են հողահատկացումների մասին տվյալներ։ Այդ հողահատկացումներն արվել են Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի կողմից, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը։ Ընդ որում, համաձայնություն է տվել ոչ թե նրա համար, որ դա Ադրբեջանի հողն էր, այլ այն պատճառով, որ ճանապարհից ձախ սկսվում էր Ադրբեջանը, և անհրաժեշտ էր տալ համաձայնություն։

Աշոտ Եղիազարյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հանձնախմբի ղեկավար (1988-1990 թթ․)

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Fri, 11 Sep 2026 15:49:23 +0400 16…

5 րոպե ago

«Կլորի» բանտից պաշտոնյա է ձերբակալվել. ինչ է կատարվել

«Կլորի» բանտից պաշտոնյա է ձերբակալվել. ինչ է կատարվել Fri, 11 Sep 2026 15:33:34 +0400 ՀՀ…

21 րոպե ago

«Դժոխք կընկնեք»․ Թրամփը սպառնացել է ամերիկացիներին

«Դժոխք կընկնեք»․ Թրամփը սպառնացել է ամերիկացիներին Fri, 11 Sep 2026 15:30:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

23 րոպե ago

Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ հողի վրա, նորմալ դիվանագիտական ճանապարհով

Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ հողի վրա, նորմալ դիվանագիտական ճանապարհով Fri, 11 Sep 2026 15:27:13…

27 րոպե ago

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը Fri, 11 Sep…

54 րոպե ago

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար Fri, 11 Sep 2026 14:45:16 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago