Կինոնկար, որտեղ միահյուսվում են պատմությունը, առասպելն ու մարդու ճակատագիրը
Thu, 24 Sep 2026 22:00:25 +0400
Ես որոշակի թուլություն ունեմ կինոյի եւ հատկապես՝ պատմական կինոյի հանդեպ։ Իհարկե, դետեկտիվ ժանրն էլ է ինձ համար նախընտրելի, սակայն պատմական կինոն այլ իրականություն է։ Իրականություն, որը մշտապես գտնվում է երկու տարածական հարթությունում՝ վավերագրական իրականություն եւ գեղարվեստական հորինվածք։ Ու որքան հայտնի են եւ ուսումնասիրված տվյալ դարաշրջանն ու պատմական պերսոնաժները, այնքան ավելի հետաքրքիր է ամեն բան, որը ներկայացվում է էկրանին, եթե, իհարկե, որակյալ կինո է: Սակայն ռեժիսորի համար նույնքան բարդ է նաեւ որակյալ պրոդուկտ ստանալը, որովհետեւ բարդ է փաստագրության եւ դրամատուրգիայի միջեւ գտնել բալանսը։
Այս տարվա սեպտեմբերի 10-ին ռուսական կինովարձույթ դուրս եկավ ռեժիսոր Ալեքսեյ Պիմանովի «Կայսեր որսը» կինոնկարը։ Ֆիլմում ռուսական պատմության ամենադրամատիկ ժամանակներից մեկն է՝ 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմը, երբ Նապոլեոնը մտնում է Մոսկվա։ Սակայն ֆիլմի հեղինակները գիտակցաբար խուսափում են իրադարձությունների պատմավավերագրական վերականգնումից եւ գնում են այլ ճանապարհով՝ ներկայացնելով տեղի ունեցածի գեղարվեստական մեկնաբանությունը։ Կինոնկարի տեւողությունը 113 րոպե է։ Այն պարունակում է մի քանի ժանրային տարր՝ պատմական դրամա, արկածային կինո, դետեկտիվ եւ ռոմանտիկ պատմությունների գծեր։
Առանցքում ֆրանսիացի գեներալ Միշել Քլեմանն է։ Նա ռուսական բոյարական գերդաստանի շառավիղ է, եւ երիտասարդ ռուս ազնվականուհի Մարիան, որը ձգտում է վրեժ լուծել Նապոլեոնից՝ եղբոր մահվան համար։ Բնականաբար, ներկա է նաեւ ֆրանսիական կայսր Նապոլեոնը, որը հայտնվել է ֆրանսիացիների կողմից գրավված Մոսկվայում։ Չուդովի վանքի վանականները հարձակում են նախապատրաստում Նապոլեոնի դեմ՝ ականապատելով Արսենալը։ Մարիան անհաջող մահափորձ է կատարում կայսեր նկատմամբ, եւ դա էլ դառնում է այն բարդ իրադարձությունների շղթայի մեկնակետը, որում միախառնվում են անձնական ապրումները, զինվորական պարտքն ու քաղաքական հանգամանքները։ Սա կինոնկար է, որը կհետաքրքրի բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն պատմության հանդեպ, սակայն սիրում են նաեւ դրա գեղարվեստական ու յուրատեսակ մեկնաբանությունները՝ ընդհուպ այլընտրանքային մեկնաբանություններ։