Համակարգային խախտումներով «մրցակցային» ընտրություններ
Thu, 01 Oct 2026 17:15:21 +0400
Թվում էր, թե ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ պաշտոնական զեկույցի վերջնական տարբերակը մի օր կքննարկվի ու մոռացության կմատնվի, որովհետեւ այն անցյալի մասին է, ինչը փոփոխության ենթակա չէ: Ուրիշ հարց, որ զեկույցի ուսումնասիրությունը կարող է նպաստել, որ ապագայում չկրկնվեն նույն սխալները: Բայց քննարկումը շարունակվում է, եւ դրա պատճառն այն է, որ ընդդիմությունը չունի միասնական հետազոտական կենտրոն, որտեղ կարող էր կատարվել այդ աշխատանքը, եւ տարբեր ուժերի (քաղաքական, հասարակական եւ այլն) վերլուծաբանների միասնական աշխատանքը կարող էր հանգեցնել այդ ուժերի միասնական մասնակցությանը 2031-ի խորհրդարանական ընտրություններին, եթե, իհարկե, մինչ այդ դեռեւս գոյություն ունենա հայկական պետությունը:
Եվ քանի որ շարունակվում են ԵԽԽՎ զեկույցի քննարկումները, ես էլ մասնակցեմ դրան՝ հիմնվելով սոցհարցումների ու դիտորդության իմ նախկին փորձառության վրա: Համաձայն զեկույցի, դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին դիտարկել է ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունը, եւ նշել են, որ իրենց դիտարկած տեղամասերի 44 տոկոսում արձանագրվել են ընտրախախտումներ։ Ինձ հետաքրքրեց, թե եվրոպական մտածողությամբ որքան է կազմում «ճնշող մեծամասնություն» կոչվածը, քանի որ դիտորդական առաքելության զեկույցներում օգտագործվում են կոնկրետ թվեր, իսկ այս դեպքում ձեւակերպումն անորոշ է, ինչը, կարծում էի, թե գիտակցված է արվել, որպեսզի չերեւա, թե կոնկրետ ինչքան է կազմում 44 տոկոս կոչվածը: Որովհետեւ, եթե եվրոպացիներն այցելեին, ասենք, 100 ընտրատեղամաս, կստացվեր, որ 44-ում ընտրախախտումներ են եղել: Իսկ ընդհանուր 2005-ի պարագայում 44-ը թիվ չի կազմում: Բայց եթե «ճնշող մեծամասնությունը» կազմեր, ասենք, ընդհանուրի 80 եւ ավելի տոկոսը, ապա այդ դեպքում այն լուրջ քանակ (1604 +) կկազմեր:
Այդ հարցը տվեցի ԱԲ-ին ու ստացա ավելի քան զարմանալի պատասխան: Նախ՝ ««ճնշող մեծամասնություն» (անգլերեն՝ overwhelming majority) հասկացությունը եվրոպական քաղաքական-իրավական, վիճակագրական-սոցիոլոգիական եւ ընտրական (դիտորդական առաքելությունների առումով) համատեքստն ունի թե՛ մաթեմատիկական, թե՛ որակական ընկալում»։ Եվրոպական մտածողությամբ ու չափանիշներով՝ ճնշող մեծամասնություն է համարվում 75-90 տոկոս եւ ավելի ցուցանիշը։ Ճշտող հարցին պատասխան ստացա, որ դիտորդներն այցելել են 1906 ընտրատեղամաս 2005-ից, այսինքն` ամբողջի ավելի քան 95 տոկոսը: Դա այն մակարդակն է, որի դեպքում վիճակագրական սխալը հասնում է նվազագույն (±2) ցուցանիշի, գործնականում հավասարվում է զրոյի: Այդ պարագայում դիտորդական արդյունքները դառնում են առավելագույնս ճշգրիտ։ Իսկ 1906 ընտրատեղամաս այցելության պարագայում 44%-ը կազմում է 2005 ընտրատեղամաս կազմող ամբողջի 41.8 %-ը կամ 838 ընտրատեղամաս: Ու այդ դեպքում իշխանությունը չի կարող արդարանալ, թե խախտումները եղել են ոչ թե համակարգային, այլ՝ առանձին հանձնաժողովների վատ աշխատանքի արդյունք: 838 թիվը խոսում է հենց համակարգային խնդիրների մասին:
Հաշվի առնելով, որ եվրոպական դիտոդները, ըստ զեկույցի, քվեաթերթիկների հաշվառման ընթացքում ներկա են եղել 350 ընտրատեղամասում, ապա առնվազն այդքան անձ էլ օրվա ընթացքում շրջել է տարբեր ընտրատեղամասերով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն այցելել է միջինը 5-6 տեղամաս: Ենթադրում եմ, որ դիտորդները յուրաքանչյուր ընտրատեղամասում մնացել են 15-30 րոպե: Հիմա պատկերացրեք, թե որքան ընտրախախտում կարձանագրեին, եթե յուրաքանչյուրում մնային 1-2 ժամ, ինչը, իհարկե, տեխնիկապես անհնար է՝ հաշվի առնելով մի տեղամասից մյուսը տեղաշարժվելու ժամանակահատվածը: Եվ, չնայած դրան, ընտրությունները գնահատվել են որպես օրինական, տեխնիկապես լավ կազմակերպված եւ անգամ՝ մրցակցային, չնայած հենց զեկույցի բովանդակությունից պարզ է դառնում իրականում դրանց ոչ մրցակցային բնույթը:
Ինչեւէ, եթե ամբողջի հաշվարկով 41.8 %-անոց կամ 2005-ից 838-ում ընտրախախտման երեւույթ արձանագրվեր նախկինների օրոք, ապա ԵԽԽՎ-ն ընտրությունները, վստահաբար, կհամարեր տապալված: Բայց սա արդեն որերորդ դեպքն է, երբ Եվրոպան ՀՀ իշխանությանը վերաբերվում է ճիշտ նույն կերպ, ինչ նախորդ դարում ամերիկյան ղեկավարությունը մեկ այլ նմանատիպ իշխանությանը: Հիշեցնեմ․ «Սոմոսան կարող է եւ շան որդի է (սրիկա), բայց նա մեր շան որդին է» (բնագրում՝ Somoza may be a son of a bitch, but he’s our son of a bitch):