Թող իրենց ճիշտը ապացուցեն, ես էլ հելնեմ, իմ վեշերը վերցնեմ` գնամ․ Գաջեգործի տնօրեն
Mon, 21 Sep 2026 19:45:27 +0400
«Գաջեգործ» ՍՊԸ- ի հետ կապված երկու վարույթ է նախաձեռնվել` մեկը քաղաքացիական հիմունքներով, մյուսը` քրեական Հակակոռուպցիոն դատարանում: Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը ուսումնասիրել է ընկերության սեփականաշնորհման իրավական հիմքերը եւ պարզել է, որ գործընթացն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով։ 2026 թ. օգոստոսի 7-ին դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ օգոստոսի 27-ին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որով պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը և գույքը վերադարձնել պետությանը: Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու (գույքի վրա արգելանք դնելու) միջնորդությունը:
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թույլատրվել էր սեփականաշնորհել «Գաջեգործ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ ընկերությունը վերակազմավորելով «Գաջեգործ» բաց բաժնետիրական ընկերության։ Նույն որոշմամբ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանվել էր 110 միլիոն դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 88 միլիոն 160 հազար դրամ։ Բաժանորդագրության ենթակա են եղել 8816 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով: Արդյունքում, սակայն, փաստացի բաժանորդագրվել է 5791 բաժնետոմս, որոնց համար վճարվել է ընդհանուր 57 միլիոն 910 հազար՝ նախատեսված 88 միլիոն 160 հազար դրամի փոխարեն, իսկ ձևավորված ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմել է 62 միլիոն 930 հազար դրամ։ 1997 թ. օգոստոսի 7-ին, Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Գաջեգործ» ԲԲ ընկերության միջև կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, որով ձեռնարկության վաճառքի գինը սահմանվել է 88 միլիոն 160 հազար դրամ, սակայն վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մենք զրուցել ենք «Գաջեգործ» ընկերության խորհրդի նախագահ Արմեն Քալանթարյանի հետ։
-Ի՞նչ իրավական հիմքեր կան նման գործընթաց նախաձեռնելու համար։
– Անկեղծ ասած, մանրամասներին չեմ տիրապետում, բայց փաստաբանները զբաղվում են։ Հիմա կարծիք չեմ կարող արտահայտել, կարտահայտեմ դատարանի որոշումից հետո։
– Իրավական գործընթացը վաղո՞ւց է մեկնարկել։
-Ոչ, օգոստոսին քրեական գործը հարուցվել է, մենք էլի տեղյակ չենք եղել, մեզ ոչ մի ձեւ չեն ծանուցել դրա մասին, մենք տեղեկացել ենք այն ժամանակ, երբ դատարանը վարույթ է ընդունել գործը։ Մեկ էլ սոցցանցերից ենք հասկացել, որ մեր վրա կա ինչ որ նմանատիպ գործընթաց, բայց մենք ընդհանրապես կապ չունենք այդ ամենի հետ։ Ոչ քրեական գործի հետ կապ ունենք, ոչ էլ մնացածի։ Երբ գործի մանրամասների մասին խոսվի, կտեսնեք, որ մենք ժամանակին ամեն ինչ պատշաճ արել ենք։ 1997-ին իմ ծնողներն են սեփականաշնորհել, ու էդ ժամանակվա 57 մլն դրամը ահռելի գումար էր: Որ պատկերացնեք` այդ գումարով Էրեբունի համայնքում մոտ 300 բնակարան էր հնարավոր գնել։ Ես չգիտեմ իրենք ինչն են գործում հաշվի առել, ինչը՝ ոչ, բայց ամբողջը դատարանում փաստաբանները կներկայացնեն, մենք արխիվից բոլոր փաստերը հանել ենք ու կներկայացնենք։ Այդ ժամանակները Վազգեն Սարգսյանի ժամանակներն էր, մենք էլ ընտանիքով միշտ եղել ենք բանակի կողքին, հայրենիքի համար կռված մարդիկ ենք ու շատ լավ գիտենք հայրենիքի, պետականության արժեքը, եւ կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի ժամանակ չէր կարող լինել որեւէ մեկը, ով կարողանար նմանատիպ անհիմն հիմքերով պետական գույք ձեռք բերել։
