«Հրապարակ»․ Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը
Fri, 27 Nov 2026 09:15:03 +0400
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, կրկին ու կրկին անդրադարձավ աղմուկ բարձրացրած հարցին, թե ինչու են Արցախից տեղահանված անձանց կենսաչափական անձնագրերի «Ծննդյան վայրը» դաշտում նշում «Ադրբեջանի Հանրապետություն», երբ ծննդյան վկայականում որպես ծննդավայր կարող է նշված լինել նաեւ քաղաքը՝ Ստեփանակերտ, Շուշի կամ Մարտունի։ Բացատրությունն այն է, թե փաստաթուղթը պետք է ճանաչելի լինի փաստաթուղթը ստուգող այլ պետությունների համար, եւ բնակավայրի անվանումը նշելու հարցում առաջնորդվել են ISO ստանդարտով։ Արցախցիների բնակավայրերի տեղանունները ճանաչելի չեն այլ երկրներում։ Նախարարի խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտը թույլ է տալիս այդ դաշտում նշել երկիրը, քաղաքը կամ այլ բնակավայր, բայց Ադրբեջան տարբերակն ընտրելիս հաշվի են առել, թե այդ անվանումը ճանաչելի, ընդունելի՞ է այլ պետությունների համար, այդ թվում՝ վիզային քաղաքականության շրջանակում։ Զրուցել ենք Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
– Արցախցիների անձնագրում «Ծննդյան վայրը» դաշտում «Ադրբեջանի Հանրապետություն» նշելու պատճառաբանությունը հիմնավորվա՞ծ է, ըստ Ձեզ։
– Ոչ, գոնե մի քանի տարբերակ կար։ Տարբերակ առաջին՝ կարող էին չնշել՝ Ադրբեջան, այլ նշեին՝ այլ պետություն։ Մինչեւ 1991 թվականը ծնվածների մասով գրեին՝ ԽՍՀՄ, իսկ 1991-ից հետո ծնվածների անձնագրերում գրեին այն, ինչ գրված է ծննդականում։ Այսինքն, հիմք ընդունեին ծննդականը, եւ սա կլիներ լավագույն լուծումը, քանի որ միջազգային ստանդարտներով, դատական ատյանների վճիռների նախադեպերով եւ այլն, հիմքը պետք է լինի ծննդականը։ Կարող էին երկու պետություն չնշել, նշեին միայն բնակավայր։ Սա ամենատարածված տարբերակն է կոնֆլիկտային տարածքների ու չճանաչված պետությունների մասով, եւ սա նաեւ միջազգային ընդունված ստանդարտ է։
– Բնակավայրի անվանումը որպես ծննդավայր նշելու դեպքում այն պե՞տք է ճանաչելի լինի։
– Քաղաքը ճանաչված չի լինում ու չի կարող լինել, տեղում գործող իշխանությունների, վարչական մարմինների կողմից տրված փաստաթղթերում նշված անվանումը միակ հիմքն է, ուրիշ անվանում չի կարող լինել։ Եվ կա, օրինակ, արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հրաման, որ Ադրբեջանին պարտավորեցնում է հարգել, ճանաչել, ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տեղում տրված փաստաթղթերը, այսինքն՝ ծննդյան, ամուսնության եւ մահվան վկայականները։ Սա առարկության առարկա չէ, քաղաքական կարգավիճակ, քաղաքական դիրքորոշումները չեն կարող ազդել մարդու իրավունքների վրա, դրա համար այս փաստաթղթերը ոչ մեկը չի կարող վիճարկել, այդ թվում՝ փաստաթղթերում գրված տեղանունները։
– Նախարարը նշում էր, որ բնակավայրի անվանումը նշելու հարցում առաջնորդվել են ISO ստանդարտով։ Ինչո՞ւ է այս ստանդարտը սահմանափակում քաղաքացիների իրավունքները։
– Թող ցույց տան որեւէ ISO ստանդարտում, որ որեւէ ճանաչված երկրի բնակավայր կա։ Բնակավայրերը ISO ստանդարտում չեն լինում, այստեղ պետությունների անուններն են, իրենց հղում արած ISO 3166-ում միայն պետությունների անվանումներն են, այդ թվում՝ նաեւ նախկին պետությունների, օրինակ՝ ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Հարավսլավիա։ Այսինքն՝ իրենք հանգիստ կարող էին ԽՍՀՄ գրել, բայց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտով էլ հստակ ասում է, որ կոնֆլիկտային տարածքների, չճանաչված պետությունների քաղաքական զգայունությունները պետք է հաշվի առնել։ Երկրորդը․ ասում է, որ կարող են միայն բնակավայրը նշել, ու սպառիչ ցանկ չկա բնակավայրերի։ Եվ երրորդը․ ասում է, որ սահմանն անցնելիս մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի տվյալ դաշտը՝ ծննդավայրը, այսինքն, մեքենաընթերցիչ դաշտերի ցանկում ծննդավայր դաշտն ընդհանրապես առկա չէ, հետեւաբար՝ որեւէ խնդիր չի կարող լինել սահմանն անցնելիս։ Ծննդավայր չնշելն այդքան էլ ընդունված չէ միջազգային պրակտիկայում, ի տարբերություն միայն բնակավայր նշելուն՝ պետություն չնշելուն։ Նաեւ կան նմանատիպ դեպքեր, երբ տարբեր պետություններ ընդհանրապես ծննդավայր չեն նշում կամ քաղաքացու դիմումով չեն նշում, այդ թվում՝ Կանադան, Շվեյցարիան, Հարավային Կորեան։ Ես առաջարկում եմ, որ հիմք ընդունեն ծննդավայրը, որը գրված է ծննդականում, պետք չէ սարուձոր ընկնել։
– Մինչեւ 2023-ի բռնի տեղահանումը, արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր ի՞նչ էր գրված։
– Անկեղծ ասած, իմ հին անձնագիրը չեմ ստուգել, բայց պետք է լինի Ստեփանակերտ, Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ, այլ տարբերակ ես չգիտեմ։ Բայց նաեւ լսել եմ դեպքեր, որ ասում են նախկինում՝ 1990-ականներին, 2000-ականներին, որոշ դեպքերում «Ադրբեջան» նշվել է, բայց դա մասսայական չի եղել, ռուսերենով ու ադրբեջաներենով գրված է եղել՝ ԼՂ Ադրբեջան, բայց սա ճիշտ տարբերակ չէ։ Սա այն ժամանակ այդքան ուշադրություն չի գրավել հավանաբար այն պատճառով, որ մարդկանց համար այսքան զգայուն թեմա չի եղել, ու խոսքը վերաբերել է բացառապես ԽՍՀՄ ժամանակ ծնվածներին։ Ես բացառում եմ, որ 1991-ից հետո ծնված որեւէ մեկի ծննդականում կամ անձնագրում «Ադրբեջան» գրված լինի։
– Նման որոշում կայացնելուց առաջ հանրային լսումներ պե՞տք էր կազմակերպել, արցախցիներին ներկայացնել խնդիրն ու իրենց կողմից առաջարկվող լուծումները։
– Լավագույն պարագան այն է, որ ցանկացած ծրագիր ընդունելիս շահառուների կարծիքը պետք է լսել եւ հաշվի առնել, առավել եւս՝ զգայուն հարցերում։ Այս պարագայում էլ, բազմաթիվ այլ հարցերում էլ արցախցիների կարծիքը ոչ միայն հաշվի չեն առնում, այլեւ հակառակը՝ մի հատ էլ իրենք են մուննաթ գալիս մեզ վրա, նույնը բնակարանային ծրագրի մասով է եղել՝ ծրագիրն ընդունեցին առանց ոչ միայն մեր կարծիքը հաշվի առնելու, նույնիսկ e-draft հարթակում չհրապարակեցին՝ օրենքը խախտելով։ Հետո, երբ բարձրաձայնում ենք խնդիրների մասին, իրենք են մուննաթ գալիս ու մատ թափ տալիս մեզ վրա։
– Դուք հայտարարել էիք, որ այս հարցով դիմելու եք դատարան։ Հայց ներկայացրե՞լ եք։
– Չէ, դեռ իրենց եմ դիմել՝ գրավոր դիմումով, որպեսզի պարզաբանեն, միգուցե վարչական կարգով ստացվում է հարցին լուծում տալ, այդ դեպքում դատարան դիմելու կարիք չի լինի, եթե մերժեն, բնականաբար, դատարան դիմելու եմ։