Մեր կյանքը նման է օվկիանոսային ալիքներում ճոճվող անղեկ նավի
Sat, 19 Sep 2026 19:45:44 +0400
Նախկինների կողմից «թալանվածն» իբրեւ թե «հատիկ առ հատիկ» պետությանը վերադարձնելու նիկոլական գաղափարը հերթական անգամ գործողության մեջ է դրվել իր իսկական դեմքով: Այսինքն, համարյա կրկնակի բարձրացրել է իր ու իր նեղ շրջապատի (ՀՀ նախագահից մինչեւ փոխնախարար ու ԱԺ պատգամավոր) աշխատավարձերը: Այնինչ, քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ այդ գումարները թոշակի բարձրացման ու անվճար առողջապահության տեսքով իրենք բաժանել են շարքային քաղաքացիներին ու շարունակելու են դա անելը՝ ի դեպ, հատկապես թոշակառուներին, որոնց առումով այս տարվա սկզբին ասում էր, թե նրանց ինչին է պետք թոշակի բարձրացումը: Ասածը հիմնավորելով, որ վերջիններս չգիտեն լրացուցիչ գումարը ծախսելու ճիշտ տարբերակը: Ենթադրում եմ, որ պետբյուջեի հաշվին նախընտրական կաշառք տալուց հետո կրկին այդ գաղափարն էր նրա ուղեղում՝ հաշվի առնելով, որ եկամուտների բարձրացումը չառնչվեց թոշակառուներին ու նպաստառուներին եւ ոչ էլ պետական համակարգի բազմահազարանոց աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է իրեն ու իր շրջապատին «լավագույն» աշխատանքի համար պարգեւատրելուն, ապա վստահ եմ, որ իրենք գիտեն այն ծախսելու ձեւը: Այլապես, նույն տրամաբանությամբ շարժվելու դեպքում այդ բարձրացումը չէր կատարվելու: Փաստորեն ստացվում է, որ «հատիկ առ հատիկ» կոչված երեւույթը նախկինների ունեզրկման նոր եղանակ է՝ հանուն սեփական բարեկեցության բարձրացման: Նախկինները դա չարեցին իրենց նախկինների նկատմամբ ու այդ առումով գործող իշխանությունից սովորելու բան ունեն: Ենթադրում եմ, որ իշխանափոխությունից հետո սովորած դասը կկիրառեն այսօրվա գործողների նկատմամբ, ինչը պետական մտածողության տեսակետից սխալ է, սակայն մեր իշխանավորների վարքը պայմանավորված չէ դրանով: Այն, դժբախտաբար, դեռեւս պայմանավորված է ջունգլիների կանոններով:
Հետաքրքիր է, ինչպես են իրենց զգում նրանք, ովքեր հունիսի 7-ին ՔՊ-ին քվե տալով հույս ունեին, թե ստանալու են իրենց բաժինը՝ թալանվածը «հատիկ առ հատիկ» հետ բերելուց հետո: Կարծում եմ, որ նրանք պետք է բողոքեն կառավարություն 1 շենքի մուտքի դիմաց: Դա պետք է անեն գոռալով կամ էլ լացելով, որպեսզի իրենց վրա ուշադրություն դարձնող լինի: Չնայած գոռալը վտանգավոր է՝ ոստիկանությունն իրենց բերման կենթարկի՝ հասարակական կարգը խախտելու հիմնավորմամբ, ինչը կառաջացնի եթե ոչ խուլիգանության, ապա առնվազն վարչական հոդվածի առաջադրում եւ, ենթադրաբար, 50 հազար դրամի տուգանք: Իսկ տուգանքի գումարն էլ ոչ թե կվերադարձվի իրենց «հատիկ առ հատիկ»-ի գործողության շրջանակում, այլ կրկին կուղղվի վերեւների աշխատավարձերի հերթական բարձրացմանը: Այնպես որ, բողոքի կռվարար ձեւը, երբ գոռում են, չի համապատասխանելու իրենց շահերին: Մնում է լացելը, բայց խնդիրն այն է, որ ինչ-որ տարիքից հետո մանկան լացին այլեւս ուշադրություն դարձնող չկա: Շատ-շատ՝ փորձում են լռեցնել այն փափուկ կամ կոշտ ձայնով: Ո՜ւր մնաց, որ ուշադրություն դարձնեն մեծահասակների լացին…
Այսպիսով, նրանք, ովքեր հունիսի 7-ին ձայն են տվել ՔՊ-ին կամ ընդհանրապես ջանք չեն արել մի քանի հարյուր մետր քայլելու ու ընտրատեղամասում քվեարկելու, վայելում են իրենց կատարած կամ չկատարած գործողության հետեւանքները: Իհարկե, արանքում պատժվում ենք նաեւ մենք, ովքեր քվեարկել են ընդդիմության օգտին: Բայց դե՝ մեր կյանքը նման է օվկիանոսային ալիքներում ճոճվող անղեկավար անձնակազմով անղեկ նավի, ինչի արդյունքում տուժում են բոլորը՝ լինեն նրանք գիտակից ու հայրենասեր, թե այնպիսիք, ովքեր հանուն ստամոքսի պարունակության թքած ունեն հայրենիքի վրա: Դժբախտաբար: