ԵԽԽՎ-ն արձանագրել է ԿԸՀ կեղծիքը եւ իշխանություններին հորդորել է փոխել ԸՕ-ն
Mon, 28 Sep 2026 20:15:41 +0400
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ–ն, որը դիտարկել էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Հիշեցնենք, որ այդ մանիպուլյացիայի միջոցով խորհրդարանից դուրս թողեցին Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունըեւ որ ամենակարեւորն է՝ դրա արդյունքում իշխող ՔՊ–ն վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ`կազմելով խորհրդարանը 3/5-ը:
Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿՀԸ-ի այս որոշումն ազդել է ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Հետևաբար, ՀՀ իշխանություններին հորդորել են փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հստակ կարգավորվի կրկնակի քվեարկության անցկացումը: Իրականում ԸՕ-ն շատ հստակ սահմանում է դա, պարզապես իշխող ուժն իր ոճին հավատարիմ ոտքերը սրբեց օրենքի ու օրինականության վրա՝ ուզուրպացնելով իշխանությունը։
Եվրոպացի դիտորդներն այլ խնդիրների եւս անդրադարձել են․ «Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Սա, ինչպես նաև հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար գործադրվող ճնշումների և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ առաջացրեց քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ», – գրում են զեկույցի հեղինակները:
Զեկույցում ծավալուն անդրադարձ կա նաեւ Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների…Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի»։
ԵԽԽՎ-ն ընտրությունների արդյունքներից եզրակացրել է, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպամետ ուղին։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ լրատվամիջոցներին, համացանցին, իսկ վերջում ԵԽԽՎ-ն կոչ է անում վերացնել ի հայտ եկած թերությունները, որոնցով հանդերձ զեկույցի հեղինակներն ընդգծում են՝ Հայաստանի իշխանություններին հաջողվել է ապահովել բուն քվեարկության ընդհանուր առմամբ կազմակերպված անցկացումը: Ի դեպ, նման եզրակացություններ հրապարակվում էին նաեւ անցյալում, ինչպես Փաշինյանն է նշում` նախկին ընտրակեղծարար իշխանությունների ժամանակ: Դիտորդները մի քանի թերություն էին նշում, բայց վերջում արձանագրում էին, որ սա «մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին»: