Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը

Մեքենան, որով դուրս եկանք, վարում էր թոռնիկս։ Աչքիս նա րոպեներով աճեց, ժամերով մեծացավ։ Հայրը դիրքերում էր։ Շտապ հոր մեքենայի ղեկը ձեռքն առավ, բայց մեր մտքով չանցավ, որ քաղաքից դուրս կգանք։

Հարազատ մարդիկ, որոնց ուղեկցությամբ ու առաջարկ-խորհուրդներով նա մեքենայով հետևեց նրանց, և շուտով Մարտակերտը մնաց մեր հետևում։ Բայց դեպի ու՞ր, մենք էլ չգիտեինք։
Նախնական շրջանի գյուղերից մեկը նկատի ունեցանք, բայց շուտով փոխվեց ուղին դեպի Ստեփանակերտ։
Տանկը, որ կրակահերթ էր բացել, կողքով անցանք։ Հետո տեղեկացանք, որ կրակում էր տանկիստ զինվորը անտառ մտած թշնամիների ուղղությամբ։ Արդեն ժամ անց տեղեկացանք, որ շրջանի վերևի գյուղեր տանող անտառամիջյան ճանապարհը թշնամին վերցրել է իր հսկողության տակ։ Ուրեմն` հասցրինք դուրս գալ և բռնել Ստեփանակերտ տանող ճանապարհը։
Զանազան լուրերն աղավաղում են մեր մտքերը, որ մռայլ են, գուժաբեր` այսինչի որդին զոհվել է, այսքան վիրավոր ունենք, տղաները շրջափակման մեջ են, այսքան գյուղեր դատարկվել են… Ու խցանված ճանապարհներ, դատարկված գյուղերի բնակիչներ` կոտրված, ջարդված, ճղակոտոր, որ տունուտեղ թողած` չգիտեին` ուր գնալ։
Ճանապարհը երկարում է…
Անտառամիջյան ճանապարհին կանգնած զինվորականներ, որ երբեմն կասկածում ես` իսկ եթե մերոնք չե՞ն… Ու կարծես բախտներս բերում է, որ «հանգիստ» անցնում ենք նրանց կողքով ու հասկանում, որ մեր ճանապարհն են պաշտպանում։
Ու զոհերի, անհայտ կորածների, վիրավորների անուններ են ավելանում։ Եվ գյուղեր, որոնց վրա թշնամու դրոշն է ծածանվում։
Անջատված հեռախոսներ ձեռքներիս` կապի միջոցներից կտրված։
Մեկուսացած Արցախը կուլ էր գնում` աշխարհից կտրված, չար աշխարհի հայացքի ներքո։
Իվանյանի օդանավակայան։ Ռուս խաղաղապահների տեղակայման կետ։
Հազարավորներ` տարբեր գյուղերից, քաղաքներից։ Թե ինչու հենց այնտեղ կենտրոնացավ բռնատեղահանված ժողովուրդը, դեռ անհասկանալի էր։ Միայն տեսանելի էր, որ իրենց տարածքում տեղավորել են մի քանի հարյուրի, բայց հազարներով բաց երկնքի տակ են` անորոշ, անհեռանկար ճակատագրով։ Գոնե մխիթարող էր, որ այդտեղ չեն հրետակոծի, չնայած ներսում տեղ չկար։
«Կաշենի հանքավայրում թշնամին է»,-օր առաջ արձագանք էր տալիս գույժը։ Ու շարունակվում են մեկը մյուսին հաջորդող ցավալի լուրերը` «Մարտակերտ մտնող դիրքերի տղաներից լուր չունեն»,«Վիրավորներից մի քանիսը փրկվել են, մյուսներից տեղեկություն չկա»,«Տղաները դիրքերում են, չեն կարողանում իջնել»։
Մեքենաներ, որ խցանված կանգնած են ու անվերջանալի է դառնում Ստեփանակերտ հասնելը։ Ճանապարհի աջ ու ձախ կողմերին կանաչի մեջ նստոտած տեղահանվածներ, տարբեր բեռներ քարշ տվող մարդիկ, մեծից փոքր խումբ-խումբ կանգնած, փոքրիկ կրակի օջախներ, սովածությունից լացող երեխաներ, հուզված, արտասվախառն մեծեր…
Օդանավակայան, երբ փրկության միջոց է դարձել, որ գոնե ռուս խաղաղապահների տեղակայված այդ տարածքում չեն հրետակոծի։ Բայց արդյո՞ք ապահովագրված են ռուսները այդ տարածքից դուրս, երբ ռումբերը ազգություն չեն ճանաչում։ Ու լսում ենք, որ ռուսներ կան` ռումբերի բեկորներին զոհ դարձած։
