«Հրապարակ». Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է` ամեն ինչ պղծում է ու ոչնչացնում

«Հրապարակ». Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է` ամեն ինչ պղծում է ու ոչնչացնում

Wed, 23 Sep 2026 11:15:26 +0400


Ադրբեջանում շարունակում են լրագրողների համար կազմակերպել երբեւէ գոյություն չունեցած կովկասյան աղվանական մշակույթի մասին սեմինարներ, որտեղ փորձում են յուրացնել Արցախի ու Հայաստանի հոգեւոր, պատմամշակութային ժառանգությունը: Զրուցել ենք Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ:

«Հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը Ադրբեջանը մշտապես իրականացրել է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: «Դեռեւս 1918 թվականին, երբ ստեղծվեց այդ արհեստածին կազմավորումը, ստեղծվելուց անմիջապես հետո, այդ հենքի վրա` յուրացնելով, ոչնչացնելով տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը: Եվ այդ յուրացման քաղաքականության մեջ իր առանցքային դերակատարումն ու տեղն ունի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների աղվանականացման քաղաքականությունը, որն ավելի համակարգային բնույթ սկսեց ստանալ հատկապես 1950-1960-ական թվականներից, սակայն այն ժամանակ ընդգրկում էր միայն Արցախ, Ուտիք եւ որոշակի առումով` Նախիջեւանի պատմաճարտարապետական հուշարձանները, իսկ արդեն վերջին ժամանակաշրջանում դրա աշխարհագրությունը գնալով ավելի ընդարձակվեց, իսկ 2000-ականներից սկսած՝ մենք տեսնում ենք, որ դրա աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվում է՝ ներառելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը, Արեւմտյան Հայաստանում Աղթամարի եկեղեցիներից մեկը, Վրաստանի տարածքում հայկական բազմաթիվ եկեղեցիներ: Եվ, իհարկե, այս քաղաքականության մեջ առանցքային դեր ունեցող հուշարձանների՝ Գանձասար, Դադիվանք, Ամարաս, աղվանականացման քաղաքականությունը սկսվել էր դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում, ու առաջիններից մեկը հենց այս եկեղեցիների վրա տարածվեց այդ քաղաքականությունը»,- ասաց Ավանեսովը:

Նմանատիպ հայտարարու­թյուններ պարբերաբար արվել են, Ադրբեջանն այս թեմայով գիտաժողովներ, քննարկումներ, ցուցահանդեսներ կազմակերպել է, եւ կախված այն բանից, թե ինչ հրահանգներ են ստացել իրենց երկրի գլխավոր պատմակեղծարար Իլհամ Ալիեւից, այդ քաղաքականության տարածումը կա՛մ պասիվացել է, կա՛մ արագացել, բայց երբեք չի դադարել։ Դա հակահայկական քաղաքականության կարեւոր բաղադրիչն է եւ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն: «Վերջին շրջանում Բաքվում հավատարմագրված դեսպանների Ստեփանակերտ, Գանձասար, Դադիվանք եւ այլ վայրեր ապօրինի այց կազմակերպելով, հայկական ժառանգության աղվանականացման թեզը դարձյալ սկսեց ակտիվանալ, եւ բոլոր վարկածները, ինչ ներկայացնում են Ադրբեջանի պատմակեղծարարներն ու դրանց ներկայացուցիչ՝ կարկառուն կեղծարար Ռիզվան Հուսեյնովը, որեւէ առնչություն չունեն իրականության հետ: Նրանք ոչ միայն պատմական փաստերն են աղավաղում՝ այդ հուշարձանների հետ կապված, այլ նաեւ այդ հուշարձանների, եկեղեցիների անվանումները, ինչպես Ծիծեռնավանքի, Ամարասի, Դադիվանքի, Գանձասարի պարագայում: Սրանք շատ տարածված երեւույթներ են»,- ասաց Ավանեսովը:

