TRIPP․ ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ մեծ աշխարհաքաղաքական խաղի նոր փուլ
Sat, 12 Sep 2026 20:45:45 +0400
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ծրագրի շուրջ շատ է խոսվել: ՀՀ իշխանությունները համոզում են, որ սրանով բացվում է տնտեսական զարգացման, խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության նոր դարաշրջան։ Իսկ շատ մասնագետներ մատնանշում են հնարավոր վտանգները։ Արեւմուտքն այդ ծրագրի մեջ տեսնում է նոր տնտեսական ու ռազմավարական հնարավորություններ, Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց վաղուց հետապնդած նպատակների իրականացումը, իսկ Իրանը՝ իր անվտանգությանն ուղղված մարտահրավեր։
Փորձենք կողք-կողքի դնել հասանելի փաստերը։ Եթե ճանապարհ է բացվում՝ հրաշալի է։ Հայաստանին ճանապարհներ, հաղորդակցություններ, առեւտրի ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ պետք են։ Տասնամյակների մեկուսացումը մեզ ոչինչ լավ բան չի տվել։ Շատ ենք ուզում, որ Հայաստանը դառնար միջազգային խաչմերուկ, որով կապվում են երկրներն ու ժողովուրդները, բայց այդ խաչմերուկից ով որքան է շահելու։ TRIPP-ը նախատեսում է Հայաստանի հարավով՝ Սյունիքով, Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջեւանը կապող ուղի, որը ներառում է երկաթուղային, էներգետիկ եւ կապի ենթակառուցվածքներ։ Ասում են` Հայաստանի համար կարող են բացվել նոր ներդրումների, աշխատատեղերի, տարանցիկ եկամուտների եւ միջազգային տնտեսական կապերի հնարավորություններ, եւ Հայաստանը կարող է դուրս գալ փակուղուց, դառնալ տարանցիկ կարեւոր երկիր։
Ադրբեջանի շահը նույնպես պարզ է՝ ցամաքային կապով կապվել Նախիջեւանին ու Թուրքիային։ Թուրքիան էլ` Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիային։ ԱՄՆ-ն ստանում է տնտեսական ու ռազմավարական ներկայության հնարավորություն Հարավային Կովկասում, Եվրոպան՝ նոր հաղորդակցային ուղի։ Բայց հարց է առաջանում․ Հայաստանի շահը նույնքան հստակ, կոնկրետ ու չափելի՞ է։ Հայաստանը կշահի, եթե բացվեն նաեւ մյուս հաղորդակցությունները, եթե Հայաստանը չդառնա պարզապես ուրիշներին ճանապարհ տրամադրող երկիր` անցակետ, այլ այդ ճանապարհների շահառու։
Պաշտոնական ներկայացմամբ՝ ՀՀ-ն պահպանում է իր ինքնիշխանությունը, պետական սահմանի, մաքսային վարչարարության, իրավապահ եւ անվտանգության լիազորությունները։ Բայց ինքնիշխանությունը թղթի վրա չի որոշվում։ ԱՄՆ-ին նախատեսվում է 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս, հողօգտագործման եւ կառուցապատման իրավունքները նախատեսվում են սկզբնական 49 տարվա համար։ Հայ ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ եթե Հայաստանի տարածքում տասնամյակների համար ստեղծվում է խոշոր տնտեսական համակարգ, որի կառավարման հիմնական բաժնեմասը հայկական կողմի ձեռքում չէ, ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու այդ համակարգի տնտեսական առաջնահերթությունները։ Որքա՞ն է ներդրվելու։ Որքա՞ն է ստանալու Հայաստանը։ Որքա՞ն են լինելու հարկային ու մաքսային մուտքերը։ Որքա՞ն է լինելու Հայաստանի բաժնից ստացվող եկամուտը։ Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում պետությունը։ Եվ ի՞նչ է տեղի ունենալու, եթե կանխատեսված բեռնափոխադրումները չիրականանան։ Իսկ տարածաշրջանային անվտանգությո՞ւնը: Սյունիքը երկրի ամենազգայուն հատվածներից է՝ Իրանի անմիջական հարեւանությամբ։ Իրանը բացահայտ մտահոգված է ամերիկյան ներկայության կապակցությամբ։ Այդ մտահոգությունն անտեսել չի կարելի։ Եթե վաղը ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները «կրիտիկական» սրվեն, իսկ Սյունիքում ամերիկյան ներկայություն լինի, ո՞վ է երաշխավորելու, որ Հայաստանի հարավում կոնֆլիկտ չի լինի։ Հարավային Կովկասում հատվում են մեծ տերությունների տնտեսական, քաղաքական եւ անվտանգային շահերը։
Ուրեմն պետք է հաշվել մեր երկրի օգուտը, պարտավորությունները, անվտանգության երաշխիքները, տնտեսական իրական շահը եւ այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ տարբեր շահերի բախման դեպքում։ Որովհետեւ որքան էլ ցանկանանք հավատալ միայն խաղաղության, ներդրումների ու բարգավաճման խոստումներին, դրանց կողքին կան նաեւ հարցեր, որոնց պատասխանները դեռ պետք է ստանալ։ Եթե այդ պատասխանները բավարար են՝ ճանապարհները թող բացվեն։ Եթե ոչ՝ Հայաստանը չպետք է շտապի։ Որովհետեւ ճանապարհը կարող է դառնալ խաղաղության ճանապարհ միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է ոչ թե Հայաստանի հաշվին, այլ Հայաստանի շահի գիտակցումով։