Եվ այդ իրարանցման մեջ բռնատեղահանված արցախուհիներ տարբեր գյուղերից, ոմանք` հարազատական զգացողությամբ, որ ֆբ ընկերներ ենք։ Ու հանկարծ մեկի կողմից բարձրաձայն հնչեցրած խոսք, թե տիկի՛ն Պողոսյան, ամեն ինչ ճիշտ էիք գրում, ահա թե ինչ եկավ գլխներիս։
Ստեփանակերտում ենք։ Կոտրված ենք, ջարդուփշուր դարձած, նախօրդ օրվա անքնությունից ուռած և արցունքոտ աչքերով։
Ոչ մի հյուրանոցում չտեղավորեցին տարհանվածներիս` «ջուր չկա, չի աշխատում», «հադրութցիներն են ապրում այդ հյուրանոցում», «բազմազավակ տարհանված ընտանիքներին ենք տեղավորում», «կարող եք նկուղում ապրել»։
Բազմաթիվ պատճառներ և գիշերային անլույս Ստեփանակերտում մեր գլխավերևում տանիք ունենալու փնտրտուքի մեջ։ Ու մի նոր միտք է ծնվում` մեքենայում մնանք։ Դրան հակադարձում է «իմ բարեկամի բարեկամը իմ մտերիմն է»միտքը։ Եվ շուտով մենք հյուրընկալվում ենք իսկական արցախցու ընտանիքում` ջերմ միջավայր, տաք օջախի վրա եփվող ճաշ, եռացող թեյաման, տանը պատրաստված սուրճ։ Եվ զրույցներ, որով անցնում ենք ու պիտի անցնենք բոլորս` պիտի ինտեգրվել կամ հեռանալ Արցախից։ Ուրեմն` նախընտրում ենք երկրորդը։ Այդ հարցում միաձայն ենք բոլորս, բայց դիրքերից պիտի իջնեն մեր տղաները, ովքեր ընտանիքի հայր են, ամուսին, եղբայր, որդի։
Ու անլույս, աշխարհից կտրված` փնտրվում են տարբեր միջոցներ` գոնե հնար լինի իմանալ դրսում կատարվող իրադարձություններից` քիչ թե շատ ինչ-որ ձևով ներբեռնելով բջջային հեռախոսները։
Բանակցություններ, դրանց մասին 1-2 նախադասություն, գոնե ճանապարհ տան, հեռանանք… Ու կանգնում ենք ծանր ընտրության առջև` արդյո՞ք թույլ կտան Արցախից դուրս գալ, թե՞ պարտադրված ենք «ապրել» նրանց հետ, բայց որպես պատա՞նդ, գերի՞, թե՞ ազատազուրկ կալանավոր։ Ու իմ հարցումների շարքում մեզ տեսնում եմ մեկ այլ իրավիճակում` Ստեփանակերտում տարհանվածների համար տեղ չկար, Հայաստան հասնելը անհնարին է, իսկ Արցախից դուրս անօթևան գաղթականի կարգավիճակում ենք` հայացքներս դեպի հայրենի տուն։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել Sun, 20 Sep 2026 14:15:26…

8 րոպե ago

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը Sun, 20 Sep 2026 13:58:41 +0400 Ստամբուլում 61 տարեկանում մահացել…

25 րոպե ago

Վարչապետը ուզում է իր և իր նազիր-վեզիրների աշխատավարձները ավելացնել՝ ի հաշիվ մեռնողների թաղման նպաստների

Վարչապետը ուզում է իր և իր նազիր-վեզիրների աշխատավարձները ավելացնել՝ ի հաշիվ մեռնողների թաղման նպաստների Sun,…

38 րոպե ago

Կպայքարի աուտիզմի դեմ՝ պատվաստումների դեղաչափերը նվազեցնելով

Կպայքարի աուտիզմի դեմ՝ պատվաստումների դեղաչափերը նվազեցնելով Sun, 20 Sep 2026 13:30:23 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

53 րոպե ago

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը Sun, 20 Sep 2026 13:15:33 +0400 Տեղեկացնում ենք,…

1 ժամ ago

Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում

Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում Sun, 20 Sep 2026 13:00:28 +0400 Մոսկվայի բոլոր օդանավակայաններում…

1 ժամ ago