Մեր կյանքը նման է օվկիանոսային ալիքներում ճոճվող անղեկավար անձնակազմով անղեկ նավի
Fri, 18 Sep 2026 21:45:54 +0400
Նախկինների կողմից «թալանվածն» իբրև թե «հատիկ առ հատիկ» պետությանը վերադարձնելու նիկոլական գաղափարը հերթական անգամ գործողության մեջ է դրվել իր իսկական դեմքով: Այսինքն, համարյա կրկնակի բարձրացրել է իր ու իր նեղ շրջապատի (ՀՀ նախագահից մինչև փոխնախարար ու ԱԺ պատգամավոր) աշխատավարձերը: Այնինչ, քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ այդ գումարները թոշակի բարձրացման ու անվճար առողջապահության տեսքով իրենք բաժանել են շարքային քաղաքացիներին: Ու շարունակելու են դա անելը: Ի դեպ, հատկապես թոշակառուներին, որոնց առումով այս տարվա սկզբին ասում էր, թե նրանց ինչին է պետք թոշակի բարձրացումը: Ասածը հիմնավորելով, որ վերջիններս չգիտեն լրացուցիչ գումարը ծախսելու ճիշտ տարբերակը: Ենթադրում եմ, որ պետբյուջեի հաշվի նախընտրական կաշառք տալուց հետո կրկին այդ գաղափարն էր նրա ուղեղում: Հաշվի առնելով, որ եկամուտների բարձրացումը չառնչվեց թոշակառուներին ու նպաստառուներին: Եվ ոչ էլ պետական համակարգի բազմահազարանոց աշխատակիցներին:
Ինչ մնում է իրեն ու իր շրջապատին «լավագույն» աշխատանքի համար պարգևատրելուն, ապա վստահ եմ, որ իրենք գիտեն այն ծախսելու ձևը: Այլապես, նույն տրամաբանությամբ շարժվելու դեպքում, այդ բարձրացումը չէր կատարվելու: Փաստորեն ստացվում է, որ «հատիկ առ հատիկ» կոչված երևույթը նախկինների ունեզրկման նոր եղանակ է՝ հանուն սեփական բարեկեցության բարձրացման: Նախկինները դա չարեցին իրենց նախկինների նկատմամբ ու այդ առումով գործող իշխանությունից սովորելու բան ունեն: Ենթադրում եմ, որ իշխանափոխությունից հետո սովորած դասը կկիռարեն այսօրվա գործողների նկատմամբ: Ինչը պետական մտածողության տեսակետից սխալ է, սակայն մեր իշխանավորների վարքը պայմանավորված չէ դրանով: Այն, դժբախտաբար, դեռևս պայմանավորված է ջունգլիների կանոններով:
Հետաքրքիր է, ինչպես են իրենց զգում նրանք, ովքեր հունիսի 7-ին ՔՊ-ին քվե տալով՝ հույս ունեին, թե ստանալու են իրենց բաժինը՝ թալանվածը «հատիկ առ հատիկ» հետ բերելուց հետո: Կարծում եմ, որ նրանք պետք է բողոքեն կառավարության #1 շենքի մուտքի դիմաց: Դա պետք է անեն գոռալով կամ էլ լացելով, որպեսզի իրենց վրա ուշադրություն դարձնող լինի: Չնայած գոռալը վտանգավոր է՝ ոստիկանությունն իրենց բերման կենթարկի հասարակական կարգը խախտելու հիմնավորմամբ: Ինչը կառաջացնի եթե ոչ խուլիգանության, ապա առնվազն վարչական հոդվածի առաջադրում: Եվ, ենթադրաբար, 50 հազար դրամի տուգանք: Իսկ տուգանքի գումարն էլ ոչ թե կվերադարձվի իրենց «հատիկ առ հատիկ»-ի գործողության շրջանակում, այլ կրկին կուղղվի վերևների աշխատավարձերի հերթական բարձրացմանը: Այնպես որ բողոքի կռվարար ձևը՝ երբ գոռում են, չի համապատասխանելու իրենց շահերին: Մնում է լացելը, բայց խնդիրն այն է, որ ինչ-որ տարիքից հետո մանկան լացին այլևս ուշադրություն դրաձնող չկա: Շատ-շատ, փորձում են լռեցնել այն փափուկ կամ կոշտ ձայնով: Ո՜ւր մնաց, որ ուշադրություն դարձնեն մեծահասակների լացին…
Այսպիսով, նրանք, ովքեր հունիսի 7-ին ձայն են տվել ՔՊ-ին կամ ընդհանրապես ջանք չեն արել մի քանի հարյուր մետր քայլելու ու ընտրատեղամասում քվեարկելու, վայելում են իրենց կատարած կամ չկատարած գործողության հետևանքները: Իհարկե, արանքում պատժվում ենք նաև մենք, ովքեր քվեարկել են ընդդիմության օգտին: Բայց դե մեր կյանքը նման է օվկիանոսային ալիքներում ճոճվող անղեկավար անձնակազմով անղեկ նավի: Ինչի արդյունքում տուժում են բոլորը՝ լինեն նրանք գիտակից ու հայրենասեր, թե այնպիսիք, ովքեր հանուն ստամոքսի պարունակության թքած ունեն հայրենիքի վրա: Դժբախատաբար: