Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից

Sat, 19 Sep 2026 18:45:42 +0400


Սարսափելի խցանում էր, ո՛չ առաջ, ո՛չ հետ, ո՛չ աջ, ո՛չ ձախ… Նյարդերս չէին դիմանում արդեն: Տեսա՝ ճար չկա, մեքենան բարձրացրի կիսաքանդված «մայթ» ու իջա՝ ծխելու: Մտածում էի՝ այդ ընթացքում խցանումը կթեթեւանա, ու կկարողանամ շարժվել: Մեկ, երկու, երեք գլանակ ծխեցի, չէ՝ խցանումը բացվելու միտք չուներ: Ի՞նչ անեմ… Հարեւանությամբ մի բավականին խոշոր սգո սրահ կար: Գիտեի, որ այդ սրահներում զով «կլիմա» եւ խմելու ջուր է լինում: Ասի՝ մտնեմ, մի բաժակ ջուր խմեմ, մի քիչ էլ նստեմ: Ի՞նչ է պատահել, ո՞վ պիտի արգելեր: Ի վերջո, հայ քրիստոնյա է հանգուցյալը՝ մոտիկների ձեռքը կսեղմեմ, հեռու կանգնածներին գլխի շարժումով կցավակցեմ, հանգուցյալի կողքին մի քիչ կնստեմ, դուրս կգամ: Պարզվեց՝ երկու «դահլիճ» կար․ մեկում՝ կնոջ, մյուսում՝ տղամարդու հոգեհանգիստ էր: Քայլերս ուղղեցի վերջինի կողմը, որը, ինձ թվաց, ավելի ընդարձակ էր:

