Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում
Tue, 29 Sep 2026 11:41:30 +0400
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարվածությանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակն արդեն արձագանք է ստանում նաև միջազգային տարբեր կառույցների կողմից։
Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունների վարած քաղաքականությունը Եկեղեցու նկատմամբ հասել է այնպիսի մակարդակի, որ դրա վերաբերյալ միջազգային կազմակերպություններից և կառույցներից հնչում են հրապարակային արձագանքներ ու գնահատականներ։
Նրա խոսքով՝ իշխանությունների արտաքին քաղաքական քայլերի և տարբեր աշխարհաքաղաքական գործընթացներում նրանց ներգրավվածության պայմաններում հայկական շահերը կարող են ստորադասվել այլ երկրների առաջնահերթություններին։ Աբրահամյանը պնդում է, որ նման քաղաքականության հետևանքով իշխանությունների նկատմամբ միջազգային վերաբերմունքը ևս կարող է բացասաբար փոխվել։
Նախկին պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ իշխանությունները գիտակցում են ստեղծված իրավիճակի հնարավոր հետևանքները, սակայն առաջնահերթություն են համարում իշխանության պահպանումը։ Նրա գնահատմամբ՝ այդ նպատակին ուղղված քաղաքականությունը կարող է Հայաստանի համար առաջ բերել նոր սպառնալիքներ և լուրջ վտանգներ։
«Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գարշելիության և անբարոյականության այնպիսի մակարդակի է հասել, որ արդեն միջազգային տարբեր կառույցներից և կազմակերպություններից են համապատասխան արձանագրումներ և հրապարակային ուղերձներ հղում։
Որքան էլ այս իշխանությանն օգտագործեն երրորդ երկրների դեմ տարբեր օպերացիաներում, հայկական շահերը սակարկման հանեն այլոց աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար, մեկ է՝ նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում»,- նշել է նա։