Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ
Sat, 26 Sep 2026 21:15:12 +0400
Առաջ էլ մեր շուրջը մեծ թվով անգրագետ, կարդացածը չհասկացող, տարրական բաներից գլուխ չհանող, նախանձ ու չար մարդիկ կային: Առաջ էլ արցախցիներին ատողներ կային, մանավանդ երբ երկիրը կառավարում էին Ղարաբաղից Հայաստան եկած նախագահները և ղարաբաղցիների մեջ կային մարդիկ, որոնք իրենց արտոնյալ էին զգում երկրում (ինչու հերքել ակնհայտ իրողությունները):
Առաջ էլ էին սպանություններ լինում երկրում, թմրանյութեր օգտագործում…Առաջ էլ կար իշխանություններին քծնողների ու պնակալեզների խավ, առաջ էլ էին պաշտոն ձեռք գցելու և պետբյուջեի հաշվին պարազիտ կյանքով ապրելու համար ոմանք իրենց սկզբունքներից ու ընկերներից հրաժարվում:
Բայց 2018-ին լրիվ այլ լոզունգներով, իբրև թե «սիրո ու համերաշխության» հեղափոխությամբ, լավ երկիր կառուցելու, հասարակությանը բարձրացնելու, ոչ թե իջեցնելու խոստումներով իշխանության եկած այս երիտասարդներն` իրենց առաջնորդի գլխավորությամբ իսպառ ապականեցին ու այլասերեցին մեզ:
Ջնջեցին մարդկային որակները, խրախուսեցին տականքությունը, ճիվաղներին, հայհոյախոսներին բերեցին առաջին պլան, իրենց ապրած կյանքը, իրենց ընկերներին, իրենց հայրենի հողը, անգամ իր զավակի գերեզմանն ուրացած մարդկանց դարձրին հացի ու կարգավիճակի տեր:
Ոչ թե համարձակությունը, սկզբունքայունթյունն ու հայրենասիրությունը խրախուսեցին, այլ դավաճանությունը, ստորաքարշությունը, փողի մոլուցքը:
Ստիպեցին ոմանց ճամբարափոխ լինել և ճամբարափոխներին ի ցույց դրեցին` որպես ուսանելի օրինակ, որպես լավ ապրելու ուղին գտած «հերոսներ»:
Նաև պառակտեցին, հազար մասի բաժանեցին հայությանը` չթողնելով գեթ մեկ գաղափար, մի նպատակ, որի շուրջ կարող էր հասարակությունը համախմբվել:
– Արցախն այլևս թանկ չէ, արժեք չէ, հազարամյա հողը թշնամուն հանձնելը ոչ միայն դատապարտելի չէ, այլ «փրկություն» է` ազատվեցինք «թոկից» ու «ինքնիշխան» դարձանք, Արցախը կորցրինք` «Հայաստանը գտանք»:
-Հայոց ցեղասպանությունը անցյալի էջ է, խանգարում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, պետք է փակել: Մանավանդ, դեռ պետք է պարզենք` եղել է-չի եղել, մեզ են կոտորել, թե մենք ենք կոտորել, քանի հոգի է մահացել` անուն առ անուն և ամենակարևորը` դեռ պետք է պարզել, թե ով է այդ թեման- տերմինը շրջանառության մեջ դրել, ինչ շահ է ունեցել դրանում:
-Հավատքն ու հայի եկեղեցին էլ կասկածի տակ դրեցին և այդ նողկալի արշավը ստիպված պաշտպանող իշխանավորներին դարձրին հակաքրիստոնյա, անաստված, հերձվածող: Այս եղանակով էլ հանրությանը պառակտեցին:
Ի՞նչ մնաց տակը` կա՞ մի գաղափար, որը կարող է միավորել հայերին` Հայաստանում և Հայաստանից դուրս: Չկա: Անգամ Հայաստանի Հանրապետությունն այնպես են «սեփականաշնորհել», որ դա էլ չի միավորում այլևս հայ մարդկանց…
Պետությունը ես եմ, ոնց ասենք` նենց կքշեք, ինչ ուզեմ` էն կխոսեք, ում թույլ տամ` նա կգա Հայաստան, Արցախի ու Արարատի, Արևմտյան Հայաստանի, Արցախի մասին ով խոսի` պատերազմ է հրահրում, ով Ռուսաստանի հետ բարեկամության կողմնակից է`ԿԳԲ-ի գործակալ է, ով Ադրբեջանի ու Թուրքիայի մասին վատ է արտահայտվում` Հայաստանի ապագան է վտանգում, ով իշխանափոխություն է ուզում` Ռուսաստանի շպիոն է…լավ ենք անում` պետական պարտքն ենք ավելացնում, լավ ենք անում` մեզ միլիոնանոց աշխատավարձեր ենք սահմանում…առհասարակ` ինչ անում ենք` լավ ենք անում…
Բեսպրեդելի, ապօրինության, լկտիության, հակահայկականության ժամանակներ են: Ելքը խելացի, հայրենիք սիրող, սկզբունքային հայերի համախմբումն է, որոնք իրենց ձեռքը պետք է վերցնեն նախաձեռնությունը: Պնակալեզների, ճամբարափոխների, բյուջեն լափողների, անհայրենիքների դեմ պայքարի մեծ ճակատ ձևավորեն…չվախենան դրանց վայրահաչոցներից…
Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ: Ուղղակի իրենք միասնական են և պետական լծակներ են տնօրինում: Բայց ազնիվ գաղափարն ու անշահախնդիր հայրենասիրությունը շատ մեծ ուժ է…մնում է դա գիտակցենք…