Մոտեցա… Կյանքումս այդպիսի սխալ չէի գործել: Ինչքան ծանոթ ու անծանոթ ՔՊ-շնիկ կար, հավաքվել էր այդ սրահի ներսն ու դուրսը: Իսկ ես արդեն այնքան էի մոտեցել, որ անհարմար էր կրնկի վրա շրջվելն ու հետ դառնալը: Իրենք էլ, ախր, շուն են, ինձ արագ նույնականացրել էին ու մի տեսակ էին նայում իմ կողմը:
– Չէ, Էդո ջան, զադնի դնել չկա…
Մոտեցա՝ Սասունն էր, ՔՊ-ի ԱԺ նախագահական եռյակը, Քոչարյան Անդոն, էլի մի քանի հոգի, որոնց անունները ես չգիտեի: Քիչ հեռու ՔՊ-ական կանանց թռչնախումբն էր անդադար շաղակրատում:
– Դուք արդեն ներս մտե՞լ եք,- հարցրի:
– Այո, իհարկե, ինչպե՞ս կարող էինք չմտնել,- տխուր ասաց Քոչարյան Անդոն, ում առաջինն էի ձեռքով ցավակցել:
– Դե, ես էլ մի պահ մտնեմ, հետո կգամ՝ կզրուցենք:
Դեռ երկու քայլ չէի արել՝ մեկ էլ սրահում աղմուկ բարձրացավ: Ինչ-որ մեկն սկսեց անհասկանալի բառեր բղավել, ճչալ, ղժղժալ: Լսվեցին զուգահեռ բղավոցներ՝ դեղերը, դեղերը…
– Սկսվե՜ց,- ականջիս տակ լսեցի Սասունի քրթմնջոցը, ու ՔՊ-շնիկների խումբը, համարյա իմ վրայով, սուրաց դեպի դահլիճ, ուր, ենթադրաբար, հանգուցյալն էր դրված: Ես ներս մտա այն ժամանակ, երբ սրանք բոլորով շրջապատել էին հանգուցյալին, ու չէր երեւում, թե ինչ է կատարվում շրջանի ներսում:
Ճղճղոցն ավելի էր սաստկանում… Ընդհանուր իրարանցման մեջ ես ուշացումով նկատեցի Ալեն Սիմոնյանին: Նա հեռախոսի տենդագին ինչ-որ հեռախոսահամար էր փնտրում հեռախոսի մեջ:
– Ցավակցում եմ, պարոն Սիմոնյան, ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող եմ օգնել…
– Հիմա շտապ օգնություն ինչպե՞ս են զանգում:
– Շտապ օգնությո՞ւն, ո՞վ է վատացել…
– Հանգուցյալը:
– Հանգուցյա՞լը… Իսկ ո՞վ է նա:
– Ի՞նչ կարեւոր է, ասում եմ՝ վատացել է, համարը գիտե՞ս, զանգիր, թող շուտ գան:
– Զանգեմ՝ ի՞նչ ասեմ, Ալեն, ասեմ՝ հանգուցյալ է վատացել, շուտ եկե՞ք… Ավելի ճիշտ կլինի Տեր հայր կանչենք:
– Ի՛նչ Տեր հայր, ուզում ես լրի՞վ գժվի…
– Լավ, գոնե ինձ հանգուցյալի անուն-ազգանունն ասա, որ իմանամ՝ ինչպես նրան ներկայացնեմ շտապ օգնությանը: Ինչի՞ց է բողոքում…
– Ասա, որ չի ուզում պառկել դագաղի մեջ, տախտակներին է խփում, դըմփ, դըմփ, հու, սգո հանդիսականներին է սպառնում՝ կկզըցնեմ, ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ…
– Յա՜, յա՜, յա՜… Խեղճ մարդ… Լսիր, Ալեն, իսկ նա իսկապե՞ս մեռել է:
– Բա հո զոռով չե՞նք դրել դագաղի մեջ… Էս էլ բժշկի տեղեկանքը…
Ինքնաբերաբար թուղթը վերցրեցի Ալենի ձեռքից: Մի կերպ ընթերցելով մանր գրերը՝ հասա եզրակացության բաժնին: Գրված էր. «Պացիենտը մահացել է դիահերձումից»: Ցնցված էի, բայց մի կերպ ինձ հավաքեցի ու կրկին դիմեցի Ալենին.
– Լսիր, Ալեն, սա արդեն իմ գծով է, թույլ տվեք մոտենամ նրան ու հանգստացնեմ:
– Մենք երեկվանից ենք փորձում հանգստացնել: Համարյա համոզել էինք, որ ինքը չի մեռել, բայց հենց բերեցինք այստեղ, էլի սկսվեց: Երեւի ջոկեց, որ իր հոգեհանգիստն է:
– Ես նորից եմ քեզ ասում՝ սա իմ պրոֆիլն է, թողեք մոտենամ՝ հարցերը լուծեմ: Սրան որ հասցնեք պանթեոն, լրիվ անկառավարելի կդառնա, չեք կարողանա հուղարկավորել:
– Նստեց, վայ, մամա ջան, նստեց,- ծղրտաց մի կին…
– Հանգիստ, հանգիստ, ժողովուրդ ջան, չվախենաք,- իր հերթին ճչաց Ալենն ու թռավ շրջագծի մեջ:
Ես սպասում էի, որ նա նորից դուրս կգա ու ինձ կուղեկցի հանգուցյալի մոտ: Բայց սխալվում էի: ՔՊ-շնիկները ամբողջ կազմով հավաքվել էին հանգուցյալի գլխին եւ ուզում էին նրան զոռով պառկեցնել դագաղի մեջ: Սա ավելի բարձր սկսեց գոռալ՝ կկզըցնեմ, կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատերին, արա, բա դուք խի՞ չեք մեռել…
Հարեւան սրահից մարդիկ եկան.
– Կներեք, մենք ճի՞շտ ենք հասկացել, որ ձեզ մոտ նույնպես հոգեհանգիստ է:
– Այո,- ասացի:
– Իսկ սա ի՞նչ աղմուկ է, դուք խանգարում եք մեր հանգուցյալի հոգեհանգիստը:
– Հազար ներողություն, բայց պետք է ասեմ, որ ոչ թե մենք, այլ մեր հանգուցյալն է աղմկում, նստել է դագաղի մեջ, չի ուզում պառկել: Բայց ես կարծում եմ՝ շուտով կպառկեցնենք, եւ նա կհանգստանա, կներեք…
Արմանք-զարմանք կտրած այդ մարդիկ լռելյայն գնացին իրենց հանգուցյալի մոտ, իսկ ինձ մի պարեկ մոտեցավ.
– Կներես, հոպար, այսինչ համարի ավտոմեքենան Ձե՞րն է:
– Այո, ախպոր տղա, իմն է, ի՞նչ կա:
– Պիտի տուգանեմ, մայթի վրա եք կայանել:
– Ժամանակ ես գտե՞լ, չե՞ս տեսնում, որ խառն ենք: Հանգուցյալը դագաղի մեջ նստել՝ չի թողնում հոգեհանգիստ անենք, իսկ դու՝ տուգանեմ…
– Լավ չհասկացա, ով է նստել դագաղի մե՞ջ…
– Դրա ժամանակը չէ, ախպոր տղա, կապ տուր, թող «պադկրիպլենի» գա, հա, էն դիմակավորներից: Տապալեք գետնին, ձեռնաշղթաներ հագցրեք, պառկեցրեք էն անտերի մեջ, մինչեւ վաղը թաղենք, ազատվենք սրանից:
– Հոպար, ձեռ ե՞ս առնում: Ո՞վ է «պադկրիպլենի» ուղարկում հանգուցյալի վրա: Կասեն՝ էս տղեն գժվել է:
– Ի՞նչ ասեմ, տղա ջան, մի զանգիր: Արի, ավելի լավ է, գնանք՝ ինձ տուգանիր:
Քայլում էինք դեպի մեքենաս: Ճանապարհին հարցնում է.
– Հոպար, կներես, էդ հանգուցյալը, որ ասում ես՝ նստել էր դագաղի մեջ, քո ի՞նչն է:
– Ոչ մի բանը, ախպոր տղա, ես էլ կարգին չճանաչեցի, հեռու հարեւան էր…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բացականերին որոշել է պատժել

«Հրապարակ»․ Բացականերին որոշել է պատժել Tue, 24 Nov 2026 08:15:52 +0400 Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքի…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը Tue, 24 Nov 2026 08:10:12 +0400 Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Tue, 24 Nov 2026 08:05:01 +0400 Երեկ հրապարակված նոր…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Tue, 24 Nov 2026 08:00:56…

37 րոպե ago

Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը․ «Միասնության թևեր»

Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը․ «Միասնության թևեր» Tue, 24 Nov…

8 ժամ ago

Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին

Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին Mon, 23 Nov 2026 23:55:20…

9 ժամ ago