«Պետք է կարեւոր շեշտադրում անենք, որ նման պարագաներում ոչ թե պետք է անընդհատ պատասխանողի դերում հանդես գանք, ինչին ձգտում է Արդբեջանի քարոզչամեքենան: Այս ակտիվությունը նաեւ դրան է միտված, որ մենք սկսենք հակադարձել, այնինչ մենք պետք է գրենք ու տարածենք այդ եկեղեցիների պատմությունը, ու դրան պետք է մասնակից լինեն համապատասխան կառույցները, որոնք զբաղվում են այս ոլորտով: Մեր անելիքը դա պետք է լինի՝ այդ հուշարձանների իրական պատմությունը ներկայացնելն ու այդ տեղեկատվությունը տարածելը, քան անընդհատ ադրբեջանական կեղծ հակագիտական թեզերին արձագանքելը, որոնց տակ ոչ մի պատմագիտական, փաստագրական հենք չկա, իրենք ամեն ինչ խեղաթյուրում են: Այդ եկեղեցիների արձանագրությունները, որ ադրբեջանցին ներկայացնում է, թե իբր կեղծված են, եւս իրականությանը չի համապատասխանում: Մի ազգ, որը հազարամյակների պատմություն ունի, քաղաքակրթություն է ստեղծել, համամարդկային արժեք է ստեղծել, ինքը երբեւէ կարիք չի ունենում խեղաթյուրել որեւէ բան եւ ներկայացնում է իր պատմությունն այնպես, ինչպես որ կա»,- նկատեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը:

Խեղաթյուրելը, արձանագրությունները ոչնչացնելը, դրանք թաքցնելու համար ցեմենտապատելով, այլ տեղ տեղափոխելով՝ դա Ադրբեջանին յուրահատուկ բան է: «Եվ մի շատ կարեւոր հանգամանք. անգամ որպես աղվանական ներկայացված հուշարձանների ոչնչացման քաղաքականությունից զերծ չեն մնում: Ջուղայի խաչքարերը հողին հավասարեցվեցին, Արցախի տարածքում բազմաթիվ օրինակներ ունենք՝ Տանձատափի 19-րդ դարի եկեղեցին են քանդել, Հադրութի շրջանում իբրեւ թե աղվանական ներկայացվող եկեղեցին են քանդել, Կատարոյի վանքը, որ Արցախի ամենաբարձր վայրում գտնվող վանքերից մեկն էր համարվում՝ ներսի պատերը սարսափելի գրություններով են պատված, նույնը այլ եկեղեցիներում են պղծել, եւ այսպիսի փաստերը շատ են»: Սա ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը, չնայած փորձում են միջազգային հանրության աչքերին թոզ փչել, թե` տեսեք, մենք պահպանում ենք մշակութային ժառանգությունը:

«Իրականում, Ադրբեջանն Արցախում 21-րդ դարի խոշորագույն ցեղասպանությունն է իրականացրել, եւ դրա վառ ապացույցը ոչնչացված բազմաթիվ եկեղեցիներն են, ամբողջական բնակավայրերը` ոչնչացված: Պետք է խոսենք ու ցույց տանք, որ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին է եւ իրականում ոչ մի մշակութային արժեք չի պահպանում՝ պղծում է, ոչնչացնում: Իսկ ինչը ցույց է տալիս, թե պահպանել է, ոչնչացման վտանգի տակ են՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը միշտ էլ ոչնչացրել կամ յուրացրել է մշակութային արժեքները: Իսկ այսպես փորձում են ուշադրություն շեղող քաղաքականություն վարել»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ութ տարի կոշիկ եք խլում, բայց հանրությունը բոբիկ է․․․

Ութ տարի կոշիկ եք խլում, բայց հանրությունը բոբիկ է․․․ Wed, 23 Sep 2026 16:45:00 +0400…

17 րոպե ago

Թեհրանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու TRIPP-ի շուրջ իրավիճակը

Թեհրանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու TRIPP-ի շուրջ իրավիճակը Wed, 23 Sep 2026 16:30:09 +0400…

32 րոպե ago

6000-ամյա «հողուջուրը» «Իրական Հայաստանի» թակարդում

6000-ամյա «հողուջուրը» «Իրական Հայաստանի» թակարդում Wed, 23 Sep 2026 16:15:34 +0400 Վիսբադենում օրերս կայացած հանդիսավոր…

47 րոպե ago

Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են

Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են Wed, 23 Sep 2026 16:00:55 +0400 Անկարայում ձերբակալել են…

1 ժամ ago

SMS ստացա՞ն. Ինչու՞ փոխնախարարը ՔՊ-ականների հետ բոյկոտեց արցախցիների հարցերով նիստը

SMS ստացա՞ն. Ինչու՞ փոխնախարարը ՔՊ-ականների հետ բոյկոտեց արցախցիների հարցերով նիստը Wed, 23 Sep 2026 15:41:49…

1 ժամ ago

Ում հրահանգով ՔՊ-ականները լքեցին դահլիճը

Ում հրահանգով ՔՊ-ականները լքեցին դահլիճը Wed, 23 Sep 2026 15:38:40 +0400 Այսօր «Հայաստան» խմբակցության անդամ…

1 ժամ ago