Հայն ու հայկականը․ հայանուն աստերոիդներ (աստղակերպեր)
Wed, 30 Sep 2026 22:15:41 +0400
Համացանցում վերջերս պատահաբար աչքովս մի նյութ ընկավ, կարծես թե «Հայկական տիեզերք» խորագրով, որտեղ հիշատակվում են 9 տիեզերական օբյեկտներ, որոնք անվանակոչվել են նշանավոր հայերի անուններով եւ հայկական տեղանուններով։ Քանի որ նյութը խիստ թերի էր, որոշեցի անպայման անդրադառնալ, որովհետեւ տիեզերքում հայտնի են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տիեզերական հայանուն օբյեկտներ։ Հայ գիտնականների անունով եւ հայկական տեղանուններով հայտնի են բազմաթիվ մոլորակային խառնարաններ, աստղեր, աստղակույտեր, համաստեղություններ եւ այլ տիեզերական օբյեկտներ, այդ թվում 5 գալակտիկաներ, որոնք կոչվել են հայ աստղագետների անուններով։
Հաշվի առնելով նյութի վիթխարի ծավալը, որոշեցինք սույն հրապարակման մեջ անդրադառնալ միայն հայանուն աստերոիդներին։ Մյուս թեմաներին կանդրադառնանք այլ առիթով։
Հայանուն աստերոիդները կոչվել են մի շարք նշանավոր հայերի անուններով եւ հայկական տեղանուններով։ Ներկայացնենք նրանցից առավել հայտնիները՝
Անի՝ կարգաթիվը՝ 3787։ Աստերոիդը կոչվել է պատմական Հայաստանի մայրաքաղաք Անիի անունով։ Աստերոիդը հայտնաբերել է Գր.
Նեույմինը [Նեյս(յ)մինը] 29.06.1914-ին՝ Ղրիմի աստղադիտարանում:
Արարատ՝ կարգաթիվը՝ 96205։ Աստերոիդը կոչվել է բիբլիական սարի անունով։ Աստերոիդը հայտնաբերել են Ֆրեյմուտ Բյորնգենը եւ
Դ. Լուտց Շմադելը 24.09.1992-ին՝ Գերմանիայի Տաուտենբուրգի աստղադիտարանում:
Արմենիա, կարգաթիվը` 780։ Աստերոիդը կոչվել է Հայաստանի միջազգայնացված անունով։ Աստղակերպը 1914 թ. հունվարի 25-ին
Ղրիմի աստղադիտարանում հայտնաբերել է աստղագետ Գր. Նեյս(յ)մինը [Նեույմին]:
Աստերոիդների ցանկում հիշատակվում են նաեւ Արա՝ կարգահամարը` 849 եւ Արմելլին (անգլ.՝ Armellini, իտալ.`Հայկական ուղի)՝ կարգահամարը` 6855 աստերոիդները։ Սակայն Արան հայկականության հետ ոչ մի կապ չունի: Այն Արա է կոչվել է Ամերիկյան օգնության ասոցացիայի պատվին: Չնայած Արմելլին անվան ակնհայտ հայկական իմաստին, աստերոիդի կապը հայկականության հետ, խիստ անհավանական է: Իտալիայում հայտնի են Արմելլինի ազգանունով մի շարք հայտնի գործիչներ:
Նշանավոր հայերի եւ հայազգի գարծիչների անուններով աստերոդների թիվը գերազանցում է երկու տասնյակը։ Այստեղ կներկայացնենք նրանցից առավել հայտնիները։
Այվազովսկի՝ կարգաթիվը՝ 3787։ Աստերոիդը կոչվել է աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու (Հայվազյանց) անունով։ Աստերոիդը հայտնաբերել է Ն. Չեռնիխը 11.09.1911-ին՝ Նաուչնիում:
Անահիտ՝ կարգաթիվը՝ 270։ Աստերոիդը կոչվել է հայոց մայր դիցուհու անունով։ Աստղակերպը (աստերոիդը) հայտնաբերել է Ք. Պետերսը 08.10.1887-ին՝ Լիտչֆիլդի աստղադիտարանում:
