Պահանջում ենք իրավունքների վերականգնում
Sat, 19 Sep 2026 20:00:57 +0400
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը հայտնում է․
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնությամբ Արցախում տեղի ունեցավ էթնոցիդի վերջին արարը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ ինը ամիս շրջափակման, սովի և մեկուսացման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։ Արցախի ժողովուրդը դիմակայեց՝ պաշտպանելով հայրենիքում ապրելու իր իրավունքը։ Հարձակումը մարդկային կյանքեր խլեց և հանգեցրեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմանը։
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը շրջափակումը, ռազմական հարձակումը և դրան հաջորդած Արցախի հայաթափումը գնահատում է որպես ցեղասպանություն՝ ուղղված Արցախի բնիկ հայ բնակչությանը իր հայրենիքից զրկելուն։
Այսօր մենք խոնարհվում ու ոգեկոչում ենք զոհվածների հիշատակը, բայց նաև մեր լինելիությամբ վերահաստատում՝ քանի դեռ մենք կանք և կա մեր հիշողությունը՝ Արցախի թեման միշտ արթուն է լինելու։
Ցեղասպանությունը չի ավարտվում մարդկանց բռնի տեղահանմամբ։ Այսօր շարունակվում է Արցախի հայկական հետքի վերացումը՝ բնակավայրերի, եկեղեցիների, գերեզմանատների, մշակութային ժառանգության և հայկական ինքնության մյուս վկայությունների ոչնչացմամբ, պղծմամբ ու յուրացմամբ։
Արցախի հայաթափումը չի վերացնում Արցախի ժողովրդի իրավունքները, պատմական հիշողությունը և իր հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադառնալու իրավունքը։
Հիշում ենք։
Պահանջում ենք իրավունքների վերականգնում»։