Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր

Sun, 13 Sep 2026 23:00:10 +0400


Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«2022-ի սեպտեմբերի 12-ի երեկոն այդ օրերի հերթական անհանգիստ պահերից էր։ Առաջնագծից օրեր շարունակ տեղեկություններ էինք ստանում, որ թշնամին զորքի ու զինտեխնիկայի կուտակումներ է անում շփման գծի ամբողջ երկայնքով։ Նույնիսկ Արցախի առաջնագծի դիմացից ադրբեջանցի զինվորներին հանել, բերել էին Գեղարքունիքի դիրքերի դիմաց։

Չնայած դրան, հայկական կողմում զորքին հանգստացնում էին, թե ոչ մի վտանգավոր բան չկա, մեր հետախուզությունը վերահսկում է իրավիճակը, համար 1 տալու, զորքը մարտական պատրաստության վիճակի բերվելու կարիք չկա։

Սեպտեմբերի 12-ի ժամը 20:00-ի մոտ դեռ գրասենյակում էի։ Զանգեցի Վարդենիս, ծանոթ զինվորականների։ Ասացին’ նույն վիճակն է, բայց Երևանից ասում են’ վտանգ չկա։

Քիչ անց իմ ընկեր Վահե Սարգսյանը զանգեց, թե տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանական զորքը մարտական վիճակի է բերվել, զինտեխնիկան բացազատվել է։ ՀՀ ՊՆ-ում շտապ խորհրդակցություն են հրավիրել։

Ավելի ուշ ժամի նորից զանգեցի Վարդենիս, հետո’ Ջերմուկ։ Երկու տեղերում էլ զորքին «քուն» հրահանգն էր տրված։ Այսինքն’ ըստ ՊՆ գլխավոր շտաբի’ ոչ մի վտանգ չկա, չնայած թշնամին ակնհայտ հարձակման էր պատրաստվում, նույնիսկ Վարդենիսի սահմամերձ գյուղերի ծանոթ բնակիչներն էին արտասովոր շարժ նկատել ադրբեջանական կողմում։

Մնացի գրասենյակում’ հասկանալով, որ գիշերը մի բան լինելու է։

Սեպտեմբերի լույս 13-ի ուղիղ կեսգիշերին սկսվեց այդ բանը’ նոր պատերազմը։

Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց ՀՀ գրեթե ամբողջ շփման գծով մեկ’ թիրախավորելով հատկապես Վարդենիսը, Ջերմուկը, Սիսիանը, Կապանի որոշ գյուղեր։

Երևանում մարդիկ հանգիստ քնած էին, իսկ մարզերում աղետ էր։ Վարդենիսի գյուղերը դատարկվում էին թշնամու հրետանու հարվածների տակ։ Գիշերվա կեսին Կուտականի, Տրետուքի, Կութի, Սոթքի և հարակից մյուս գյուղերի բնակիչները փորձում էին իրենց կանանց ու երեխաներին տանել ապահով վայրեր։

Կուտականի դիմացի հսկայական բարձունքին կանգնած հայկական դասակի բոլոր զինվորները (որքան հիշում եմ, 29 հոգի) զոհվեցին’ կռվելով մինչև վերջ ու չստանալով համալրում և օգնություն։ Բարձունքին հայտնվեցին ադրբեջանցիները և սկսեցին կրակել Վարդենիսի ու մյուս գյուղերի վրա։

Վարդենիսի զորամասն էլ ենթարկվեց հրետանու հարձակման, ու այնտեղ զոհված մեր շատ զինծառայողներ քնած էին’ Երևանից ստացած լինելով հրահանգ, թե վտանգ չկա, հանգիստ քնեք։

Վարդենիս-Մարտունի ճանապարհը լիքն էր փախստականներով։ Ժամեր անց թշնամու աթս-ն հասավ նաև Մարտունի’ ահաբեկելով այդ շրջանի բնակիչներին։

Ջերմուկի հետ ոչ մի կապ չկար։ Ավելի ուշ միայն իմացանք, որ թշնամուն հաջողվել է մեծ տարածություն առաջ գալ ու դիրքավորվել Ջերմուկի հարակից բարձունքին’ թիրախավորելով քաղաքը։

Սիսիանի Իշխանասարի բարձունքը ևս հարձակման տակ էր։ Ու երբ լրատվամիջոցներն այդ մասին ասացին, տեղի Իշխանասար գյուղի գյուղապետը հերքեց, թե իրենց գյուղի վրա ոչ մի հարձակում չկա, ամեն ինչ խաղաղ ու հրաշալի է։ Մարդիկ էլ հերթական անգամ գերադասեցին հիմար լինել և չտարբերել Իշխանասար բարձունքը Իշխանասար գյուղից։

Ի վերջո, Մեծ Իշխանասարի Սև լիճը հայտնվեց թշնամու հսկողության տակ և մնում է մինչև օրս։

Հետագայում ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և Տիգրան Ավինյանը գնացին մոտակայքում մի տեղ նկարվեցին’ կրկին մարդկանց խաբելով, թե ոչ մի վատ բան չի եղել։ Երբ կասկած հայտնեցի, Արմեն Խաչատրյանը սպառնաց անձամբ ինձ ուղեկցել Սև լիճ, բայց մինչև այսօր իր խոսքին տեր չի կանգնել։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 220-ից ավելի հայ զինվոր։ Մեր այդ զոհերը հիմնականում եղան անպատրաստ լինելու պատճառով, քանի որ ՊՆ -ից ստացել էին երաշխիքներ, թե ամեն ինչ նորմալ է։

Չնայած դրան, սահմանին կանգնած մեր զինվորները և սահմանամերձ բնակավայրերի կամավորները հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն, իրենց մեքենաներով մտան կրակի գոտի ու հանեցին վիրավորներին, փրկեցին շատ կյանքեր ու կանգնեցրին ադրբեջանական առաջխաղացումը։ Թույլ չտվեցին, որ թշնամին գրավի Վարդենիսը, Ջերմուկը, Սիսիանն ու Գորիսը։

Դրանից մոտ 20 օր անց՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ Ադրբեջանի այդ հարձակումը պայմանավորվածություն չէր՝ արդարացնելու Արցախի վաճառքի վերջին փուլը և հայերին համոզելու, թե խաղաղության համար են հանձնում Արցախը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու Sun, 13 Sep 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

30 րոպե ago

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի Sun, 13 Sep 2026…

44 րոպե ago

Հիասթափվելու արվեստը

Հիասթափվելու արվեստը Sun, 13 Sep 2026 22:15:53 +0400 Հիասթափվելու արվեստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի…

59 րոպե ago

Ինչքան գումարով է Նեյմարն օգնել «հարազատ» ֆուտբոլային ակումբին

Ինչքան գումարով է Նեյմարն օգնել «հարազատ» ֆուտբոլային ակումբին Sun, 13 Sep 2026 22:00:29 +0400 «Սանտոսի»…

1 ժամ ago

Մայր Տաճարում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը

Մայր Տաճարում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը Sun, 13 Sep 2026…

1 ժամ ago

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Sun, 13 Sep 2026 21:30:00 +0400…

2 ժամ ago