– Ձեր ընկերության դեմ քրեական գործը համարում եք այն ընդհանրական շղթայի մա՞ս, որը հարուցվել է մյուս գործարարների դեմ։
– Բոլորի հետ մենք կապ չունենք, որովհետեւ իմ ընտանիքում պետական աշխատողներ չեն եղել երբեւէ։ Մենք երբեւէ չենք ձգտել քաղաքական կամ իշխանական որեւէ թիմի հետ մտնենք պաշտոնի, ես էլ իմ կյանքում միշտ կաշառակերներին չեմ սիրել։
– Մինչ քրեական գործը ձեզ հետ կապ հաստատե՞լ են դատախազությունից կամ այլ անձինք։
– Գործարանի տարածքի մասին խոսակցություն ընդհանրապես չի գնացել, որովհետեւ այդ տարածքը եւ իր հարակից տարածքները; Ավելին ասեմ՝ Աղի լիճը որ կա, այդ տարածքը մեր հանքավայրն է եղել, այդ ջուրը որ մեջը լցվեց, բնակիչների խնդրանքով մենք բարեկարգեցինք տարածքը, եւ վարձակալության ժամկետը որ լրացավ, ես 90-ականներին էլ չերկարացրեցի, այն վերադարձրեցի։ Քանի որ եթե մեջը հումք չկա, ես իրավունք ունեի այդ տարածքը սեփականաշնորհելու, բայց որպեսզի ժողովուրդը դրանից օգտվի, ես վերադարձրեցի։
– Տեղեկություն կա, որ այդ լճի շուրջ էլ են գործընթացներ սկսել, քաղաքապետարանը տեխնիկա է տարել, ուզում է մարդկանց մուտքը արգելի, ասում են բարեկարգում են, բայց վերջնական նպատակները դեռ հայտնի չեն։
-Ես էլ եմ սոցցանցերից տեղեկացել, բայց ես ինքս որպես տեղի բնակիչ միշտ ցանկացել եմ, որ այդ տարածքը բարեկարգվի։ Այդ տարածքը շատ ափսոս է, ուղղակի պիտի անպայման մասնագետները զբաղվեն, քանի որ եթե հանկարծ մի բան էն չանեն, հնարավոր է այդ լիճը կորցնենք։ Մենք ժամանակին կարող էինք տարածքն այլ կերպ սարքել, բայց միայն քարեր դրեցինք կողքերը, որ մարդկանց համար հեշտ լինի լիճ մտնել` չընկնեն, եթե մենք այնտեղ հանկարծ թեկուզ մի ղամիշի կպնեինք առանց համապատասխան մասնագետի, կարող ա վնասեինք։ Այդտեղ փսորիազով, անգամ Երևանյան հիվանդությունով մարդիկ են բուժվել։ Դրա համար պետք է աշխատանքներում պարտադիր մասնագետ ներգրավեն։ Ես ժամանակին այդ լճի ջուրը ուղարկել եմ փորձաքննության, ու պատասխանը եկել է, որ համարյա Մեռյալ ծովի ջրի բաղադրությունն ունի, ու հիմա եթե մի փոքր մի բան էն չանեն, հնարավոր է այդ ջուրը քամվի գնա, ու կորցնենք էդ հրաշքը։
-Գործարանը հիմա շահագործվո՞ւմ է, քանի որ որպես հայցի ապահովման միջոց գույքի վրա արգելանք է դրվել։
– Կան որոշակի սահմանափակումներ, բայց գործարանի բնական աշխատանքն իր հունով իրականացվում է։
-Մտավախություն չունե՞ք, որ ձեզանից կխլեն գործարանը։
– Ամեն դեպքում՝ ես ոչ մի բանի մտավախություն էլ չունեմ, որովհետեւ եթե պետությունն ու դատարանները ճիշտ են, դա իմ ձեռքից խլել չէ, այսինքն, եթե մենք սխալ գոծարք ենք արել, ես պատրաստ եմ հրաժարվել գործարանից, ես այդ մարդը չեմ, որ կառչեմ ինչ որ բանից եւ իմ պետությանը, պետականությանը դեմ գնամ, եթե իրենք ճիշտ են, թող իրենց ճիշտը ապացուցեն, ես էլ հելնեմ իմ վեշերը վերցնեմ գնամ։ Եթե ես եմ ճիշտ, թող իրենք ներողություն խնդրեն, անցնեն իրենց գործերին, մենք էլ՝ մեր բնականոն աշխատանքին։ Իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ, 280 էջ արխիվից թուղթ ենք հանել, որ վերաբերում են սեփականաշնորհմանը, որոնք լրիվ պատշաճ կատարվել են։
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հիմա որոշեցին 1997թ-ի գործարքով հետաքրքրվել։
– Սա անհատի ինչ որ էմոցիաներ են իմ կարծիքով, քանի որ առաջինը մեր գործը գնացել է Էրեբունու դատախազի մոտ, ես չգիտեմ ինչի համար է ինքը նման որոշումներ կայացրել: Խոսքը բողոքը գրող Էրբունու դատախազի մասին է՝ ինչ որ Դավիթ։