Գարիկիսրայելյան (Garikisraelian), կարգաթիվը՝ 21057։ Աստերոիդը կոչվել է իսպանահայ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի անունով։ Աստերոիդը 2016թ. հունիսի 20-ին Միջազգային աստղագիտական միության եւ Փոքր մոլորակների կենտրոնի առաջարկով թիվ 21057 աստերոիդը (1991 GJ8) կոչվել է Գարիկ Իսրաելյանի անունով:
Համբարձումյան` կարգաթիվը` 1905։ Համբարձումյան աստերոիդը հայտնաբերել է Ղրիմի աստղադիտարանի գիտաշխատող Տ. Մ. Սմիռնովան (այլ տվյալներով՝ Ն. Ս. Չեռնիխը)՝ 1972 թ. մայիսի 14-ին: Այն կոչվել է աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի անունով:
Մարիետա՝ կարգաթիվը` 2144։ Աստերոիդը 1975թ. հունվարի 18-ին, Ղրիմի աստղադիտարանում հայտնաբերել է Լ. Ի. Չերնիխը: Աստերոիդը կոչվել է ի պատիվ խորհրդահայ ռուսագիր գրող Մարիետա Շահինյանի:
Շավարշ՝ կարգաթիվը՝ 3027։ Աստերոիդը կոչվել է ստորջրյա լողի աշխարհի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի անունով։ Նա եղել է 3-րդ մարզիկն աշխարհում, ով 1985-ին արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ֆեր-փլեյ» («Արդարացի խաղ») մրցանակին: 1975-ին նա 22 մադու կյանք է փրկել` նրանց հանելով Երեւանյան լճում վթարի ենթարկված տրոլեյբուսից։ Աստերոիդը Ղրիմի աստղադիտարանում 1978 թ. օգոստոսի 8-ին հայտնաբերել է Ն. Ս. Չերնիխը:
Սուվորով՝ կարգաթիվը՝ 248։ Աստերոիդը կոչվել է ռուսական հայազգի նշանավոր զորավար, գեներալիսիմուս, ռազմական տեսաբան Ալեքսանդր Վասիլեւիչ Սուվորովի (Վասիլի Իվանովիչ Սուվորովի եւ հայուհի Եվդոկիա (Ավդոտյա) Թադեւոսի Մանուկովայի որդին։ Մինչ օրս Ավդոտյայի գերեզմանը կանգուն է Մոսկվայի հայկական գերեզմանատանը) անունով, ով անպարտելի է եղել իր մասնակցած բոլոր մեծ ճակատամարտերում: Աստերոիդը Ղրիմի աստղադիտարանում 1975 թ. հուլիսի 11-ին հայտնաբերել է Լյուդմիլա Չերնիխը:
Վելիմիր՝ կարգաթիվ 3112։ Աստղակերպը կոչվել է հայազգի ռուս նշանավոր բանաստեղծ եւ արձակագիր, ռուսական ֆուտուրիզմի հիմնադիրներից ու ավանգարդիզմի առաջնորդներից մեկի՝ Վ. Վ. Խլեբնիկովի (Հալաբով) անունով: Իր ծագման մասին Վ․ Խլեբնիկովը գրել է․ “Իմ երակներում կա հայկական արյուն (Հալաբովները)” (В. Хлебников, “Проза”, Москва, 1990, стр. 3։ «Վ․ Վ․ Խլեբնիկով, Ինքնակենսագրական նշում». արխիվացված օրիգինալից 2012.10.21-ին, վերցված է 2012.11.09-ին)։ Աստերոիդը 22.08.1977-ին հայտնաբերել է խորհրդային աստղագետ Ն. Ս. Չերնիխը:
Քեմուրջիան՝ կարգաթիվը 5933։ Աստղակերպը կոչվել է հայազգի խորհրդային նշանավոր ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Լեւոնի Քեմուրջիանի (Քեմուրջյան) անունով։ Աստերոիդը հայտնաբերել է Նիկոլայ Չերնիխը 26.08.1976-ին, Ղրիմի աստղադիտարանում։
Օկուջավա՝ կարգաթիվը՝ 3149։ Աստղակերպը կոչվել է հայազգի բարդ Բուլատ Օկուջավայի անունով (վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի եւ հայուհի Աշխեն Ստեփանի Նալբանդյանի որդին)։ Աստերոիդը Բ. Օկուջավայի անունով է կոչվել 1988-ին, այն Կլետի աստղադիտարանում առաջին անգամ 1981թ. սեպտեմբերի 22-ին հայտնաբերել է Զդենկա Վավրովան:
Գագիկ Պ. ԱՐԾՐՈւՆԻ