Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ
Fri, 02 Oct 2026 12:14:39 +0400
Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպը կրկին ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի սահմանների պաշտպանության և քաղաքացիների անվտանգության հարցերը։ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ դեպքը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններից հասարակության համար դեռևս անհրաժեշտ է ստանալ մի շարք կարևոր և ամբողջական պարզաբանումներ։
Ըստ նրա՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը, հասել հայկական բնակավայր և զինված հարձակում իրականացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Այս հանգամանքը, նրա դիտարկմամբ, լուրջ հարցեր է առաջացնում սահմանային վերահսկողության և բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ։
«Օրվա իշխանությունները ասում էին և շարունակում են պնդել, թե Արցախը հանձնեցին՝ Հայաստանը «փրկելու», սահմանները խաղաղեցնելու և «խաղաղության դարաշրջան» բերելու համար։
Բայց որտե՞ղ է այդ խաղաղությունը։
Համենայն դեպս ես վստահ եմ, որ Արցախը հանձնած նիկոլները նույնիսկ ունակ չեն հասարակությանը տալ ամբողջական և հրապարակային պարզաբանում՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել ՀՀ սահմանը, հասել բնակավայր և զինված հարձակում իրականացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։
Ունակ չէ անհապաղ ուժեղացնել սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի նման ներթափանցման և հարձակման կրկնության հնարավորություն չլինի։
Ունակ չէ ադրբեջանական կողմին ներկայացնելու հստակ պահանջ՝ ապահովել նման դեպքերի բացառումը։
Եվ կարևորը՝ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այս միջադեպը կապել Ադրբեջանում պահվող հայերի հարցի հետ և պահանջել մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը։ Պետք է օրակարգ բերի փոխանակման հստակ մեխանիզմը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Միանգամայն հստակ է, որ տեղի ունեցածը սահմանային միջադեպի հարց չէ։
Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության և պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու կարողության հարց է։
Ոչ թե լռություն, ոչ թե հերթական հայտարարություն, այլ՝ անվտանգություն, պատասխանատվություն և մեր հայրենակիցների վերադարձի համար կոնկրետ գործողություններ»,- նշել է նա։